20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Համաշխարհային կինոյի հայ նորարարը․ Ռուբեն Մամուլյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

«Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»

Ամերիկյան կինոն անհնար է պատկերացնել առանց 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկի՝ Ռուբեն Մամուլյանի։
Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897 թ․ Թիֆլիսում՝ Վրաստան,հայ մեծահարուստ բանկիրի ընտանիքում։ Մանկության տարիներից ի վեր` տղան լավ նկարում էր, գրում, հատուկ հետաքրքրություն և ունակություններ էր ցուցաբերում երաժշտության ու լեզուների նկատմամբ: Բանկիր հայրը ցանկացել է, որ որդին ճարտարագետ կամ իրավաբան դառնա: Այնուհանդերձ, տղան ժառանգել էր մոր՝ դերասանուհի Վերժինե Մամուլյանի սերը թատրոնի հանդեպ:
Ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվ. Վախթանգովի թատերական ստուդիան։ 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքիթատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։
Մամուլյանի բեմադրություններն առանձնանում էին ռեժիսորական հարուստ երևակայությամբ, երաժշտական և դրամատիկական գործողությունների ներդաշնակ լուծումներով ու կերպարների հոգեբանական վերլուծություններով:

1923-ից Ռուբենը հաստատվել է ԱՄՆ-ում` ստեղծելով նաև շուրջ 20 կատակերգական, մելոդրամային, արկածային, երաժշտական ֆիմեր, որոնք մեծ ներգործություն են թողել ամերիկյան երաժշտական թատրոնի և կինոյի ձևավորման, ինչպես նաև զարգացման վրա: 1920-ականների վերջին Հոլիվուդում տաղանդներ էին փնտրում, ուստի մասնագետների ուշադրությունը գրավեց Ռուբեն Մամուլյանը` իր` Բրոդվեյը ցնցած թատերական բեմադրություններով: Հոլիվուդում նա հայտնվեց 1931-ին, որտեղ նույն թվականին ստեղծեց իր առաջին գլուխգործոցը՝ «Քաղաքի փողոցները»: Այս ֆիլմում առաջին անգամ կինոպատմության մեջ գործածվել է արտակադրային ձայնը: Հերոսուհին պատկերված է լուռ, փակ շուրթերով, մինչդեռ նրա հնչող ձայնն արտահայտում է իր մտածմունքները: Բացի այդ, իր մյուս ֆիլմերում նա իրականացրել է իր անունը կինոմատոգրաֆիայի պատմության մեջ հավերժացնող նորարարություններ. առաջին անգամ օգտագործել է երկու բարձրախոսով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա, այնուհետև` առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, նաև` օգտագործել միաժամանակ մի քանի խցիկ:

1935-ին նկարահանված Մամուլյանի «Բեքի Շարփը» առաջին ամբողջովին գունավոր ֆիլմն էր աշխարհում, ավելին` այս շարժանկարում վառ գույները ոչ միայն գեղագիտական հաճույք էին պատճառում, այլ ունեին նաև հուզական նշանակություն:

Ռեժիսորական վարպետությունը և հատկապես տաղանդավոր դերասանների հնարավորությունների բացահայտման մղումն առավել արտահայտված են նրա «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը» (ըստ Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպի, 1932 թ.), «Սիրիր ինձ այս գիշեր» (1932 թ., գլխավոր դերում՝ Մորիս Շըվալիե), «Երգ երգոց» (1933թ., գլխավոր դերում՝ Մառլեն Դիտրիխ), «Քրիստինա թագուհին» (1934 թ., գլխավոր դերում՝ Գրետա Գարբո), «Մենք կրկին ապրում ենք» (1934 թ., ըստ Լև Տոլստոյի «Հարություն» վեպի), «Ուրախ հրոսակ» (1936 թ.), «Ամառային արձակուրդ» (1948 թ.) և այլ ֆիլմերում: Մեծ հաջողություն է ունեցել նաև «Զորրոյի նշանը» (1940 թ., գլխավոր դերում՝ Թայրոն Փաուեր) արկածային կինոնկարը, որն ամերիկյան կինոյի դասական նմուշներից է: 1935 թ-ին բեմադրել է Ջորջ Գերշվինի «Պորգին և Բեսը» օպերան:

1964 թվականին գրում և հրատարակում է մանկական Աբիգայլ գիրքը։ Կյանքի վերջում թարգմանում է ժամանակակից անգլերենիՇեքսպիրի Համլետը։
1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4 – Ին Լոս Անջելեսում։
Նյու Յորք Հերալդ Թրիբյուն» պարբերականը Մամուլյանի մասին գրել է․

«Շատ տրամաբանական է, որ եթե Հոլիվուդում տեղի ունենա գեղարվեստական որևէ հեղափոխություն, այն պիտի ղեկավարի Ռուբեն Մամուլյանը»:

888full-rouben-mamoulian 452full-rouben-mamoulian 785full-rouben-mamoulian 815full-rouben-mamoulian

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ