23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ՀՀՇ համագումարից առաջ. Բագրատյանը Henaran.am-ին մեկնաբանում է իր որոշումը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը առժամանակ դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղխորհրդի հետ եւ հայտարարում նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Այս հայտարարությունը Հրանտ Բագրատյանն արել է այսօր՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ հայտարարությունը նախկին վարչապետն անում է դեկտեմբերի 22-ից՝ ՀՀՇ համագումարից առաջ, որովհետեւ ակնկալվում էր, որ հենց այստեղ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես կհայտարարի կամ գոնե կակնարկի առաջադրվել-չառաջադրվելու իր որոշման մասին, որի շուրջ Տեր-Պետրոսյանը, փաստորեն երկար է մտածում:

ՀՀՇ համագումարին Տեր-Պետրոսյանի ասելիքի հնարավորությունը երեկ չբացառեց նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ այսօր՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:

Henaran.am-ը Հրանտ Բագրատյանից փորձեց պարզել, արդյո՞ք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին իր հայտարարությունը նշանակում է, որ Հրանտ Բագրատյանը տեղյակ է Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման մասին եւ որ նա գուցե չառաջադրվի: 

՛՛Ես մեկնաբանություն չեմ անում այդ հարցին՛՛,-մեզ փոխանցեց Հրանտ Բագրատյանը՛: Իսկ մեր այն հարցին, թե իր կարծիքով այս որոշումը ՀԱԿ-ի համար սպասելի՞ էր, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.՛՛Դա գաղտնիք չէր՛՛:

Հրանտ Բագրատյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով կարժանանա՞ ՀԱԿ-ի որոշ գործիչների կողմից ՛՛դավաճան՛՛ որակմանը, պատգամավորն արձագանքեց, որ այդ հարցն իրեն չպետք է ուղղել:

Նշենք, որ  ՀԱԿ-ի կազմից դուրս եկած գործիչներին ժամանակին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ՛՛դավաճան՛՛ էր անվանել:

Հավելենք, որ ՀՀ նախկին վարչապետը ՀԱԿ-ի այն գործիչներից էր, որը դեմ էր ԲՀԿ-ի հետ մերձեցման Կոնգրեսի ընտրած մարտավարությանը եւ, ըստ էության, դա չէր էլ թաքցնում: Իսկ Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսված զրույցի հետո մարտավարական խնդիրների շուրջ նրա եւ ՀԱԿ-ի որդեգրած գծի միջեւ առկա հակասությունն արդեն անհերքելի դարձավ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ