16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջրծաղիկից մահացած զինծառայողի գործով անփութություն ցուցաբերած բժիշկը նոր պաշտպան է պահանջել.Հայացք

2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի հետեւանքով ջրծաղիկ հիվանդությունից մահացած 18-ամյա ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով նիստը երեկ հետաձգվեց Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Բանն այն է, որ պաշտպանից հրաժարվեց գործով ամբաստանյալ բժիշկներից Մինաս Մկրտչյանը:

Նշենք, որ հայցվոր կողմը մեղադրում է հոսպիտալի բժիշկներին` Մինաս Մկրտչյանին եւ Միքայել Միքայելյանին անտարբերության մեջ, քանի որ զինծառայողը երկար ժամանակ մնացել է հոսպիտալում եւ նրա մոտ ջրծաղիկի նախանշաններ են եղել, մինչդեռ բժիշկները համապատասխան բուժում չեն կատարել, ինչի հետեւանքով, ըստ մահացածի իրավահաջորդի` Հայկի հոր, տղան ընկել է ցնցումների մեջ ու արդեն շատ ծանր վիճակում տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Այս գործով նախորդ նիստում դատարանում հարցաքննվել են 2 վկաներ` որպես փորձառու վարակաբաններ, որոնք ծանոթացել են տուժողի հիվանդության պատմությանը: Վկաները մանրամասն ներկայացնելով ջրծաղիկ հիվանդության բոլոր դրսեւորումները` նշել էին, որ մահացած զինծառայողի մոտ ջրծաղիկի նախանշաններ հայտնաբերելուց հետո լավ կլիներ նրան բուժել մասնագիտացված հիվանդանոցում, չնայած, ըստ մասնագետների, լինում են դեպքեր եւ ջրածաղիկն ընդամենը կարելի է բուժել մեզ բոլորիս հայտնի` «զելյոնկայով»:

Իսկ 18-ամյա տղայի մահվան համար, ինչպես գիտենք, հարազատները ոչ միայն հրամանատարին են մեղադրում, այլեւ ՀՀ ՊՆ զինվորական կենտրոնական հոսպիտալի 2 բժիշկների:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ նախաքննության մարմինը Հայկ Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրել է այնպիսի մեղադրանք, որը կարելի է գնահատել հովանավորչություն, քրեական գործի կոծկում: Ըստ այդմ` փաստաբան Մուշեղ Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջել է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով:

Զինծառայողի մահվան գործով մեղադրվող բժիշկների դատավարությունը կշարունակվի երկու շաբաթից: Դատավորը ժամանակ է տրամադրել Մինաս Մկրտչյանին պաշտպան գտնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ