24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ մի թունավորեք… ոսկու ձուլարանը բարձրաստիճան պաշտոնյայինն է /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրի առաջ շարունակվում է Մեղրաձոր համայնքի բնակիչների բողոքի ակցիան`”Ոչ ցիանիդին”, “Հանուն մեր երեխաների”, “Փրկիր Մեղրաձորը” պաստառներով: Նրանք հանրապետության նախագահից պահանջում են խնդրի լուծում:

Մեղրաձորցիները մտահոգված են, որ ոսկու ձուլարանի կառուցումը բնապահպանական աղետ կլինի գյուղի համար: “Մեզ թունավորում են: Ակնկալում ենք, որ մի քիչ խիղճ պիտի ունենան, էդ խղճին մոտիկ բա՞ն է, տան կողմը 50-60 մետրի վրա ձուլարան սարքեն”,-Henaran.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց գյուղացիներից մեկը` Թաթուլ Կարապետյանը:

‘’Թունավորում են մեր օդը, դեմ ենք դրան, բոլորով, միայն մեր գյուղը չի` Մարմարիկ Աղավնաձոր, Արտավազդ, Փյունիկ, Հանքավան, մինչեւ անգամ` Ծաղկաձոր:  Փորձում են մարդկանց խաբել,  տեղադրել ոսկու ձուլարան, խնդրում ենք եւ պահանջում ենք` չթողնել մեզ թունավորել: Նախագահից ակնկալում ենք ամենալավը, գիտենք,  որ օգնելու ա մեզ, նախագահը տեղյակ չի կարծում եմ այս ամենից, իրեն ուրիշ բան են ներկայացրել, խաբում են , թե օգուտ ա, աշխատատեղ են բացելու’’,-ասաց մեղրաձորցի Արբակ Գրիգորյանը:

Նշենք, որ բողոքի ակցիային միացել էին նաեւ բնապահպանական ակտիվիստները եւ Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Նա Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Հայաստանի շատ վայրերում համատարած հանքերի բացման պրոցես է գնում: ”Խնդիրը նրանում է, որ այն տեխնոլոգիաները, որոնցով աշխատանքներ են տարվում, Եվրոպայում վաղուց հրաժարվել են դրանցից: Ցիանիդի միջոցով ոսկու կորզումը ամենաթունավոր տեխնոլոգիաներից մեկն է: Նման ձեւով շրջապատն ապականելն ուղղակի հանցագործություն է”,-նշեց բնապահպանը եւ հավելեց.”Այդ հանքավայրի սեփականատերը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին է”:

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ ասաց, որ գյուղացիների բողոքի այց ակցիան խոսում է Մեղրաձորի հասարակության զարթոնքի մասին, ինչն ըստ բնապահպանի հմեծ հաղթանակ է: Ակտիվիստը հավաստիացրեց, որ շարունակելու է մեղրաձորցիների հետ պայքարը:

Նշենք, որ մինչ ցուցարարները բողոքում էին նախագահական նստավայրի դիմաց, ներսում ՊՆ աշխատակիցների պարգեւատրման արարողություն էր: Մեղրաձորցիների ներկայացուցիչ` “Համայնք եւ իրավունք” ՀԿ նախագահ, իրավապաշտպան , մեղրաձորցի Սամվել Մկրտչյանը նախագահի աշխատակազմին է հանձնել  գյուղացիների դիմումը` 800 ից ավելի ստորագրություններով: 

”Մեղրաձորում ցիանիդի օգտագործմամբ ձուլարան կառուցելու հարցը քննարկումից դուրս է. սա մեղրաձորցիների պայմանն է: Վերեւում մեր պայմանավորվածությունը որն էր` հստակ դրվեց պայմանը` դադարեցնել ցիանիդի կորզման ֆաբրիկայի կառուցումը, լրացուցիչ քննարկման նյութ կդառնա բաց հանքի մշակումը, որն իրականացնում են ապօրինի ճանապարհով: Բացարձակապես դեմ չենք արտահայտվել ոսկու կորզման պրոցեսին, կարող են ավանդական ճանապարհով իրականացնել ընդերքից, սակայն ոչ այս եղանակով”,-ՀՀ նախագահի նստավայրից դուրս գալուց հետո գյուղացիներին հայտարարեց Սամվել Մկրտչյանը:

Նա նշեց, որ առաջիկայում Մեղրաձորում հավաք կկազմակերպվի, որտեղ վերը նշված խնդիրներն ավելի մանրմասնորեն կքննարկվեն: “Ոսկու կորզման ֆաբրիկան չի կառուցվելու Մեղրաձորում, մենք դրան տեր ենք լինելու, գնալու ենք մինչեւ վերջ: Մենք մեր պապերի գերեզմանը չենք վաճառելու, Մեղրաձորը չենք լքելու եւ թույլ չենք տալու, որ ամեն մի պատահական մարդ գա, ինչ ուզենա, անի Մեղրաձորում”,-համոզմունք հայտնեց Սամվել Մկրտչյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ