25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու Աստված չի պատասխանում մեր աղոթքին

«Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, հայցեցե՛ք և կգտնեք» (Մատթ. Է 7, Ղուկ. ԺԱ 9)
«Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» (Ղուկ. ԺԸ 1)
Աղոթքը մեր կյանքի անբաժանելի մասն է, մեր զրույցը Տիրոջ հետ: Աղոթել կարող ենք ամեն ժամի և ամենուր, քանզի «Աստված խոնարհեցնում է Իր ականջը` լսելու աղոթողի ձայնը» (Սաղմ. ԺԶ 6, Լ 3):

Սուրբ Հովհան Մանդակունին ասում է.
«Հարկ է, որ բոլոր նրանք, ովքեր ծանրացած են մեղքերով ու նեղված են վշտերից, վտանգված են թշնամիներից և չարչարվում են ցավերից, միշտ աղաչեն ու խնդրեն անդադար աղոթքներով և պաղատանքներով: Քանզի նրանք, ովքեր պարզ մտքով ու աննենգ հավատով աղոթում են Աստծուն և բարին են խնդրում, ստանում են այն ամենն, ինչ խնդրում են, ինչպես որ ստացան մեր առաջին հայրերը:

Իսկ եթե մեկն ասի, թէ` խնդրեցի, բայց չստացա, աղոթեցի, բայց չընդունեցի. շատ չխնդրեցիր անիրավ դատավորից խնդրող այն այրի կնոջ պես (տե՛ս Ղուկ. ԺԸ 1-6), և կամ ինչպես այն բարեկամը, որ կեսգիշերին նկանակ խնդրեց (տե՛ս Ղուկ. ԺԱ 5), որը ոչ թե բարեկամ լինելու, այլ շատ խնդրելու համար ստացավ»:

Հայրապետը նաև նշում է, որ աղոթողին բազում խոսքեր պետք չեն. «Մաքսավորը մեկ խոսք արձակեց, նրա աղոթքն ընդունելի եղավ, և նա թեթևացրեց իր մեղքերի ծանր բեռները (տե՛ս Ղուկ. ԺԸ): Մովսեսն անշշունջ բերանով աղաղակեց, ու ծովը մինչև հատակը բաժանվեց (տե՛ս Ելք ԺԴ 21): Եվ դու, եթե ամբողջ սրտով խնդրես, [ոչ] միայն կցամաքեցնես մեղքերի ծովը, այլ նաև կդադարեցնես բարկության ալիքները:

Քանզի Աստծու` [աղոթքները] չընդունելու պատճառն այն է, որ շատ չես խնդրում, ամբողջ սրտով չես աղաչում, կամ էլ [քեզ համար] վնասակարագույն բան ես խնդրում: Իսկ եթե անդադար աղոթքներով հոգու համար օգտակարը խնդրեք, անհնարին է Աստծուց այն չստանալը:

Ահա Եղիայի աղոթքները փակեցին ու բացեցին երկինքը (տե՛ս Գ Թագ. ԺԸ), Դավթի աղոթքը կանգնեցրեց հրեշտակի սուրը, Հովնանի աղոթքը նրան կետի փորից կենդանի դուրս հանեց (տե՛ս Հովն. Բ), քանանացու աղոթքը նրա դստեր միջից հալածեց դևին (տե՛ս Մատթ. ԺԵ), աղոթքները սրբեցին պոռնիկներին, բժշկեցին հիվանդներին, մաքրեցին բորոտներին, լուսավորեցին կույրերին, արդարացրին մեղավորներին»:

Յուրաքանչյուրիս աղոթքը պետք է սրտից գա, այլապես այն կվերածվի շատախոսության, ինչպես հեթանոսների մոտ է: Երբ սրտով ես աղոթում, Տերն անխոս լսում է քեզ և այդ աղոթքն ընդունելի է Տիրոջ համար, սակայն ոչ այն աղոթքը, որ չարն է կամենում:

Զորավոր են ճշմարիտ աղոթքները: Ինչպես Հովհան Մանդակունին նշում է. «Միայն աղոթի՛ր Աստծուն արտասվալից պաղատանքներով և կթեթևանաս ամբարշտությանդ ախտերից, կառողջացնես անօրինությանդ ցավերը, կբժշկես հանցանքներիդ հիվանդությունը: Միայն ամբողջ սրտով աղոթի՛ր Աստծուն և կազատվես սատանայի որոգայթներից, կփրկվես չարաժանիք վիշապից ու ողջանդամ կազատվես թունավոր վիշապից:

Միայն անդադար աղոթքներով խնդրի՛ր Աստծուն, և կլուսավորի մոլորությանդ խավարը, կցամաքեցնի մեղքերիդ պղծության աղտեղությունն ու ցանկությանդ տիղմը: Երբ անբիծ հավատով ամբողջ սրտով աղոթես Աստծուն, կընդունես մեղքերի թողություն և հանցանքների քավություն, կընդունես երկնքի արքայությունն ու անբավ բարիքները, կընդունես մարմնի առողջություն և հոգու փրկություն, կընդունես բարի օրեր և խաղաղ կյանք` ազատ բոլոր զրպարտողներից:

Աղոթքները դադարեցնում են բռնակալների բարկության ալիքները, ետ են դարձնում Աստծու սրտմտությունն ու ցասումը, աղոթքները հարստացնում են աղքատներին, զորացնում են տկարներին, աղոթքները բժշկում են հիվանդացածներին և հալածում են մոլեկան ախտերը, աղոթքներն ամուլին ծնող են դարձնում, որդի չունեցողին` բազմորդի, ազատում են ծովի ալեկոծությունից, փրկում են գետերի հորձանքներից, կերակրում են քաղցածներին, հագցնում են մերկերին, դադարեցնում են տարաժամ մահերը, կատարում են հավատով խնդրողների բոլոր խնդրվածքները»:
Ճշմարիտ աղոթողի համար այնքան էլ հեշտ չէ ամեն բան, քանի որ յուրաքանչյուրս չարի կողմից անընդհատ փարձությունների ենք ենթարկվում, սակայն իրապես քրիստոնյաները պետք է միշտ պատրաստ լինեն դիմագրավելու սատանայի որոգայթներին` խնդրելով Աստծուն, որ սովորեցնի իր ճանապարհները:
Չմոռանանք նաև, որ աղոթքն Աստծո համար ավելի պատվական ընծա է, քան այն ամենն, ինչ մատուցում ենք նրան:
Ուրեմն, հաճախ աղոթենք ու փառաբանենք Տիրոջն, ասելով`
Փա՛ռք Քեզ, Աստված մեր,
Փա՛ռք Քեզ` ամեն բանի համար
Տե՛ր, փառք քեզ:
Դու՛ ես մեր Տերը,
Դու՛ ես մեր փրկիչը`
Քրիստո՛ս Աստված,
Հիմա մեր հոգիները օրհնում և փառաբանում են Քեզ: Ամեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ