20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հրանտին կսկսեն քարկոծել. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում անդրադառնում է ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի նախագահի թեկնածու առաջադրվելու հարցին
Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լեւոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում՝ այն, ինչում նրան մեղադրում են՝ խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար՝ բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին՝ առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը եւ այլն, իրականության հետ ոչ մի կապ չունեն:

Անկախ նրանից, թե ինչպիսի՝ ճիշտ թե սխալ մտքեր է արտահայտում Դավիթ Շահնազարյանը, ես կուզեի նրա մասին ավել-պակաս բաներ գրող երիտասարդների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նա եղել է այնպիսի վայրերում եւ այնպիսի իրավիճակներում, որոնցում այդ երիտասարդները գուցե իրենց այլ կերպ դրսեւորեին:

Ինչպիսի սխալներ էլ գործած լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո (իմ կարծիքով՝ ինքնին քաղաքականություն վերադառնալն էր սխալ), միեւնույն է՝ նա պատմության մեջ կմնա ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ, այլ որպես երրորդ հանրապետության առաջին նախագահ, որի իշխանության ժամանակ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը:

Բազմիցս գրել եմ, որ մեծ բարեբախտություն էր, որ այն ծանրագույն, շրջանում մեր նախագահը հենց նա էր՝ ոչ փտած կոմունիստ, ոչ էլ արկածախնդիր “դիսիդենտ”, Տեր- Պետրոսյանի շնորհիվ մեր պետության նավը, թեեւ հիմնովին քրքրվելով, անցել է չափազանց նեղ “ջրանցքով”:

Հիմա օրակարգում Հրանտ Բագրատյանի նախագահ առաջադրվելու հարցն է: Եթե նման բան տեղի ունենա, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու: Ընդ որում, հարվածները հասցվելու են երկու կողմից: Պարզ է, թե ինչպիսին է լինելու իշխանության հակաքարոզչությունը՝ վարչապետ եղած ժամանակ քանդեց երկիրը, հզոր արդյունաբերական պոտենցիալ ունեցող ժողովրդին դարձրեց չարչի, գյուղացուն հանձնեց հողին եւ այլն: Մի խոսքով՝ լույս աշխարհ կհանվեն կոմունիստական բոլոր առասպելները, որոնք չափազանց հոգեհարազատ են մեր բնակչության զգալի մասին: Բայց քննադատություն է լինելու նաեւ հակառակ ճամբարից՝ ինչպե՞ս է նա համարձակվել, եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, դրանով նա լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ընտրությունների իմիտացիան եւ այլն:

Մինչդեռ Բագրատյանը, անկախ նախկինում իր թույլ տված սխալներից, ոչ միայն փայլուն տնտեսագետ է, այլեւ հստակ գաղափարախոսության կրող, ինչն ասյօր, համաձայնեք, շատ հազվագյուտ երեւույթ է: Այս երկու հատկությունների շնորհիվ նրա՝ որպես պատգամավորի կարծիքը կարեւորում են թե՛ խորհրդարանական մեծամասնությունը, թե՛ կառավարությունը: Պատճառը շատ պարզ է՝ նա բերում է մասնագիտական փաստարկներ, որոնք հիմնված են որոշակի արժեքային համակարգի վրա: Այնպես որ՝ նա բոլոր հիմքերն ունի առաջադրվելու:

Ասածս այն է, որ չարժե ընդդիմադիր ճամբարում հավելյալ “ռազբորկաներ” բացել եւ դիմացինին “փչացնելու” գնով փորձել բարձրացնել սեփական հեղինակությունը: “Միասնական թեկնածուն”, իհարկե, հեքիաթ է: Բայց փոխադարձ հարգանքը, կարծում եմ, միանգամայն իրատեսական “:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ