19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես Հիսուս Քրիստոսի դիմանկարը հայտնվեց Աբգար թագավորի մոտ

Աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Սուրբ Աբգարը՝ որդին էր պարթև Արշակունի Արշամի: Նա թագավորել է Օսրոյենե կոչվող երկրամասում, որի մայրաքաղաքը Եդեսիան էր (այժմ՝ Ուրֆա), ուր հավասարաչափ թվով ապրում էին հայեր և ասորիներ: Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած այս երկրամասը Տիգրան Մեծը կցել է Հայաստանին և իր նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը, կառուցել հենց այս վայրում:

Աբգար թագավորը ժամանակակիցն է եղել Հիսուս Քրիստոսի: Նրա թագավորության առաջին տարում ծնվեց թագավորների թագավորը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

Աբգար թագավորը տառապում էր անբուժելի հիվանդությամբ՝ բորոտությամբ: Լսելով Հիսուսի սքանչելի հրաշագործությունների մասին՝ անմիջապես հավատաց, որ միայն Նա կարող է բուժել իր հիվանդությունը: Ուստի հավատի նամակ գրեց Հիսուսին, որում ասվում էր. «Աբգար Արշամի որդի, աշխարհի իշխան, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջո՛ւյն: Լսեմ եմ Քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի ու արմատների:

Որովհետև ինչպես ասում են Դու կույրերին տեսողություն ես տալիս, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներն ու դևերը վանում ես և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, ասում են Դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրի, որ Դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես, կամ Աստծո Որդին կլինես, որ այդ անում ես: Այդ պատճառով Քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ, բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է» (Մովսես Խորենացի, Հայոց պատմություն):

Աբգարի սուրհանդակն ու քարտուղարը՝ Անանիան, Երուսաղեմում գտնում է Հիսուսին և հանձնում նամակն ու մեծագին ընծաներ: Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին՝ գրված Թովմաս առաքյալի ձեռքով.

«Երանի՜ նրան, ով առանց տեսնելու կհավատա Ինձ, որովհետև գրված է. Ինձ տեսնողները պիտի չհավատան Ինձ, բայց նրանք, որ չեն տեսել Ինձ՝ պիտի հավատան և հավիտյան պիտի ապրեն …»: Ապա նամակի շարունակության մեջ Հիսուս հաստատում է, որ Ինքը չի կարող գալ, սակայն Իր համբարձումից հետո Իր աշակերտներից մեկին պիտի ուղարկի՝ նրան բժշկելու համար:

Անանիան պատասխան նամակի հետ թագավորին է բերում նաև Փրկչի պատկերը, որը պատմության մեջ հայտնի է «անձեռակերտ դաստառակ» անունով:

Քրիստոսի համբարձումից հետո Նրա առաքյալներից մեկը՝ Սբ. Թադեոսը, եկավ Եդեսիա, բժշկեց Աբգարին և քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին՝ ազատորեն քարոզելով Ավետարանը: Ողջ քաղաքը հավատաց Քրիստոսին, դարձի եկավ, հրաժարվեց կռապաշտությունից և մկրտվեց: Կուռքերի տաճարների դռները փակեցին: Առանց դժվարության հավատացյալների թիվը օրըստօրե աճում էր: Սբ. Թադեոս առաքյալը Եդեսիայում իր քարոզությունը ավարտելուց հետո քաղաքի եպիսկոպոս ձեռնադրեց կերպասագործ Ադդեին, ապա ուղևորվեց Հայաստան՝ քարոզելու հայոց Սանատրուկ արքային:

Աղբյուրը՝ surbzoravor.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ