22 Ապրիլի, Երկուշաբթի, 2019

Հայերն ու թուրքերը կռիվ են արել՝ քավորից «շաբաշ» ուզելու պատճառով

sam_3644

1986 թ-ի փետրվարի 22-ը մեր ընտանիքի համար նշանակալի մի օր է, քանի որ հենց այդ օրն են ամուսնացել հայրս ու մայրս: Դեռ այն ժամանակ 24-ամյա հայրս 19-ամյա մորս տեսել էր իր հորաքրոջ ամուսնու մատնանշմամբ ու հավանել էր առաջին իսկ հայացքից: Այսպիսով՝ հանդիպել էին, ծանոթացել, նշանվել ու նշանակել հարսանիքի օրը՝ փետրվարի 22-ը, որը հետո ոչ միայն պետք է հիշվեր որպես ծնողներիս ամուսնության օր, այլ նաև որպես հայի ու ադրբեջանցու զանգվածային տուրուդմփոցի օր:

Հորս հայրը՝ պապս, 43 տարեկանում էր մահացել, երբ հայրս դեռ 17 տարեկան էր: Բայց պապս երազանք է ունեցել, որ տղային անպայման իր հայրական տանն է հարսանիք անելու: Այդպես էլ չհասցնելով իրականացնել երազանքը՝ երիտասարդ տարիքում մահացել էր: Տատս էլ, նպատակադրվելով կատարել ամուսնու երազանքը, հորս հարսանիքն իր ամուսնու հայրական գյուղում է իրականացրել՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանի Գյուլուբաղ գյուղում:

Մայրս ծնունդով Բագրատաշենից է, իսկ Բագրատաշենից դեպի մեր պապենական գյուղ՝ Գյուլուբաղ, մոտավորապես 20 կմ է: Հարսանիքի օրը, երբ հարսանքավոր մարդիկ մորս հայրական տնից դուրս են գալիս, որ ուղևորվեն դեպի Գյուլուբաղ, ճանապարհին արտառոց դեպք է տեղի ունենում:

Տեղի ժողովրդի ավանդույթի համաձայն՝ Գյուլուբաղին ու Բագարատշենին հարևան հայտնի Սադախլո (բոլորիս հայտնի Սադախլոյի շուկան) գյուղի մոտակայքում տեղաբնիկներից մի քանիսը հարսանիքի ավտոշարասյան առջևը պարանով փակում են: Եվ մինչ քավորը կշտապեր իջնել ավտոմեքնայից ու փող տար մարդկանց՝ ճանապարհը բացելու համար, հորս մեծ հորեղբայրը, ով մինչ այդ քնած էր ավտոմեքենայի մեջ, արթնանում է քնից ու՝ կարծելով, թե թուրքերը խոչընդոտում են հարսանիքի բնականոն ընթացքը, մի ապտակ է հասցնում տեղի թուրքերից մեկին: Երբ թուրքն ասում է, թե ինչո՞ւ է խփում, չէ՞ որ դա ավանդույթ է, հորս հորեղբայրը երկրորդ ապտակն է հասցնում: Այնուհետ թուրքն է ապտակում հորս հորեղբորը: Սրան հաջորդում է միմյանց քաշքշելը, հետո՝ հարսանքավոր մարդկանց խառնվելը կռվին ու իսկական մի ձեռնամարտ է սկսվում հայ հարսանքավորների ու տեղաբնակ թուրքերի միջև:

Կռիվն այնքան է թեժանում, որ հարսանքավոր ժողովրդի բոլոր տղամարդիկ սկսում են ծեծել թուրքերին, իսկ Սադախլոյի բնակիչ մյուս թուրքերը, տեսնելով իրենց գյուղացիների կռիվը հայերի հետ, գալիս են ու իրենք էլ են կռվի բռնվում: Կարելի է ասել՝ իսկական մի կռիվ է սկսվում, որն ավարտվում է մոտ 30 րոպե անց միայն, երբ տեղաբնակ տարեց թուրքերը հավաքվում են, իմանում եղելությունը, իրենց ժողովրդին հանդարտեցնում, հրահանգում հետ քաշվել, դադարեցնում կռիվը և հորս ու մորս էլ բարի բախտ մաղթելով՝ ճանապարհ դնում հարսանքավորներին:

Ծնողներիս հարսանյաց հանդեսից արդեն 29 տարի է անցել, բայց նրանք միշտ հիշում են դեպքն ու արդեն գծագրված ժպիտով՝ ասում. «Հայի ու թուրքի կռիվը մեր հարսանիքից սկսվեց»:

                                                                                                                         

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ