25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Տեր Եսայի քահանան վիրավորել է մի ամբողջ ազգի». եզդիները համապատասխան քայլերի կդիմեն

«Տեր Եսայի քահանան վիրավորել է մի ամբողջ ազգի, ու եթե նա՝ որպես հոգևորական, չգիտակցի իր սխալն ու ներողություն չխնդրի, մենք կդիմենք համապատասխան քայլերի»,- Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը:

Հիշեցնենք, որ Տեր Եսայի քահանա Արթենյանը  Qahana.am-ին տված զրույցներից  մեկի ժամանակ ասել էր, որ եզդին արևապաշտ է:

«Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին` որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»,- ասել էր քահանան:

Բաքոյանը փաստեց, որ Տեր Եսայի քահանայի ասածի մեջ իրականության նշույներ չկան:

«Քահանաները ստանում են հոգևոր բարձրագույն կրթություն, տիրապետում են այլ կրոնների պատմությունների: Եզդիների գլխավոր սրբավայրում չկա քահանայի նշած արձանը, ավելին՝ եզդիական սրբավայրերում ընդհանրապես արձաններ չկան: Եզդիները չեն կարող սատանայից որևէ բան խնդրել, այդ երևույթը եզդիական Շարֆադին կրոնում բացակայում է»,- ընդգծեց եզդի համայնքի ներկայացուցիչը:

Անդրադառնալով արևապաշտությանը` Բաքոյանը տեղեկացրեց. «Եզդիներն արևին երկրպագում են, բայց ոչ որպես գլխավոր Աստծո: Ցանկացած մարդ ունի սեփական կարծիքի և այն արտահայտելու իրավունք, բայց սրա հետ մեկտեղ հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդու հայտնած կարծիք առաջին հերթին վկայությունն է նրա կրթական մակարդակի, գիտելիքների պաշարի և վերջապես պարզապես որպես մարդ՝ նրա քաղաքավարության ու տակտի: Այն, որ քահանան չի տիրապետել նյութին, որի մասին խոսել է, արդեն իսկ հասկանալի է և դատապարտելի: Նա՝ որպես Առաքելական եկեղեցու հետևորդ, պետք է շտկի իր սխալը»,- նշեց «Ռուստամ Բաքոյանը: Նա հույս հայտնեց, որ Տեր Եսայի քահանայի արձագանքը չի ուշանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ