19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կան գործիչներ, որոնց համար քաղաքականությունը բիզնես է. ի՞նչ ճգնաժամ է ՀԱԿ-ում /վիդեո/

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը երեկ հայտարարել է, որ ժամանակին, երբ սկիզբ էին առնում ՀԱԿ-ԲՀԿ խաղերը եւ ի թիվս մի քանի այլ կուսակցությունների, իրենք անհամաձայնություն հայտնեցին այդ գծին, ներքին պայքարը ՀԱԿ-ում շատ բարդ էր:

Այսօր, երբ ՀԱԿ-ԲՀԿ խաղերն իրենց ‘’արդյունքը’’ տվին եւ երբեմնի ազդեցիկ ընդդիմադիր ուժը քաղաքական հիմնական գործընթացների լուսանցքում հայտնվեց, ՀԱԿ-ում կրկին ներքին պայքար է, որը ոչ միայն հասունացել է, այլեւ գնալով թեժանալու է:

Խոսքը Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու շուրջ ընթացող խմորումների եւ այն  մասին է, թե ի վերջո, ինչ կմնա ՀԱԿ-ից այս անգամ: Այս անգամ ո՞վ հաղթող դուրս կգա այդպայքարում :  Henaran.amը  ՀԱԿ-ում տիրող մթնոլորտի շուրջ զրուցել է Սոս Գիմիշյանի հետ:

-Անկախ ստեղծված իրավիճակից, մենք Հայ ազգային կոնգրեսի անդամ, հիմնադիր կուսակցություններից մեկն ենք: Սա առաջինը: Մինչեւ հիմա ամեն ինչ արել եմ եւ կշարունակեմ անել, որ Հայ ազգային կոնգրեսը պահպանվի: Իհարկե, միայն պահպանելն այսօրվա վիճակում անիմաստ գործ է: ՀԱԿ-ը լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի, մթնոլորտը պետք է առողջանա, կառավարման համակարգը փոխվի… բազմաթիվ են խնդիրները: Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը գնում է, եթե նա գնում է, ուրեմն նրա ներկայացուցիչն էլ հետն է գնում` համակարգողը:

Բազմաթիվ կուսակցություններ երկու-երեք տարի առաջ էլ էին բարձրացնում հարց, որ քաղխորհրդի նիստերը ռոտացիոն սկզբունքով կուսակցություններից մեկի նախագահը վարի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէ, իսկ ինքը վերջին  մեկ տարում համարյա չի եկել: Սա հնուց եկող հարց է:

Այս բարեփոխումները, առողջացման միտումները, եթե տեղի չունենան, այնտեղ մնալը շատ դժվար կլինի, որովհետեւ յուրաքանչյուր կուսակցության համար ամենակարեւորն է մեխանիզմ ունենալ` ընդունվող որոշումների վրա ազդել: Եթե ես չեմ կարողանալու ազդել ընդունվող որոշումների վրա, այնտեղ գտնվելը դառնում է լրիվ անիմաստ: Ինքնանպատակ չէ: Սա առաջին ճանապարհն է, կուզենայի, որ այս ճանապարհով գնայինք:

Երկրորդ ճանապարհը հետեւյալն է` կա Լեւոն Տեր-Պետրոսյան, կա ՀԱԿ, չկա Լեւոն Տեր-Պետրոսյան, չկա ՀԱԿ: Սա եւս քաղաքական իրողություն կարող է լինել: Եվ երրորդ ճանապարհը կա, ի վերջո, եթե բարեփոխումներ տեղի չունենան, այնտեղ կմնան 4-5 կուսակցություններ, որոնք կցանկանան միասնաբար դառնալ ՀԱԿ կուսակցություն եւ այսպես ասած, նախկին քաղաքական  ուժերը նոր անվան տակ հանդես կգան:

-Իսկ Ձեր նշած ճանապարհներից ո՞րն եք ավելի իրատեսական համարում ստեղծված իրավիճակում:

-Ես քիչ եմ հավատում, բայց դեռ չեմ կորցրել հավատս, որ առողջացման ճանապարհով կգնա, բայց ամենաքիչ հավանականը այդ  ճանապարհն եմ համարում, որովհետեւ գիտեք, քաղաքական մշակույթը արդեն Հայ ազգային կոնգրեսի ներսում այնպիսի  ծանր վիճակում է գտնվում …

Հանդուրժողականությունը այլ կարծիքի նկատմամբ … Պրոբլեմները շատ լուրջ են, դրա համար քիչ հույս ունեմ: Ճիշտ է, կանեմ, ինչքան կարող եմ, որոշ  ժամանակ եւս կփորձեմ, ընտրությունները կավարտվեն դրանից հետո կամ այս ընթացքում կանդրադառնանք: Համաձայն չեմ  շատ կարեւոր որոշումների` շարունակվում է այդ ուղին` Բարգավաճ-Դաշնակցության հետ, որին դեմ եմ եղել: Այդ ուղին ընտրելով` մենք զրկվեցինք ժողովրդից:

Տարիուկես առաջ, երբ մենք այս ուղին բռնեցինք Բարգավաճի հետ, մենք ժողովուրդ կորցրինք: Ժողովուրդը հասկացավ` ինքը իրեն ` ՀԱԿ-ին պետք չի: ՀԱԿ-ին պետք է Բարգավաճ Հայաստանը, իսկ Բարգավաճ  Հայաստանում ի՞նչ կա` փող, ուրիշ ոչ մի բան:

-Պարոն Գիմիշյան, Ձեր նշած խնդիրները, ճգնաժամը  ՀԱԿ-ում արդյո՞ք պայմանավորված չեն առաջնորդից կուռք սարքելու հանգամանքով: Գաղտնիք չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի   անձը որոշիչ նշանակություն ունի ՀԱԿ-ում, եւ Դուք էլ նշեցիք մոտեցումներից մեկը` կա Տեր-Պետրոսյան, կա ՀԱԿ, չկա` չկա:

-Ես այդ մոտեցմանը դեմ եմ, ես գտնում եմ, որ առաջնորդները գալիս, գնում են, իսկ քաղաքական ուժերը պետք է կենսունակ լինեն եւ կուզեի, որ ՀԱԿ-ը տասնյակ, հարյուր  տարիներ շարունակ ազդեցիկ ուժ  լիներ քաղաքական դաշտում: Այդպես է գործել Հնդկական ազգային կոնգրեսը, այդպես է եղել Հարավաֆրիկյան ազգային կոնգրեսի պարագան` տասնյակ տարիներ առաջնորդները եկել են, գնացել են…

Լավ կլիներ, որ էդպես լիներ: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձով էլ է պայմանավորված, բայց հիմնական պրոբլեմը հետեւյալն է: Եվ իշխանության մեջ, եւ ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնց համար քաղաքականությունը բիզնես է, եւ այդ մարդիկ  անձնական շահերից ելնելով` ձեւավորում են այդ իրավիճակը, իրենց կեցվածքը, իրենց  անձնական շահերն են դրդում իրենց այդ անհանդուրժողականությանը:

-Դուք ակնարկում եք ՀԱԿ համակարգողի՞ն, որի շուրջ է գոյացել խնդիրների թնջուկը:

-Բոլորին, ինձնից եմ սկսում, եւ իշխանության քաղաքական ուժերի շրջանակում, եւ ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնց  համար քաղաքականությունը բիզնես է: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ` անուններ չեմ տալու եւ դա կարեւոր չի: Այդ մարդկանց ազդեցությունը եւ իշխանության բացասականի եւ ընդդիմության բացասականի մեջ մեծ է:

Պարոն, Գիմիշյան,  Դուք նշեցիք, որ եթե Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ հեռանում է, նրա հետ պետք է հեռանա նաեւ համակարգողը:

-Այո, ինքնաբերաբար:

-Փաստորեն , այսօր ՀԱԿ-ում հասունացել է Լեւոն  Զուրաբյանի հեռացման հա՞րցը:

-Հեռացնելու խնդիր չկա: Լեւոն Զուրաբյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն է քաղխորհրդում, երբ նա բացակայում է: Երբ  նա բացակայում է,  իրեն լիազորվել է նիստ վարել, ընդամենը: Իհարկե, ինքն այդ լիազորությունների շրջանակից շատ հաճախ դուրս է գալիս, պարբերաբար իրեն հիշեցնում ենք իր դերը, բայց մարդը մշտապես դուրս է գալիս:

Կրկնում եմ, հեռացման խնդիր չկա, Լեւոն Տեր-Պետրոսյանը գնալով, իր ներկայացուցչին էլ իր հետ է  տանում, էստեղ հեռացնելու խնդիր չկա: Համակարգողի խնդիրը շատ երկրորդական է, համակարգողին կարող ենք կարգի հրավիրել, բացատրել, որ քո գործը նիստ վարելն է, նիստ վարի: Դա չի  ամենակարեւոր խնդիրը, մենք դրան մեծ դեր ենք ուզում տալ, չկա  այդպիսի դերակատարում:

– Իսկ փոխանորդի խնդի՞ր:

-Առաջնորդը մի օրում չի ձեւավորվում : Հայ ազգային կոնգրեսը, եթե կարողանա խթանել առողջացման պրոցեսները, եթե առողջանա, մի քանի տարի կգործի կոլեկտիվ կառավարում` 15 կուսակցությունների  նախագահները ռոտացիոն սկզբունքով  նիստ կվարեն: Երկու-երեք տարվա ընթացքում մեկն ի հայտ կգա, որը բոլորի կողմից ընկալելի առաջնորդ  կդառնա: Էնպես չէ, որ այսօր կնոպկա ենք սեղմում, մեկը  գնաց, մյուսը եկավ:

-Այդ ծիլերը տեսնո՞ւմ եք այսօր ՀԱԿ-ում:

-Եթե առողջացման  միտում լինի, մյուսը հեշտ է, եթե չլինի, անիմաստ է մյուսն ինձ համար:

 

Զրուցեց` Մարիաննա Ղահրամանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ