23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գցված փողեր Շարմ-էլ-շեյխում հանգստի դիմաց. Ժամանակ

Հոկտեմբերի 31-ին ռուսական A- 321 օդանավը, որը Շարմ Էլ-Շեյխ քաղաքի օդանավակայանից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, ընկել էր Սինայի թերակղզում: Օդանավի ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել էին: Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայու­թյան ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ Եգիպտոսում A321 օդանավի վթարի պատճառը ահաբեկչությունն է:

Աղետից հետո Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արաբական էմիրությունները, Թուրքիան հայտարա­րեցին դեպի Եգիպտոս չվերթները ժամա­նակավորապես դադարեցնելու վերաբե­րյալ, եւ սկսեցին իրենց քաղաքացիներին դուրս բերել այնտեղից:

Հայտնի է, որ դեպի Եգիպտոս փաթեթներն իրենց մատչելիությամբ գրավում են նաեւ հայաստանցիներին, եւ նրանցից շատերը նախընտրում են հանգստանալ այնտեղ: Օդային ահաբեկչությունից օրեր անց` միայն նախօրեին ՀՀ արտգործնախարարությունը վերջապես ուշացած հայտարարություն տա­րածեց, որով խորհուրդ տվեց քաղաքացինե­րին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մեկնել Եգիպտոս: Սակայն Հայաստանում գործող տուրիստական ընկերու­թյունների համար արտգործնախարարության հայտարարությունն արգելք չէ:

Տուրօպերատորները շարունակում են քա­ղաքացիների համար տեղեր ամրագրել դեպի Եգիպտոս` պատճառաբանելով, որ այնտեղ ֆորսմաժորային իրավիճակ չկա, եւ արտգործանախարարության հայտարարությունն արգելք չէ: էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ ասաց, որ իրենք իրավասու­թյուն չունեն տուրիստական ընկերություննե­րին պարտադրել չվաճառել փաթեթներ:

Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ տուրիստական ընկե­րությունները հետ չեն վերցնում նախապես ամրագրված փաթեթները, եւ չեն վերադարձ­նում իրենց գումարները: Այս առնչությամբ նախարարության զբոսաշրջության վարչու­թյան պետը նշեց, որ փաթեթը ձեռք բերելուց առաջ պետք է անպայման պայմանագիր կնքել, ծանոթանալ հետվերադարձի պայ­մաններին, եւ նման խնդիրներ չեն առաջա­նա: Իսկ ամեն դեպքում, եթե վիճահարույց խնդիրներ լինեն, դա կարող է լուծվել դատա­կան կարգով:

Մինչդեռ Իրազեկ եւ պաշտպանված սպա­ռող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը համոզված է` թե’ տնտեսվարողին, թե’ սպառողին կարող է փրկել բացառապես կառավարությունը, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարությունը: Պիպոյանը հավելեց, որ իրենք առաջիկա օրերին պատրաստվում են բաց նամակով դիմել էկոնոմիկայի նախարարու­թյանը՝ հորդորել քայլեր ձեռնարկել, նախա­գիծ ներկայացնել կառավարությանը: Պա­տասխան չստանալու դեպքում բաց նամակ կուղարկվի Նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ