23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընկերությունից` ամուսնություն. Սարգիսի և Մանոյի պատմությունը /ֆոտո/

Դերասաններ Սարգիս Գրիգորյանն ու կինը` Մանոն, աշխատում են տարբեր հեռուստաընկերություններում, զբաղվում են իրենց սիրելի  աշխատանքով` զուգահեռ ընտանիքի ու բալիկների խնամքը: Ընթերցողների ցանկություններին հետևելով` ”ԵՍ” ամսագիրը աշխատանքային մի օր այցելեցել է հայտնի զույգի բնակարան, շփվել փոքրիկների հետ ու զրուցել այն ամենի մասին, ինչը կարող է հետաքրքրել նրանց:

Այժմ Սարգիսն աշխատում ու նկարահանվում է “Անծանոթը” հեռուստասերիալում` մարմնավորելով գլխավոր հերոսին, իսկ նրա կինը` Մանոն, նկարահանվում է “Կադրերի բաժին” հեռուստանախագծում:

Ընկերական շփումից մինչև ամուսնություն

Սարգիսը կնոջը` Մանոյին (Մանուշակին), հանդիպել է թատերական ինստիտուտում և պարզվել է, որ նրանք միասին սովորելու են Արմեն Էլբակյանի խամաճիկների թատրոնի դերասանական կուրսում: Ուսանողական չորս տարիների շփումը վերածվել է ընկերության, ինչն էլ իր հերթին` սիրո: «Ինստիտուտում բոլորը գիտեին, թե մենք սիրում ենք իրար, բայց, անկեղծ, մենք չէինք սիրում իրար»,- նշեց Սարգիսը: 

«Մենք հենց առաջին օրվանից շատ լավ ընկերներ ենք եղել. հիշում եմ` Արմեն Էլբակյանը մեզ քաղաքով էքսկուրսիա էր տարել, սկսեցինք շփվել Սարգսի հետ ու մինչև ինստիտուտն ավարտելը մտերիմ ընկերներ էինք: Ոչ մի խոսք չի եղել սիրո մասին: Մենք յուրաքանչյուրս այդ տարիներին մեր անձնական կյանքն ունեինք, նույնիսկ խորհուրդներ էինք տալիս միմյանց»,- ամուսնուն լրացրեց Մանոն: Սարգսի խոսքերով`  ինստիտուտն ավարտելուց հետո` 2007թ., երկուսի կյանքում էլ սև գիծ էր:

“Երկուսս էլ չհասկացված լինելու խնդիր ունեինք և զրուցելու թեմա գտնում էինք: Հեռախոսով հաճախ էինք խոսում, շփվում… Դժվարությամբ հասկացանք, որ պետք է իրար հետ լինենք: Մի օր հեռախոսով ասացի` արի ընկերություն անենք. էնքան էի իմ կյանքում սիրո խոստովանություն արել, որ այս մեկն այդպես ստացվեց… Բացի դրանից` եթե ցանկանում ես ինչ-որ բան ասել կարևոր մարդուն, չի ստացվում: Գուցե էդպես էր սահմանված. այնքան լավ էինք միմյանց ճանաչում”,- ընդգծեց Սարգիսը:

“Նույնիսկ մտքովս էլ չէր անցնում, որ Սաքոն ինձ է սիրում: Խոսում էինք հեռախոսով, մեկ էլ մի պահ լռեց, երևի ինքն ինչ-որ բան հասկացավ, ու բոլորովին այլ տոնով խոսելով տակնուվրա արեց ներքինս ու բացահայտեց զգացմունքներս. մենք իրար ճանաչելով ենք սիրել իրար”,- անկեղծ ասաց Մանոն:

Որպես սիրային զույգ` մոտ մեկ տարի ընկերություն անելուց հետո Սարգիսն ու Մանոն որոշել են ամուսնանալ: 2008-ի հունիսի 14-ին տեղի է ունեցել հարսանյաց հանդեսը: “Շատ համեստ հարսանիք ենք արել, որովհետև փող չունեինք. հայտնի կամ ոչ հայտնի լինելու խնդիրը չէր: Հիմա էլ, եթե հարսանիք անեինք, այդքան ճոխ չէր լինի, անկախ նրանից` գումար ունե՞նք, թե՞  ոչ: Ամենակարևորը` շատ լավ ու ոչ հայավարի անցավ. «քաբաբ-խորոված» հարսանիք չէր. երեք հարսնաքույր ունեիք, նախապես ներկայացրել էինք նախընտրելի երգերի ցուցակը: Էնպես էր, որ երազում էինք գումար տային, որ ռեստորանի հաշիվը փակեինք :)»,- խոստովանեց դերասանը:

 Բալիկների ծնունդը, ընտանիքի համալրումը

Սարգիսն ու Մանոն ամուսնությունից անմիջապես հետո ցանկացել են համալրել ընտանիքը` բալիկներ ունենալ: “Մենք ցանկացանք շուտ երեխա ունենալ, սակայն ինչ-որ առումով ուշ ստացվեց: Ամուսնության կարևոր նախապայմաններից մեկն ընտանիքում երեխայի ջերմությունն ու շարունակական վիճակն ապահովելն էր: Հիմա էլ անընդհատ ասում եմ` մյուս երեխան ե՞րբ ենք ունենալու. կցանկանայի հինգ երեխա ունենալ,- ասաց Սարգիսը, ով շատ ուրախ է` երկու կապուտաչյա աղջիկների հայր լինելու համար: -Ինձ համար շատ լավ է. կարող եմ մի աղջիկ էլ ունենալ: Բայց տղան էլ է պետք. ազգանվան խնդիր կա”:

“Ես այն աֆորիզմն եմ շատ սիրում, որն ասում է. “Եթե ուզում ես Աստծուն զայրացնել, պատմիր պլաններիդ մասին”: Ուզում եմ ասել, որ եթե ծրագրենք, էդ դեպքում գուցե հակառակը լինի. պարզապես ես միշտ հավատացել եմ իմ երջանկությանը և երբեք չեմ մտածել` վայ, բա որ երեխա ունենամ, ինչ-որ բանից հետ մնամ…

Մենք կայացանք, վայելեցինք, իրար հետ տաշվեցինք, կարիերան դասավորեցինք, ու 2010-ին ծնվեց մեր առաջնեկը` Էվան, իսկ  2011-ին` Յանան,- պատմեց Մանոն, իսկ Սարգիսն ավելացրեց,- առաջնեկի ժամանակ շատ էի ցանկանում աղջիկ ունենալ: Էվան մեր աշխարհն է, նա ուրիշ է. թող Յանան ինձ ների, բայց Էվան շատ սպասված էր, մեզ համար` իդեալական երեխա` իր պահելաձևով, զսպվածությամբ, ժպիտով, ինքն էլ նեղանալու հակում չունի: Երբ ծնվեց Յանան, Էվային դեռ սիրելու իսկական ժամանակն էր”:

“Ասում են` վախեցիր քո երազանքներից, որոնք կարող են իրականանալ. դա իմ մասին է: Միշտ երազել եմ շատ աղջիկ ունենալու մասին: Օրինակ` մի քանի օր առաջ Սարգիսը եկավ, Էվան սկսեց` պապա, հացիկ կեր, հողաթափերը բերեց, այնքան հաճելի էր”,- ընտանեկան կյանքից փոքրիկ դրվագ պատմեց Մանոն:

Երիտասարդ դերասանուհին երեխաների ծնվելուց հետո էլ շարունակել է աշխատել ու նկարահանվել. “Ինձ թվում էր` ծանր կլինի, բայց հեշտ էր. երբ երեխաներս դարձել են երկու ամսական, գնացել եմ աշխատանքի: Այժմ դայակ ունենք, չնայած իմ աշխատանքային ժամերն էլ  շատ չեն: Փորձում եմ ոչնչից հետ չմնալ ու քանի երիտասարդ եմ, ուզում եմ ամեն բան հասցնել”:

“Արվեստագետի  ընտանիքը չի կարող խաղաղ լինել”

Սարգսի համոզմամբ` ընտանիքի մոդելն անընդհատ պետք է ձևավորել: «Չեմ կարող ասել` խաղաղ ընտանիք ենք, բայց ձևավորված ընտանիք ենք: Արվեստագետի ընտանիքը չի կարող խաղաղ լինել. կոնֆլիկտներ լինում են, բայց, ամենակարևորը, խռով չենք մնում: Սովորական ընտանիք ենք, որն ամեն օր պիտի կայանա ու ապացուցի, որ ամուր է. միանշանակ կայացած ընտանիք չկա»,- կարծում է հայտնի դերասանը:

Զույգը խոստովանում է, որ ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ իրենց տանը խնդիրներ լինում են, իսկ Սարգիսը չի թաքցնում, որ դրանք հիմնականում իր պատճառով են լինում: “Ես եմ համը հանում: Ուտելու համար ենք վիճում. շատ եմ սիրում լավ ուտել, սակայն լավ ուտել, չի նշանակում` շատ ուտել: Մանոն մինչև ամուսնանալը ընտանեկան, խոհանոցային գործերով չի զբաղվել. մի քիչ դժվար է, բայց աշխատում է իր վրա: Թամբալ է, չի սիրում տարբեր կերակրատեսակներ պատրաստել”,- ժպտալով ասաց Սարգիսը: “Սարգիսն ուզում է, որ ժամանակ տրամադրեմ ու մի  քանի տեսակի ուտեստ պատրաստեմ. ասենք` ութ տեսակի ճաշատեսակ պատրաստեմ, ժամանակ ծախսեմ, բայց ինքը չուտի դրանցից. կարևորը` գեղեցիկ սեղան լինի”,- ամուսնուն լրացրեց Մանոն:

Սարգսի խոսքերով` դժվար է օրվա ընթացքում տարբեր մարդկանց հետ շփվելը և ուղղակի անհնար է դրսի աուրան տուն չբերելը: “Բացասական էներգիան տուն եմ բերում ու սկսում եմ անտեղի գոռգռալ, բայց դա հինգ րոպե է տևում, հետո փոխվում եմ, հասկանում եմ` ես եմ մեղավորը ու բարիշում եմ”,- խոստովանեց Սարգիսը:

Դերասանն ազատ  ժամանակն ընտանիքի ու երեխաների հետ է անցկացնում

Մանոյի խոսքերով` ամուսինն այն տղամարդկանցից է, ով միշտ ձգտում է տանը լինել ու ազատ ժամանակն ընտանիքի ու երեխաների հետ անցկացնել: “Ինչքան էլ հոգնած լինի, կես ժամ էլ ազատ ժամանակ ունենա, փորձում է այն երեխաների հետ անցկացնել: Մեկ էլ կասի` Էվային հագցրու, տանեմ կենդանաբանական այգի, չնայած շատ է եղել այնտեղ, բոլոր սղարաններում սահել է, մանկական բոլոր սրճարաններում եղել է”,- ասաց Մանոն:

Հայտնի զույգի ընտանեկան երջանկությունը թեթև ու այդ օրով ապրելն է.  “Երբեք ոչնչից մեծ խնդիր չենք սարքում. էս պահը չհասկացանք, անցնում գնում է, որովհետև այնքան հեշտ է ամեն բան փչացնելը”,- նկատեց Մանոն:

Սարգիսը սիրում է նաև ազատ ժամանակ հեռուստացույց դիտել ու քնել: “Պասիվ հանգիստ եմ նախընտրում, հաճախ ենք ընտանիքով Դիլիջան գնում: Կարծում եմ` երեխաները պետք է մեծերից օրինակ վերցնեն: Շատ ենք լսում, որ երեխաներն իրենց հայտնի, դերասան ծնողների մասին ասում են, որ տանը քիչ են տեսել նրանց. անընդհատ զբաղված են եղել: Դրա համար փորձում ենք սխալներ չանել. չէ ՞ որ սա ամենաքաղցր պահն է, հետո ինչ ենք տանելու մեզ հետ”,- շարունակեց դերասանը:

Թատրոնը, հեռուստատեսությունն ու ընտանեկան բիզնեսը

Երիտասարդ դերասանն այժմ որևէ թատրոնում չի աշխատում, սակայն ցանկությունը շատ մեծ է թատրոնի բեմում լինելու, և այդ քաղցը հագեցնում է Նարեկ Դուրյանի “Օպերացիա Նեմեսիս” ներկայացման մեջ խաղալով: “Թատրոնում խաղալու ցանակությունս մեծ է, սակայն եթե թատրոնում աշխատեմ, դժվար թե կարողանամ Ձեզ ու Ձեր նման շատ մարդկանց հյուրասիրեմ: Մարդու համար ամենակարևոր բանն ընտանիքն է, որը պետք է լավ պահել: Եթե թատրոնում աշխատեմ, չեմ կարողանա ընտանիքս պահել, իսկ ես ուզում եմ, որ իմ ընտանիքը լավ ապրի: Թատրոնի աշխատանքը դժվար է համատեղել այլ աշխատանքի հետ:

Նույնիսկ Նարեկ Դուրյանի ներկայացման համար ստիպված ենք լինում համատեղել ու հարմարեցնել մյուս դերասանների հետ,- նշեց Սարգիսն ու ավելացրեց,- այժմ շատ դերասաններ կոպեկներով են խաղում սերիալներում, դրա համար էլ դերասանի վարկանիշն ընկնում է: 21-րդ դարում երկու օր գումար չունենաս, անճարությունից կմեռնես. ամեն օր պետք է գումար աշխատես, այլապես կիլոմետրերով հետ կընկնես կյանքի”:

Զույգը նաև ընտանեկան բիզնես ունի. միջոցառումների կազմակերպման ստուդիա են հիմնել, զբաղվում են հարսանեկան և այլ միջոցառումների գեղարվեստական մասն ապահովելով: “Ժամանակին հաղորդավար եմ եղել, այժմ հարսանիքներ եմ վարում, որով էլ պայմանավորված է իմ ու ընտանքիս լավ ապրելը”,- հայտնեց դերասանը:

Մանոն էլ այդտեղ իր դերակատարումն ունի: Մինչ բալիկներ ունենալը դերասանուհին պարել է “Բարեկամություն” պետական անսամբլում` համատեղելով դերասանական արվեստը պարարվեստի հետ. “Այժմ այդ երկուսը միախառնել եմ իրար. փոքր էտյուդային պարեր եմ բեմադրում”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ