18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Երբ նայում ես Հայաստանին դրսից, մազերդ բիզ-բիզ են կանգնում”

Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հայտարարել է սփյուռքահայ հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանը:

“Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով: Եթե ստիպել օլիգարխներին եւ նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել դրանից”,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ չի կարող հասկանալ բիզնեսմենների անկշտությունը, ինչը ստիպում է նրանց մտնել քաղաքականության մեջ՝ ավելի շատ փող վաստակելու համար: “Երբ նայում ես Հայաստանին դրսից՝ սփյուռքահայի հայացքով, մազերդ բիզ-բիզ են կանգնում”:

Հայրապետյանի խոսքերով, ինքը մեծ ափսոսանք է հայտնում այն առնչությամբ, որ Հայաստանում քարոզվում են ապազգային եւ անբարոյական արժեքներ: “Ինչո՞ւ են հեռուստատեսությամբ ցուցադրվում այնպիսի օրինակներ եւ տրվում այնպիսի ուղենիշներ, որոնց նայելով երեխաներն ուզում են լինել ավազակ, խուլիգան եւ գող: Այ սա է ինձ ամենից շատ մտահոգում”:

Ներկայացնելով Ռամիլ Սաֆարովի հերոսացման հարցի հանդեպ իր վերաբերմունքը, Հայրապետյանը նշել է, որ դա ոչ այլ ինչ է, քան նվեր հայ ժողովրդին Իլհամ Ալիեւի կողմից: “Նա ուղղակի չի հասկանում, թե ինչ է անում, բայց մի բան միանշանակ է. Ալիեւի ավարտը շատ վատ կլինի: Կարծում եմ, որ անգամ այն քոչվոր ցեղերին, որոնց ադրբեջանական ժողովուրդ են անվանում, մենք պետք է օգնենք ազատվել այդ ժառանգական ճորտատիրական միապետությունից”,- հայտարարել է նա:

Լեւոն Հայրապետյանի հետ զրույցի մեծ մասը նվիրված էր Արցախյան հիմնախնդրին: Նրա խոսքերով, հայերը հաղթեցին պատերազմում, որովհետեւ ունեին շարժառիթ: “Ցավոք, պատմականորեն մեզ մոտ ձեւավորվել է բարձրագույն պաշտոնատար անձանց դավաճանության ավանդույթ:

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարցրեցին, թե ինչու է նա դադարեցնում պատերազմը այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն այնքան էին հուսահատվել եւ կորցրել մարտական ոգին, որ հանձնվում էին առանց դիմադրության, նա պատասխանեց, որ այդ մասին իրեն խնդրել է Բորիս Ելցինը: Իսկ Ելցինին, իր հերթին, հավանաբար, խնդրել էր քաղբյուրոյի գործընկեր Հեյդար Ալիեւը”,- հայտարարել է Լեւոն Հայրապետյանը՝ ավելացնելով, որ պատերազմում կիսահղի լինել չի կարելի:

Առանց Արցախի մասնակցության բանակցությունների վերաբերյալ խոսելիս Լեւոն Հայրապետյանը նշեց, որ դա եւս մեկ՝ ավելի լոկալ դավաճանություն է, որի արդյունքում ստացվեց, որ ոչ թե Արցախն էր պայքարում իր ազատության համար, այլ Հայաստանը “գրավել” է Ադրբեջանի տարածքները:

Այն հարցին, թե ինչո՞ւ էր այդ ընթացքում լռում Արցախը, Հայրապետյանը պատասխանեց, որ նրա ղեկավարությունը մեծ կախվածություն ուներ Հայաստանի ղեկավարությունից եւ չուներ սեփական արտաքին քաղաքականություն: Ես այդ մասին դեռ այն ժամանակ եմ զգուշացրել: Դա շատ վտանգավոր է եւ դեռ նվազագույնը 20-30 տարի հետապնդելու է մեզ:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի հանդեպ վերաբերմունքի հարցին, Հայրապետյանն ընդգծել է, որ այստեղ ճշմարտություն ակնկալելն անիմաստ է: “Այդպիսով ստացվում է, որ Կոսովոն կարող է լինել անկախ, իսկ մաքուր հայկական Արցախը՝ ո՞չ”:

“Մենք պետք է ոչ թե որեւէ մեկի, այլ ինքներս մեզ վրա հույս դնենք: Պատմությանը հայտնի են օրինակներ, երբ մեր ամենամոտիկ դաշնակիցները դավաճանել են անգամ աչք չթարթելով: Այդ իսկ պատճառով մենք պետք է մաքուր օրգանիզմ ունենանք: Իսկ այն այսօր ժանգոտած է: Այս իմաստով մեզ մոտ շատ է կաղում դիվանագիտությունը եւ քարոզչությունը միջազգային ատյաններում: Արտգործնախարար Նալբանդյանը “զրոյական մարդ” է: Այդ թվում հենց այդ պատճառով է աշխարհը հավատում ադրբեջանական հրեշավոր ստին, իսկ մեր ճշմարտությունը չի անցնում”,- հայտարարել է Հայրապետյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող Նախագահական ընտրություններին, Լեւոն Հայրապետյանը զարմանք է հայտնել այն առնչությամբ, որ թեկնածու են առաջադրվում մինչ այդ հանրությանն անհայտ մարդիկ: Թե նրանցից ո՞ւմ կտար նա իր ձայնը, եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի, Հայրապետյանը պատասխանել է, որ այժմ գործող նախագահին: “Չենք լռելու”-ի այն դիտարկմանը, որ ահռելի քանակություն է կազմում Սերժ Սարգսյանի քաղաքականությունից դժգոհ մարդկանց քանակը, Հայրապետյանը պատասխանել է. “նա լավագույնն է վատագույնների մեջ”:

Վերջում Լեւոն Հայրապետյանը հայտնել է, որ 2013թ. հոկտեմբերին պլանավորվում է անցկացնել եւս մեկ համաարցախյան հարսանիք, որի ընթացքում կամուսնանան 2800 երիտասարդներ: Դրանից բացի, Հայրապետյանի հարազատ Վանք գյուղում ողջ թափով շարունակվում է Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինարարությունը: Դրա վերաբերյալ ծրագիրն իրականացնող կոմիտեի պատվերով տեսաֆիլմ է պատրաստվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ