20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրիստոնյաների ծածկագիր-խորհրդանիշը` ինչու ձուկ

Ինչպես հայտնի է, առաջին դարում Հռոմեական կայսրությունում քրիստոնյաները իրենց հավատքի համար բազմաթիվ հալածանքների էին ենթարկվում: Նրանք գաղտնի էին հավաքվում, քարոզում Ավետարանը: Այս պայմաններում հնարավոր չէր ոչ միայն բացահայտ ներկայանալ իբրև քրիստոնյա, այլ նաև խոսել հավատի մասին:

Այդ պատճառով նորադարձ քրիստոնյաները սկսեցին օգտագործել ծածկագիր-խորհրդանշաններ, որպեսզի միմյանց գտնեին և ճանաչեին: Եվ որպեսզի իրար հայտնեին այն վայրը, որտեղ հավաքվում էին, քրիստոնյաները օգտագործում էին ձկան պատկերը: Քարերի վրա, հրապարակներում, մարդաշատ վայրերում, աղբյուրների մոտ պատկերված այդ նշանը օգնում էր տարբեր վայրերից եկած քրիստոնյաներին հասկանալ, թե որտեղ են հավաքվում իրենց հոգևոր եղբայրները:

Ձկան պատկերը նորադարձների հավատքի լռելյայն դավանությունն էր, նրանց խորհրդանիշը, որով տարբերվում էին հեթանոսներից և անհավատներից: Այն պատկերում էին իրենց նամակների վրա, ժայռափոր` վիմափոր տաճարների, կատակոմբների (ստորերկրյա անցքեր`անձավներ), հագուստների և անգամ սպասքի վրա: Ինչպես որ հիմա մենք մեր պարանոցին խաչ ենք կրում, այն ժամանակ էլ նրանք` ապակե, սադափե կամ քարե ձկներ:

Նման ծածկագիտության մի օրինակ է բերում լեհ գրող Հենրիկ Սենկևիչը իր «Յո՞ երթաս» գրքում: Վեպը սկսվում է նրանով, որ հայտնի մի հռոմեացի սիրահարվում է երիտասարդ, գեղեցիկ, քրիստոնյա աղջկա: Նա պատմում է, թե ինչպես հանդիպեց այդ աղջկան, որն ավազի վրա ինչ-որ բան էր գծում.

-Իսկ ի՞նչ գծագրեց նա ավազի վրա: Արդյոք Ամուրի անունը չէ՞ր, նրա սլաքով ծակված սիրտը չէ՞ր կամ մի այսօրինակ բան, որից կարող էիր հասկանալ, որ սատիրները (Դիոնիսոսի ուղեկիցներն էին և հեշտասեր ու սանձարձակ կյանքի ոգիներ, ծույլ և աշխատանքից փախչող, երաժշտության, սիրո և գինու անձնատուր եղած, սիրում էին նիմֆաների ընկերությունը և նրանց հետ թափառում էին անտառներում, պարում ու ձանձրացնում իրենց սիրով: Ունեին այծի կերպարանք, մարդուն մի փոքր նմանեցրած կոպիտ և քմահաճ դիմագծեր, այծի կամ ձիու պոչ) այդ հավերժահարսի ականջին կյանքի զանազան գաղտնիքներ են շշնջացել արդեն: Ինչպե՞ս կարելի էր չնայել այն նշաններին:

-Ես այդ ինքս էլ գիտեի,-ասաց Վինիկիոսը,-փոքրիկ Ավլոսի գալուց առաջ ուշադրությամբ նայում էի այդ նշաններին: Ինքս էլ գիտեմ, որ թե՛ Հունաստանում, թե՛ Հռոմում շատ անգամ աղջիկներն ավազների վրա գծագրում են խոստովանանքներ, որ նրանց շրթունքները չեն կամենում արտասանել…Բայց իմացիր` ի՛նչ էր գծածը:

-Եթե մի ուրիշ բան, քան ենթադրում էի, չեմ իմանա:

-Ձուկ:

Աղջիկը քրիստոնյա էր, և այդ նկարը նա պատահական չէր գծել:

Ինչո՞ւ հատկապես ձուկ, ի՞նչ է այն խորհրդանշում:

Ձուկը շատ կարևոր խորհրդանիշ է քրիստոնեության մեջ:

Դա հապավում-արտահայտություն է: Այս կոդավորված խորհրդանիշը շատ կարևոր է եղել վաղ քրիստոնեության մեջ, քանի որ առաջին քրիստոնյաներին հետապնդում էին, և նրանք այդ խորհրդանշանով կարողանում էին տարբերակել «ընկերոջը թշնամուց» և պաշտպանվել հակառակորդի լրտեսներից, որոնք ձգտում էին գաղտնի սողոսկել քրիստոնյաների հավաքատեղիները, իսկ հետո էլ նրանց հանձնել հռոմեական իշխանություններին` մահապատժի:

Հիմնական և գլխավոր պատճառը այս խորհրդանիշի նշանակության կայանում է հինգ տառերի ծածկագրից, որոնք հինգ բառերի սկզբնատառերն են հունարեն լեզվում և կազմում են ձուկ բառը (IXΘΥΣ): Այս բառի մեջ առաջին քրիստոնյաները տեսել են գաղտնի ակրոստիքոս, նախադասության բառերի առաջին տառերից կազմված` քրիստոնեական հավատքի դավանանքի արտահայտությունը: Առաջին դարում հռոմեական լայնածավալ կայսրության մեջ հաղորդակցվելու հիմնական լեզուն հունարենն էր: Այդ իսկ պատճառով էլ Նոր Կտակարանի գրքերի հեղինակները գրել են հունարենով: Իսկ հունարենում IXΘΥΣ-ձուկ բառը կազմված է հետևյալ հինգ բառերի սկզբնատառերից.

I-Іησουç–Հիսուս

χ-χριστοç–Քրիստոս

θ-θεου–Աստծո

Υ-υιοç–Որդի

Σ- Σωτηρ – Փրկիչ:

Եթե հունարեն այս բառերի սկզբնատառերը միացնենք իրար, ապա կստացվի IXΘΥΣ, այսինքն` «ձուկ»: Ձկան անվան տակ գաղտնի հասկանում էին Հիսուս: Ուրեմն ձուկը առաջին հերթին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին:

Սակայն միայն սա չէ պատճառը, որ ձկան պատկերը դարձավ քրիստոնյաների խորհրդանշան: Ձկան խորհրդանիշի այս գլխավոր նշանակությունից էլ բխում են մյուսները: Նոր Կտակարանում ձկան խորհրդանիշը կապվում է քարոզելու հետ: Հիսուս Իր առաքյալներին, որ ձկնորսներ էին, կոչեց «մարդկանց որսորդներ» (Մատթեոս 4:19, Մարկոս 1:17):

Ձուկը խորհրդանշում է քրիստոնյաներին, բազմաթիվ ձկներով ուռկանները խորհրդանշում է Երկնային Արքայությունը (Մատթեոս 13:47): Աստվածաշնչում ձկան, ձկնորսության վերաբերյալ բազում ակնարկներ կան: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալներից Պետրոսը և Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը ձկնորսներ էին:

Մատթեոսի և Մարկոսի ավետարաններում կարդում ենք, որ Պետրոս և Անդրեաս առաքյալներին Հիսուս խոստացավ դարձնել «մարդկանց որսորդներ» (Մատթեոս 4:19, Մարկոս 1:17): Ձուկը բարի պարգևներից մեկն է. «Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին եթե հաց ուզի, նա քար տա նրան, կամ ձուկ խնդրի, և նա օձ տա նրան:

Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, ապա ձեր երկնավոր Հայրը որքան ավելի լավ պարգևներ կտա նրանց, որոնք դիմում են իրեն» (Մատթեոս 7:9-11): Հիսուս Քրիստոս մի դեպքում` չորս հազար, մյուս դեպքում հինգ հազար մարդկանց կերակրեց հացով և ձկով (Մատթեոս 15:32-38, Մատթեոս 14:13-21): Հիսուս երբ հարությունից հետո երևաց Իր աշակերտներին, ասաց նրանց. «…Ուտելու բան ունե՞ք այստեղ: Նրանք տվեցին Նրան խորոված ձկան մի կտոր և մեղրախորիսխ» (Ղուկաս 24:41-42):

Ձուկը նաև պտղաբերության, արգասավորության խորհրդանիշն է: Յուրաքանչյուր ձուկ հսկայական սերունդ է տալիս: Ինչպես և առաքյալները թվով քիչ էին, բայց ողջ աշխարհով մեկ տարածեցին քրիստոնեությունը և ունեցան միլիարդավոր հետևորդներ:

Ավետարանական պատկերներում, մասնավորապես մկրտության պատկերում Հորդանանի մեջ պատկերվում են ձկներ, որոնք խորհրդանշում են մարդկանց փրկագնված հոգիները («Ավետարանական պատկերներ, 1993թ., հեղինակ-կազմողներ` Կարեն Մաթևոսյան, Ավետ Ավետիսյան»):

Ձկան վերաբերյալ կարող ենք կարդալ Մատթեոս 15:34, Հովհաննես 21:3-9 և Աստվածաշնչի շատ այլ էջերում:

Ձուկը մկրտության խորհրդանիշն է նաև: Ձկան սիմվոլիկան, պարզվում է, կապված է Մկրտության խորհրդի հետ: Ինչպես ասում է Ընդհանրական եկեղեցու հայրերից Տերտուղիանոսը (155-212). «Մենք ձկներ ենք և չենք կարող փրկվել այլ կերպ, եթե ոչ ջրում», – այսինքն Մկրտության միջոցով: Դա կարևոր և առաջին քրիստոնյաների կողմից հաճախակի կիրառվող խորհրդանշան է: Ձուկը նրանց համար, առաջին հերթին, ջրից վերածննդի` Սբ. Մկրտության խորհրդանիշն էր: Ջրամբարը, ուր տեղի էր ունենում Մկրտությունը, լատիներեն կոչվում էր ‹piscina› («պիսցինա»), որ նշանակում է` ձկների լողավազան: Իսկ նա, ով ընկղմվում էր նրա մեջ Մկրտության ժամանակ, կոչվում էր ձուկ, հունարեն` ihtis:

Տերտուղիանոսը ապա շարունակում է. «Կենդանարար է մեր ջրի խորհուրդը, որովհետև նրանով, մեր երեկվա կուրության մեղքերը լվանալով, մենք ազատագրվում ենք հավիտենակա´ն կյանքի համար…Իսկ մենք, ձկնիկներս, հետևելով մեր «ձկան»` (ICHTHYS) Հիսուս Քրիստոսին, ծնվում ենք ջրում, պահպանում ենք կյանքը ոչ այլ կերպ, եթե ոչ մնալով ջրում»:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ