19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացումը:

Ըստ օրենսդրի ղեկավարի՝ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարթությունում եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում, մասնավորապես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:

Խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության որոշ անդամների ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ծավալած հակահայկական գործունեության վերաբերյալ: Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Այդ պատգամավորները, պաշտպանելով ադրբեջանական կողմի առաջադրած հակահայկական բանաձեւերը, նպաստում են Ադրբեջանի շարունակական քայլերին՝ ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու հարցում, ինչը վնասում է խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են ԼՂ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ ռազմական գործողությունները, սադրանքները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Պարոն Սահակյանի խոսքով՝ միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանն այդ հարցում մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նախարարը բարձր է գնահատել հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցությունը եւ նշել, որ դեռեւս չօգտագործված ներուժ կա տնտեսական համագործակցության ոլորտում: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում: «Խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է»,-ասել է նա:

Խոսելով ԵԽԽՎ-ում հունական պատվիրակության անդամների հակահայկական մոտեցումից՝ Փանոս Կամենոսը վստահեցրել է, որ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցի Հունաստանի իշխանություններին: Նա նշել է, որ Թուրքիան հսկայական նավթադոլարներ է ներդնում հասարակական կարծիք ձեւավորելու համար:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ