28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծնվում են մեթոդիկ աշխատանքի արդյունքում. Առավոտ

image_13688

“Աշխարհի վերջը”, իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ “շուխուրը” ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչեւ “աշխարհի վերջը”` մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ` լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն` չկա այնպիսի բան, որը ես “աշխարհի վերջից” առաջ կցանկանայի անել. “Ախ, մի հատ էլ էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ “պլան” ծխեի` նոր աշխարհի վերջը գար”: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ` ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք “մեկ քայլանոց կոմբինացիաներ»”չեն:

Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս` այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությանը` ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ` իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:
Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որեւէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել եւ այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետեւ եթե այդ ծառը որեւէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի “դոզա” չէ, որը կարելի է շտապ ընդունել եւ անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:

Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա “վերջի” անհանգիստ սպասումը [պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով] եւ դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը` “երեք հատ դու շեշ գցեմ եւ մարս անեմ”, “հիմա, հիմա” “հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս” եւ այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում: Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել` այն, ինչ շտապ է, կարեւոր չէ, այն, ինչ կարեւոր է, շտապ չէ:

Արամ Աբրահամյան, Առավոտ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ