24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապարանցի անասնապահը խլել է ոստիկանի զենքը պատանդ վերցրել նրան . Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սևակ Իսպիրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 30-ամյա Սևակը ունի մտավոր առողջության խնդիրներ, նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Սևակը զբաղվել է անասնապահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում Ապարան-Երևան ջրագծի Քուչակի հատվածի ոստիկանության պահպանության ներքո գտնվող պահակետում ծառայական պարտականությունները կատարող ոստիկան, կոչումով սերժանտ Վ. Գևորգյանի վրա Սևակը դանակով հարձակում է կատարել՝ դանակը սեղմել է ոստիկանի որովայնին ու պահանջել է ատրճանակը, բայց հանդիպել է ոստիկանի դիմադրությամը:

Ապա Սևակը քաշքշուկի մեջ է մտել ոստիկանի հետ, վտանգավոր բռնություն գործադրել նրա նկատմամբ՝  նրա մարմնին հասցնելով հարվածներ, հափշտակել է նրա հաշվեցուցակային «Մակարով» ատրճանակը:

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Սևակը հրազեն ուղղել է ոստիկանի վրա, իր մոտ եղած պարանով կապել է ոստիկանի ձեռքերը, նրան տեղափոխել է պահակետ, պառկեցրել է հատակին ու այդ կերպ պատանդ է վերցրել նրան:

Որպես պատանդին ազատելու պայման՝ հարձակման ենթարկված ոստիկան Գևորգյանին օգնության հասած ոստիկան Նավասարդյանի միջոցով Սևակը  պահանջել է ոստիկանության Ապարանի բաժնի ղեկավարությունից, որ կալանքից ազատեն ու իր մոտ բերեն եղբորը, ով կալանքի տակ էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով հարուցված քրեական գործով:

Սակայն  տեսնելով, որ «իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանները շրջապատել են ու կարող են վնասազերծել իրեն», Սևակը տուժող ոստիկան Գևորգյանին թողել է պահակետում ու դիմել է փախուստի:

Ժամեր անց նա հանձնել է հափշտակած «Մակարով» ատրճանակը:

Ամբաստանյալը հայտնել է, թե եղբորը՝ Սամվելին կալանավորել էին մի դեպքով, որով ինքն էր տուժողին հարվածներ հասցրել, բայց բռնել էին իր եղբորը:

Եղբայրը, ըստ Սևակի, դարձել էր «իր զոհը», նրան կալանավորել էին իր փոխարեն, ինչը, իր կարծիքով՝ անարդարացի է: Ինքը բազմիցս դիմել էր իրավապահներին, որ հարցաքննեն ու ճշմարտությունը բացահայտեն, բայց իրեն չէին լսել, անվանել էին «գիժ»:

Մինչ այս դեպքը ինքը բարձրացել էր ոստիկանության Ապարանի բաժնի դիմացի քանդված շենքի կտուր ու ասել էր, թե իրեն կգցի, թող եղբորն ազատ արձակեն, իրեն դատեն:

Եկել էին փրկարարները, իրեն իջեցրել էին, բերել էին եղբորը, ինքը նրան տեսնելուց հետո հանգստացել ու գնացել էր տուն:

Սևակը հայտնել է, թե ինքն իրենց անասուններն արածեցնում է Քուչակ գյուղի հարակից դաշտերում: Տեղյակ է, որ այնտեղ ոստիկանության պահակետեր  կան: Հսկող ոստիկաններից շատերին ինքը ճանաչում է, գիտի, որ նրանք զինված են լինում:

Դեպքի օրը՝ արդեն մութ ժամի, ինքը կովերը դաշտից տուն է տարել, հետո որոշել է գնալ ոստիկանական պահակետ, զենք վերցնել ոստիկանից ու ինքնասպան լինել, քանի որ եղբայրը դարձել էր իր զոհը:

Ինքը գնացել է պահակակետ, բացել է դուռը, ոստիկանին շեղելու համար հարցրել է՝ իր կովերին չի՞ տեսել: Իր ձեռքին եղել է «ծալովի դանակ՝ փակ վիճակում, փայտ չի եղել»:

Չի կարող նկարագրել՝ ինչպես է մոտեցել ոստիկանին, ինչպես է զենքն ուզել՝ ինքը գտնվել է անգիտակից վիճակում: Հիշում է, որ ոստիկանը չէր ուզում զենքը տալ, ինքը նրան քաշքշել, խփել է: Իրենց քաշքշուկի ժամանակ պահակատանը շուռ է եկել հեռուստացույցը:

Պահակետից դուրս են եկել իրար քաշքշելով, երկուսով գետնին են ընկել: Ինքը քաշել է ոստիկանի գոտուց, այն պոկվել է, զենքն ընկել է գետնին՝ քարերի մեջ: Ինքը խլել է զենքը, ոստիկանը փորձել է փախչել՝ վախենալով, որ ինքը կկրակի: Այդ ընթացքում ինքն արդեն իր ձեռքից շպրտել էր դանակը, որը, հնարավոր է, շպրտելու ժամանակ բացվել է, քանի որ «բացման կոճակը թույլ է եղել»:

Երբ ինքը զենքը խլել է, ոստիկանը ենթարկվել է իր հրամաններին: Ինքն ասել է՝ կանգնի, նա կանգնել է, ասել է՝ պառկի, նա պառկել է: Տարել է առաջ՝ մեջքին զենքը պահած: Բայց ինքը նրան չի սպառնացել, թե կսպանի: Ոստիկանի զենքն իրեն հարկավոր է եղել, որ ինքնասպան լինի:

Հետո տուժողին բերել է պահակետ: Չի հիշում՝ իր մոտ ինչպես է հայտնվել «տուկի թելը», որով կապել է տուժողի ձեռքերն ու ոտքերը, նրան պառկեցրել է գետնին: Այդ ընթացքում ատրճանակը դրել է գետնին:

Երբ եկել է մյուս ոստիկանը, իրեն ասել է, որ չկրակի, ասել է՝ ամոթ է, ինչու եք կռվում:

Ինքն ասել է, թե կռիվ չեն անում, ինքն ուզում է իրեն սպանել, քանի որ ոստիկաններն անմեղ մարդ են բռնել:

Ինքը պահանջել է, որ զանգեն ոստիկանության «մեծերին» ու պահանջեն, որ ազատ արձակեն իր անմեղ եղբորը: Որոշ ժամանակ հետո եկել են ոստիկանները, իր հետ բանակցել են: Ինքը զենքը պահել է իր գլխին, ասել է՝ կկրակի, ինքնասպան կլինի, եթե իր անմեղ եղբորը չազատեն:

Իրեն խնդրել են, որ չկրակի: Ինքը լսել է իր հոր ձայնը, ով նույնպես խնդրել է, որ ինքը չկրակի: Ինքն այդ ժամանակ կրակոց չի արձակել: Ասել է տուժող Գևորգյանի տեղը, թույլ է տվել, որ նրան ազատեն: Ինքը այդ ժամանակ զենքը ձեռքին փախել է: Իր հետևից կրակոցներ է լսել, բայց չի հիշում՝ քանի անգամ: Սկզբում օդ են կրակել, ինքն էլ է օդ կրակել:

Ոստիկանն իրեն խեղճ ձևով խնդրել է չկրակել, չսպանել, ասել է, թե երեխաներ ունի, նրանց անտեր չթողնի: Ինքը նրան ասել է՝ «Եթե կա մեկը, որ պիտի մեռնի, ես եմ»:

Ինքը դաշտերով փախել է տուն, մորն ու հարսին ասել է, որ երեխաներին տանից դուրս բերեն, ցանկացել է զենքով ինքնասպան լինել, բայց իրենց տուն եկած ոստիկանները համոզել են իրեն ինքնասպան չլինել: Ու ինքը կամովին հանձնել է զենքը:

Ըստ ամբաստանյալի՝ ինքն այդ ամենը կատարել է հիվանդության պատճառով ու անգիտակից վիճակում: Որևէ մեկին սպանելու նպատակ չի ունեցել:  Ոչ մեկին պատանդ չի վերցրել: Դեպքի պահին չի գիտակցել, որ իրավունք չունի զենքը խլելու, այդ մասով զղջում է, խնդրում է, որ դատարանը իր նկատմամբ մեղմ վարվի…

Տուժող ոստիկան Գևորգյանը հայտնել է, թե դեպքի օրն ինքը հերթապահություն էր անում Քուչակի պահակետում: Հանկարծ շների հաչոց է լսել, դուրս է եկել, ոչինչ չի տեսել: Դուռը փակել է, բայց տեսել է, որ դռան բռնակը պտտվում է: Մտածել է՝ մարդ է եկել: Հետո տեսել է Սևակ Իսպիրյանին, ում ճանաչում է որպես այդ տարածքում անասուն արածեցնողի:

Նրան հարցրել է, թե այդ ժամին ի՞նչ գործ ունի այդտեղ: Նա հարցրել է՝ մեր անասուններին չե՞ս տեսել:  Ասել է՝ չէ: Այդ պահին զգացել է, որ Սևակը աջ ձեռքում պահած դանակը մոտեցրել է իր որովայնին, կպցրել է հագուստին ու պահանջել է իր զենքը՝ ատրճանակը:

Սևակը դանակով իրեն չի խփել: Ինքը հեռախոսով հասցրել է հարևան պահակետի ոստիկանին ասել՝ հասի՛:

Սևակին հարցրել է, թե նա զենքն ի՞նչ է անում: Նա ձեռքը գցել է զենքին, ասել է՝ զենքը կվերցնի ու կգնա:

Ինքը փորձել է համոզել նրան, որ հեռանա, բայց նա շարունակել է քաշել զենքից: Իրար հրելով՝ դուրս են եկել պահակետից: Ինքն ընկել  է փոսի մեջ՝ քարերի վրա, Սևակն էլ ընկել է իր վրա: Իր գլուխը դիպել է քարին, ինքը թուլացել է: Սևակը կարողացել է խլել զենքը…

Ինքը փորձել է փախչել պահակետ, որը մոտ տասը մետրի վրա էր: Սևակն իր հետևից կրակել է: Ինքը վախեցել ու ներս չի մտել, թաքնվել է քարերի հետևում: Այդ ժամանակ Սևակը կրակել է, կրակոցը դիպել է քարին, ինքը տեսել է կրակոցից արձակված կայծը…

Ինքը ենթարկվել է Սևակի հրամաններին՝ վախենալով, որ նա կկրակի: Նա իր ձեռքերը կապել է «տուկի թելով», իրեն մեջքի վրա պառկեցրել է:  Հետո եկել է հարևան պահակետի ոստիկան Նավասարդյանը: Սևակն ասել է. «Մոտիկ չգաս, եթե չես ուզում անմեղ արյուն թափվի… զանգի ձեր ջոջերին, թող գան…»:

Նա զենքը պահել է իր թիկունքին, քայլել են դեպի պահակետ: Այնտեղ նա իրեն ասել է՝ պառկի: Սպառնացել է, թե կսպանի: Ինքը խնդրել է նման բան չանել, ասել է, որ մեկ տարեկան երեխա ունի…

Ըստ տուժողի՝ Սևակը սկզբում ասել է՝ ինձ ու քեզ կխփեմ…

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ