20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահի թեկնածուն ԿԸՀ-ից պահանջում է բոլոր ընտրացուցակները

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

նախագահ Տիգրան Մուկուչյանին.

 “Հարգելի պարոն Մուկուչյան,

Հայաստանում այսօր, ցավոք, ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում, ինչը հանգեցրել է հանրության մի զգալի մասի մոտ այն ոչ անհիմն համոզմունքի ձեւավորմանը, ըստ որի իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները: Ստեղծված պայմաններում այս խնդիրը կարող է լուծվել միայն հասարակության ու իշխանության միջեւ գործնական երկխոսության արդյունքում, այսինքն` վիճելի հարցերի վերաբերյալ քաղաքական փոխհամաձայնության հանգելու ճանապարհով:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մակարդակների ընտրությունների գործնական կազմակերպումը եւ ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանության ապահովումը ՀՀ ԿԸՀ-ի գործառույթն է, որպես առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու հարկ եմ համարում մտահոգությունս հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀ-ից արտագաղթած հարյուր հազարավոր ընտրողների քվեները կարող են տարբեր եղանակներով օգտագործվել ընտրակեղծարարների կողմից հօգուտ իրենց նախընտրած թեկնածուի: Նախկինում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում քվեարկած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ ներկայացված պաշտոնական ամփոփիչ տվյալները բացահայտորեն անարժանահավատ են եւ ամենապարզ հաշվարկներով առնվազն 400-500 հազարով գերազանցում են ՀՀ-ում փաստացիորեն մնացած ընտրողների քանակը: Այս առումով, համեմատաբար ճշմարիտ կարելի է համարել միայն 2012թ. տարեվերջին երկու ընտրատեղամասերում անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների վերաբերյալ թվային տվյալները, որոնց համաձայն դրանց մասնակցել էր գրանցված ընտրողների միջինը` մոտ երեսունհինգ տոկոսը: Առաջիկայում ընտրություններին իրականում մասնակցած ընտրողների թվի  վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու համար նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր`

– ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,

– ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,

– ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց

վերաբերյալ պաշտոնական վիճակագրական  տվյալները: Հասկանալի է, որ այդ տվյալները  բացարձակ ճշգրիտ լինել չեն կարող եւ կունենան սխալմունքի որոշակի չափ, սակայն,  անգամ մոտավոր տվյալների հրապարակումն արդեն որոշակիություն կմտցնի այս հարցում: Մեր գնահատմամ,բ երկու աշխատանքային շաբաթը բավարար  ժամանակ է համապատասխան տեղեկատվությունը  ստանալու համար, եթե նման հրահանգ տրվի` գյուղական բնակչության մասով գյուղապետերին, իսկ քաղաքային բնակչության մասով` շենքերի լիազորներին:

Իմ նախընտրական շտաբը եւս, հիմնվելով բաց շրջանառության մեջ գտնվող պաշտոնական եւ ոչ-պաշտոնական տվյալների վրա, ինքնուրույն կկատարի համապատասխան հաշվարկներ, որոնք եւ կներկայացվեն հանրությանը:

Այս կարեւոր եւ սկզբունքային հարցում Ձեր շահագրգիռ համագործակցության ակնկալիքով ու լավագույն մաղթանքներով,

 

 

Արման Մելիքյան

ՀՀ Նախագահի թեկնածու”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ