25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցը Մեքսիկա

Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը  նշեց, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը եւ ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:

Հայաստանի եւ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատեցին սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին: Զրուցակիցները համակարծիք էին, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր փոխանակեցին  տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք հայտնեց անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձեւերի ընդունման կապակցությամբ` ընդգծելով, որ այդ բանաձեւերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը,  բացասաբար են ազդում նաեւ հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:

Արտգործնախարարը նաեւ ընդգծեց, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված Խոջալուի հուշարձանի տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաեւ ոչ միայն Մեքսիկայում, այլեւ նաեւ աշխարհով մեկ հնչած արձագանքներին` Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ:  Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ եւ պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ` նշելով, որ այդ ամենը բացասական  արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:

Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը` ընդգծելով, որ չնայած Հայաստանի եւ ի դեմս  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության,  հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ եւ տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները  փակուղի մտցնելու եւ տապալելու համար: Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատեց Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ