16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շոթայի խիղճը հանգիստ է. Հայկական ժամանակ

Երեկ իր պաշտոնից ազատման դիմում է qրել Հայաստանի գլխավոր դատաբժիշկ, դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը, որը 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում արյան լճակի մեջ հայտնաբերված մարդու ծնոտն անվանել էր «խոճկորի ծնոտ»: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ավելին, պնդել էր, որ այդ օրը տասնյակ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ինչը հետո հերքվել էր:

Վարդանյանի ղեկավարած կառույցը մռայլ համբավ ունի: Դատաբժշկական փորձաքննության կենտրոնն իր սեւ գործն արել է ոչ միայն մարտյան դեպքերն իշխանություններին ձեռնտու «փորձաքննության» ենթարկելու, այլեւ մի քանի զինվորների սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու, այդ վարկածը հիմնավորելու առումով: Խայտառակ գնահատական են ստացել հատկապես Արտակ Նազարյանի, Տիգրան Օհանջանյանի, Արթուր Ղազարյանի սպանության վերաբերյալ եզրակացությունները: Միայն Նազարյանի դեպքն օրինակ բերելով՝ նշենք, որ Վարդանյանի ենթակաների եզրակացությունները ոչ միայն չեն հստակեցրել կատարվածը, այլեւ ավելի են խճճել, ինչը վերծանել չեն կարողանում դատարան հրավիրված նույն փորձագետները հերքելով իրենք իրենց: Երեկ «ՀԺ»-ն Շոթա Վարդանյանին մի քանի հարց ուղղեց:

 Պարոն Վարդանյան, մարտյան դեպքերի ժամանակ հայտնաբերված ծնոտը մինչեւ հիմա էլհամարում եք խոճկորի՞, թե՞ մարդու:

– Ես էդ ժամանակ էստեղ չեմ եղել, Չեխիայում եղել եմ դասախոսությունների: Ես հրապարակել եմ այն, ինչ արդեն կատարված էր:

– Զղջու՞մ եք, որ այդպիսի բան եք ասել:

– Բայց դուք տեղյա՞կ եք էդ գործից: Կա՞ այդպիսի մարդ տուժածների մեջ, որի ծնոտի մեծ հատվածը կոտրված է, բացակայում է, այն էլ վերին ծնոտը:

 Հնարավո՞ր է, որ գիտական աշխատանք գրեք հենց մարդու եւ խոճկորի  ծնոտների ընդհանրության մասին:

– Կարող եմ հրապարակել այդ եզրակացությունը, որի կազմմանը հանրապետության բոլոր ստոմատոլոգներն ու անասնաբույժները մասնակցել են, եւ դուք կտեսնեք, որ հիմքն ունեմ: Ես նորից եմ կրկնում՝ հնչեցրել եմ այն, ինչ եզրակացությունում էր: Մարդու եւ խոճկորի նմանություն չկա, սիրելիս:

– Ասում եք, որ հոգնել եք: Իշխանությունները հրաժարվեցի՞ն ձեր հանգստի մասին հոգալ:

– Ես հանգիստ եմ, ինձ ինչ ա եղել: Եթե իշխանությունները կարողանան մարդուն երիտասարդացնել դա ուրիշ բան: Ես արդեն 67 տարեկան եմ: Իսկ ձեզ չի՞ թվում, որ պրովոկացիոն հարցեր եք տալիս: Ես եղել եմ գիտնական, մնում եմ գիտնական, կշարունակեմ գիտնական աշխատել:

Ձեր գիտական աշխատանքի մեջ քաղաքական էլեմենտներ չե՞ն եղել: Պատվեր չե՞ք կատարել:

– Աբսոլյուտ: Աբսոլյուտ: Ոչ մեկն ինձ չի հրահանգավորել:

Բայց էլի պնդում եք, որ մարտի 1-ին Երեւանի փողոցներից մեկում ընկածը մարդու ծնոտ չէր:

– Դա ես չեմ ապացուցել: 10 գիտնական է ապացուցել, այդ թվում անասնաբույժներ, մեր «զովետի» ամբիոնի վարիչներ, ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչներ, անատոմիայի ամբիոնի վարիչներ, գլխավոր դիմածնոտային վիրաբույժ եւ այլն:

 Տիգրան Օհանջանյանի, Արթուր Ղազարյանի եւ Արտակ Նազարյանի անունները ձեզ որեւէ բանասու՞մ են:

– Տիգրան Օհանջանյանի էլեկտրահարության մասի՞ն եք խոսում: Բայց դուք տեղյա՞կ եք այդ՝ գործից:

– Իհարկե: Նազարյանի գործով էլ ձեր ՊՈԱԿ- եզրակացությունները այլ մասնագետներ անհիմն եւկեղծ են համարում:

– Իզուր: Ուրիշներն են խճճել, ովքեր տվել են այլ եզրակացություն:

– Հերքու՞մ եք, որ ձեր մասնագետները ձեզնից հրահանգներ չեն ստացել:

– Իհարկե՝ չեն ստացել:

– Իշխանություններից գո՞հ եք հեռանում:

– Ես իմ մասնագիտությունից եւ կոլեգաներից, իշխանություններից, բոլորից էլ գոհ գնում եմ: Շատ հեռու չեմ գնում:

– Իսկ ձեր ազատման հարցում նախագահականը կապ ունի՞: Ամեն դեպքում՝ կարեւոր պաշտոն է:

– Ոչ, սիրելիս, ոչ: Դա ձեզ է թվում, որ կարեւոր պաշտոն է: Տանջալի պաշտոն է:

Իհարկե, տանջալի կլինի, եթե հաշվի առնենք, որ քաղաքական «հանցագործությունների»վերաբերյալ ստիպված եք լինում պատվեր կատարել:

– Երբեք մասնագիտականը չի կարելի չարաշահել կամ սպեկուլյացիայի ենթարկել: Ես իմ մասնագիտության տերն եմ: Դու քո գրչի տերն ես: Դու լավն ես, ես վա՞տն եմ, չեմ հասկանում:

Հիմա ձեր խիղճը հանգի՞ստ է:

– Այո: Ես որեւէ հրահանգ չեմ կատարել իշխանությունների կողմից, իշխանություններն էլ, լավ իմանալով իմ բնավորությունը, ինձ հրահանգներ չեն տվել:

– Անգամ մարտի 1-ի՞ գործով:

– Անգամ մարտի 1-ի գործով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ