20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ ԿԳՆ-ն առաջինն է, որ արժանացել է Հայրապետական կոնդակի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում այսօր տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015 թվականի մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և անձամբ Վեհափառին` կրթության ոլորտի և հատկապես ազգային դպրոցի նկատմամբ ամենօրյա ուշադրության և օրհնության համար: «Երբ դեռ չկար պետականություն և կրթության համար պատասխանատու պետական  մարմին, արդեն կար եկեղեցին, որի պատերից այս և այն կողմ սփռվում էր ոչ միայն հոգևոր, այլև կրթության լույսը: Առաջին հայկական դպրոցները և համալսարանները հայ հոգևոր կյանքի ծնունդ են: Եվ պարզապես վերաիմաստավորելով անցյալը` պետք է ընդգծել, որ այսօրվա պետությունն իր վրա է վերցրել բազմաթիվ ժառանգությունների և հարստությունների, այդ թվում` հայկական դպրոցի պահպանման առաքելությունը: Եվ մեր համագործակցությանը Մայր Աթոռի հետ նախևառաջ պարտավոր ենք մեր պատմությանը և նախնիներին: Դժվար է պատկերացնել ժամանակակից հայկական դպրոց`  առանց հայկական բաղադրիչի գոյության և ընդգծվածության: Այդ բաղադրիչը, իհարկե, համապատասխան առարկաների առկայությունն է,  բայց նախևառաջ դպրոցին ազգային նկարագիր տալիս է մտածելակերպը և արժեհամակարգը: Հետևաբար, այսօր, առավել քանի երբևէ, հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերներ` հայկական դպրոցը պետք է լինի ազգային, հետևաբար այն չի կարող գոյություն ունենալ առանց իր ազգային ինքնության հիմնական առաքյալի` Մայր Աթոռի: Ուստի, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ մեր աշխատանքի հսկայական ծավալը պարբերաբար ավարտվում է այսպիսի տեսանելի միջոցառումներով»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում են նոր միջոցառումներ: «Չկա լավ ուսուցիչ` առանց արժեքի: Այսօր համաշխարհային միտումը` տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում կրթության ոլորտում, միաժամանակ ուղեկցվում է հումանիտար հետընթացով:  Եվ այստեղ շատ կարևոր է, որ դպրոցը տա ոչ միայն գիտելիք. դպրոցի առաքելությունն ավելի լայն է: Կիրթ և հմուտ մասնագետները, ովքեր չունեն արժեհամակարգ, չեն զգում իրենց անցյալը, չեն պատկերացնում իրենց ներկան` իրենց ազգային տեսակի մեջ, կարող են չարիք դառնալ պետության և հասարակության համար:  Վառ անհատականությունները կարևորվում են ոչ միայն իրենց անհատական ուղով, այլ ունակությամբ`  բարելավել ուրիշների կյանքը, առաջ տանել նաև հասարակությանը: Այս հարցում Մայր Աթոռի գոյությունն այն անկյունաքարերից մեկն է, որի վրա խարսխված է հայկական դպրոցի` ազգային լինելու հանգամանքը»,- նշել է նախարարը` շնորհավորելով մրցանակի արժանացած բոլոր ուսուցիչներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է հղել միջոցառման մասնակիցներին. «Այսօր համախմբվել ենք ուրախ և կարևոր առիթով` մրցանակներ հանձնել լավագույններին: Այո, մրցանակները շնորհվում են լավագույններին, բայց էական է, որ գնահատվում է ուսուցչի առաքելությունը: Մեծ շնորհ և պատասխանատվություն է ձեր ուսերին` գիտելիք հաղորդելու, իմաստության և ճանաչողության  առաջնորդելու մեր զավակներին, նրանց ձևավորելու որպես սկզբունքներ ունեցող անհատներ, մեր երկրի հայրենասեր քաղաքացիներ և մեր ժողովրդի ազգասեր զավակներ: Այս նպատակը առավել չափով իրականանում է ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի և ծառայության արդյունքում: Ձեր նվիրումի և առօրյա ջանքերով են կրթվում և հասակ առնում  մատաղ սերնդի միտքն ու հոգին: Այդ պատճառով երբեք բարձրագոչ չէ ասել, որ ձեր ձեռքերում է մեր ժողովրդի ապագան: Մեր օրերում համացանցի շնորհիվ առավել դյուրին է դառնում գիտելիքի ձեռքբերումը, բայց ուսուցչի հեղինակությունն է ոչ միայն գիտելիք փոխանցել, այլ օրինակ լինել` վայելելով իր սաների վստահությունը, հարգանքը և սերը: Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունն ավելի մեծ հնարավորություններ է գտնում` բավարարելու երիտասարդների արդիական պահանջները: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ զորանում եմ նախարարության և եկեղեցու համագործակցությամբ` ի նպաստ մեր մատաղ սերնդի կրթության, հոգևոր արժեքներով նրանց դաստիարակության»,-մասնավորապես, նշել է Վեհափառը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը մրցանակներ են հանձնել լավագույն մանկավարժներին:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` երկար տարիներ Մայր Աթոռի հետ սերտ և արգասաբեր գործունեության համար:

Վեհափառ Տերը բարձր է գնահատել նաև նախարար Արմեն Աշոտյանի վաստակը կրթության ոլորտում` վերջինիս որպես գնահատանքի արտահայտություն փոխանցելով հայ ոսկերչի ձեռքով պատրաստված Տերունական Սուրբ խաչ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ