19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմնական թեկնածուն, որը ծրագրեր է ներկայացնում Հրանտ Բագրատյանն է

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի համոզմամբ` նախագահական ընտրություններում միակ թեկնածուն, ով հանդես է գալիս կոնկրետ նախընտրական ծրագրերով, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:

‘’Ես հետեւում եմ ընտրարշավին եւ տեսնում եմ, որ հիմնական թեկնածուն, որը ծրագրեր է ներկայացնում այս ընտրարշավում, Հրանտ Բագրատյանն է , որը որոշել է, որ ոչ թե ընդհանուր բաներ է խոսելու, այլ  կոնկրետ հաշվարկներ ներկայացնելու: Եթե հետեւեք էկրաններին, կտեսնեք, որ մասնակիցների աչքերում հետաքրքրություն կա’’,-ասել է Բորիս Նավասարդյանը:

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի քաղաքական էլիտան է կարծիք ստեղծել, որ հասարակությանը ծրագրերը չեն հետաքրքրում եւ հարկավոր են միայն գեղեցիկ խոսքեր եւ ընդհանուր խոստումներ, բայց ոչ մանրամասն ծրագրերի ներկայացում:

Բորիս Նավասարդյանի համոզմամբ,  նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղիղ եթերով հեռուստաբանավեճեր կազմակերպելու Երեւանի մամուլի ակումբի առաջարկած մեխանիզմը հնարավորություն կտա հանրությանը` ծանոթանալ թեկնածուների ծրագրերին ու անելիքներին:

Փաստելով, որ քաղաքական բանավեճի ինստիտուտն այսօր կայացած չէ Հայաստանում, Բորիս Նավասարդյանը նշում է, որ առաջարկվող տարբերակը իրատեսական է, ավելին, նման ձեւաչափ գործել է նաեւ 2009 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությունների շրջանում. ’’ Մնում է, որ եւ քաղաքական ուժերը, եւ ԶԼՄ-ները աջակցեն’’:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Ֆարմանյան-Վլադիմիր Կարապետյան բանավեճի անհաջող օրինակին, որը քաղաքական բանավեճը  փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխեց, Բորիս Նավասարդյանն ասաց, որ տվյալ դեպքում գործ ունենք բանավեճի կանոնների խախտման հետ : Նրա խոսքով, հակառակ օրինակը եւս կա.

’’Գոնե այս ընտրարշավից առաջ օրինակը ցույց տվեցին Դավիթ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը’’:

Դիտարկմանը, որ գործող նախագահին մի քանի առաջարկներ են եղել բանավիճելու, որոնք այդպես էլ չեն ընդունվել, Բորիս Նավասարդյանն ասաց.’’Մենք հասկանում ենք, որ գլխավոր դերակատարը պատրաստ չէ մասնակցել որեւէ  բանավեճի, միգուցե եթե լինի երկրորդ փուլ, երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուի հետ բանավիճի’’:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր գործող նախագահին բանավեճի հրավիրել:

Նա նկատեց, որ մի քանի այլ թեկնածուներ նույնպես արտահայտել են կարծիքներ, որ կբանավիճեն միայն գործող նախագահի հետ: Այս պայմաններում, իհարկե, առաջին դեմքերով բանավեճ կազմակերպելը բարդ է լինում, ուստի առաջարկվում է նրանց ներկայացուցիչների միջոցով հանրությանը ծանոթացնել ծրագրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ