19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան-ՕԵԿ կրքերը թեժանում են. փոխադարձ մեղադրանքների նոր տարափ

ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը պատասխանում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօր արված հայտարարությանը: ՕԵԿ խոսնակը Henaran.am-ին  տրամադրեց հետեւյալ պատասխանը, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.

‘’Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքի ընթացքում երբեք անգամ որևէ դրվատանքի բառ չի կարող լսել Արթուր Բաղդասարյանի կողմից, այն պարզ պատճառով, որ նա  այն նույն Նիկոլ Փաշինյանն էր, որ նախ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած օրերին, մասնավորապես մարտի 1-ի ցույցերին մասնակցող մարդկանց ‘’զինում’’ էր և ‘’զորավար’’  դարձած միտումնավոր տանում արյունահեղության: Եվ երկրորդ, Նիկոլ, հասարակական և քաղաքական գործունեությանդ մեջ չկա գոնե մեկ լուսավոր իրադարձություն, այլ միայն արյուն, զոհեր, անկարգություններ ու սադրանքներ, հետևաբար, քեզ չերևակայես, ուղեղիդ Էլ զոռ չտաս:

Արթուր Բաղդասարյանի ասած ‘’ազնիվ ‘’  բառը քեզ չէր վերաբերում, այլ, այո, մի շարք իսկապես ազնիվ մարդկանց, որոնց դու և քո տեր Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի նախապես շատ վատ մշակված ՀԱԿազգային սցենարով տանում էիք անծրագիր ու արկածախնդիր ‘’երգ ու պարի հեղափոխության‘’ ճանապարհով: Այո, դու չէիր շարժման առաջնորդը, բայց դու ԼՏՊ-ի հետ կիսում ես 10 մարդու մահվան բարոյական պատասխանատվությունը, այո, դու չէիր շարժման առաջնորդը, այլ դու ընդամենը չարությամբ ու ատելությամբ լցված ‘’ծրագրավորված գործիք‘’ էիր, որն իր պարտականությունները կատարում էր շատ վատ, բայց կատարում էր: Իսկ եթե դու քեզ համարում ես շարժման առաջնորդ, ապա ավելի վատ քեզ համար, դա մեծացնում է պատասխանատվությանդ բաժինը:

Այդուհանդերձ, տարատեսակ գնահատականներ հնչեցնելու փոխարեն ավելի լավ կլինի զբաղվես քո ու քո ՀԱԿ-ի խառնակչությամբ, շարունակեք մեկդ մյուսին դավաճան ու իշխանություններին ծախված համարել, շարունակեք իրարից բամբասել ու իրար տակ քանդել ու, վերջապես, ճիշտ ուղի եք բռնել` դեպի ‘’քաղաքական աղբանոց‘’: Դա է ձեր արժանի տեղը: Քեզ չերևակայես, թե ազնիվ գործիչ ես: Այս 5-6 տարիների ընթացքում ողջ հասարակությունը քո ու քո ՀԱԿմեջ եղած ուժի ‘’ազնվությունը ‘’ տեսավ, ավելին, գնահատեց վերջին ընտրությունների ժամանակ: Ավելի ճիշտ կանես թուլանաս ու ձեր` ‘’Շարաշկինի կանտորայի‘’, նրա անդամների ‘’հերոսությունները ‘’վայելես: Դու պարզապես չես կարող ազնիվ լինել: Դրա մասին խոսում են փաստերը:

Այդուհանդերձ, այդ ինչպես ստացվեց, որ ձեր կուրատոր Լևոն Զուրաբյանը քեզ համարում է իրենց գծից դուրս: Իսկ իրենց գիծը ընդդիմադիր գիծն է: Այդ ինչպես ստացվեց, որ ՀՀՇ համագումարին դու չկայիր, չէ որ այնտեղ էր առաջնորդ Տեր-Պետրոսյանը և մյուսները: ‘’Այդ ինչպեսները‘’ բավականին շատ են, բայց առայժմ այսքանը: Քեզ դրել ես ‘’սրբի ‘’ տեղ, բայց ‘’գիշերները վանքի հավերն ես գողանում‘’: Հետևաբար մեկնդմիշտ հիշիր, մինչ ինչ-որ գնահատականներ հնչեցնելդ, մի պահ կանգ առ ու սեփական անփառունակ գործունեությունդ գնահատիր: Քո թերթում ինչքան ճղճիմ ու կեղտոտ հոդվածներ, ինչեր ասես չես գրել Արթուր Բաղդասարյանի մասին: Ու եթե նույնիսկ Արթուր Բաղդասարյանը մեծահոգաբար քո մասին ինչ-որ լավ խոսք է ասել, բայց, կրկնում եմ, քեզ չէ ‘’ազնիվ ‘’ որակել, ապա գոնե այդքանից հետո չարությունդ մեջդ սպանիր: Դա քեզ, կարծում եմ, կփրկի հայ քաղաքական պատմության մեջ որպես ‘’ամենատպավորիչ քաղաքական չարություն‘’ որակվելու հեռանկարից: 

Որպես վերջաբան.

ՀՀ քաղաքացիների, ընդդիմադիր հատվածի անունից խոսելու փոխարեն, որի իրավունքը դու բարոյապես չունես, ճիշտ կանես լսես նաև միլիոնավոր այլ քաղաքացինների կարծիքը, որոնք միահամուռ մերժեցին, մերժում են  ու վստահ եմ առաջիկայում էլ ոչ միայն մերժելու են ձեզ, այլև ձեզանից ազատելու և մաքրելու են հայրենի քաղաքական դաշտը’’:

Հիշեցնենք, որ ՕԵԿ համագումարից հետո, երբ իր ելույթում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանին ‘’ազնիվ  գորիչների’’ շարքին դասեց, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ պատասխնա հայտարարությամբ`նշելով, որ ‘’լավ բան’’ չի կարող ասել Աթուր Բաղդասարյանի հասցեին եւ ընդգծելով.’’ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է եւ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի “ամենատպավորիչ” դավաճանության հեղինակ’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ