29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ուրախանալ առանց ճոխ սեղանների

image_13848

Խոսքը չի վերաբերում քեֆ-ուրախությանը, տարբեր առիթներով սարքվող խնջույքներին. մեր պարագայում դրանք սովորաբար ավարտվում են տրամադրության անկմամբ, դեպրեսիայով, առնվազնՙ հոգեմտավոր դատարկվածությամբ: Այլՙ ներքին, մնայուն, անանձնական ուրախությանը, դրական էմոցիաներին, որոնք ճառագայթում են ներսից եւ տարածվում շուրջբոլորը, եւ ցուցանիշ են հոգեկան հավասարակշռության, զվարթության:

Պարզվում էՙ հայերս տխուր ազգ ենք, բացասական են մեր էմոցիաները: Փաստողը մեզ լավ ծանոթ Gellup-ն է, որ օրերս հարցախույզի միջոցով պարզել է աշխարհի 3 ամենաուրախ եւ 3 ամենատխուր ազգերին: Հայաստանը վերջին 3-ի մեջ էՙ Իրաքի եւ, չզարմանաք, Սինգապուրի հետ: Սինգապուրի՛, որն աշխարհում ամենակազմակերպված տնտեսություններից մեկն ունիՙ ՀՆԱ-ի գերազանց ցուցանիշով:

Ուրեմն, ուրախ կամ տխուր էմոցիաները կապ չունեն կենսամակարդակի հետ, եւ այս պարագայում իզուր են «բա սա կյա՞նք է», «բա էս պայմաններում ուրախանա՞լ կլինի», «բա սա երկի՞ր է» փնթփնթոցները: Մանավանդ որ Gellup-ի ընտրած մյուս 3 երկրները ամենեւին էլ աշխարհի ամենահարուստ եւ ամենահանգիստ երկրները չեն, բացառությամբ, թերեւս, Ուրուգվայի: Մյուս 2 երկրներից մեկը լատինամերիկյան Պարագվայն է, մյուսըՙ Էլ Սալվադորը: Ստրկություն, բռնություն, հեղաշրջումներ ապրած ժողովուրդներ երկուսն էլ, որոնք կիզիչ արեւի տակ, բանանի ու լոբիի պլանտացիաներում չարքաշ աշխատանքով իրենց հացն են վաստակում: Բայց գիտեն երգել, պարել, սիրել, ձուկ բռնել ու ֆուտբոլ խաղալ: Այլ խոսքովՙ կյանքը վայելել, լավատեսությամբ դիմագրավել դժվարությունները:

Իսկ մե՞նք…

Դուք դիտե՞լ եք, օրինակ, մեր չեյնջերիՙ տարադրամի փոխանակման կետերի աշխատողներիՙ Բուդդայի արձանի նման դեմքերըՙ ոչ ժպիտ, ոչ բարեւ-աստծու բարին, ոչ մի էմոցիա: Բանկոմատներն անգամ իրենց գույնով-ձեւերով ավելի արտահայտիչ տեսք ունեն, քան…

Կամ ուսումնասիրե՞լ եք մեր պետական ու քաղաքական գործիչների-քիչ բացառությամբ-դեմքերը: Ժպի՛տն անգամ կիսատ, միշտ մռայլ, ձգված, տանջահար: Կարծես ազգովին պարտք լինենք նրանց:

Կամ նախատոնական այս օրերին ուսումնասիրո՞ւմ եք խանութներում ու շուկաներում տենդագին առեւտրի մեջ գտնվող մեր համաքաղաքացիներինՙ հարուստին թե չքավորին: Ո՞ւր են կրում այդքան: Ինչո՞ւ են այդքան մտատանջվում, որ տոնական սեղանին, օրինակ, բաստուրմա-սուջուխի համար փողը չի հերիքում: Բոլորս էլ գիտենքՙ կարճ ուրախությունից հետո միեւնույն էՙ մնալու են ծակ գրպաններ, հոգնածություն ու դեպրեսիա:

Հիմա կռահում եմ առարկությունները մեր պատմաբանների ու ոչ պատմաբանների. բա այսքան տառապալից պատմություն ունեցող մեր ժողովուրդը կարո՞ղ է ուրախ լինել: Այո, ճիշտ է, պատմահայր Խորենացին էլ է շարադրել դժբախտությունները մեր, բայց գրել է նաեւՙ «սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, արժանի գրոց յիշատակի»: Իսկ դուք ինչո՞ւ չեք, ուսումնասիրում, բարձրաձայնում այդ արիության գործերը, որոնք արձանագրվել են ոչ միայն պատերազմի դաշտում: Ներխուժումներից, պատերազմներից, ջարդերից ու դավաճանություններից բացի մեր նորահաս սերունդներին սովորեցրեք փառավոր գործերը մեր նախնիների, համաշխարհային քաղաքակրթությանը նրանց բերած նպաստը, դրական լիցքեր տվող մեր հին ու նոր գործերը:

Այսօր էլ, ինչպես ժամանակին Վահան Թեքեյանն է ասել, մեր ժողովուրդը պետք ունի հպարտության: Նրան տա՛նք այդ հպարտությունը առանց ազգային սնապարծության եւ առանց չափազանցությունների: Եվ այն ժամանակ բոլորս կսովորենք նաեւ ուրախանալ. ինքնավստահությամբ, լավատեսությամբ, դրական էմոցիաներով լեցուն:

Հակոբ Ավետիքյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ