19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էթիկայի հանձնաժողովը կքննի ԲՀԿ-ական պատգամավորի հարցը

 

 

 

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 21-ի նիստում կքննարկի «Ռազմավարական մշակումներ կենտրոն” հասարակական կազմակերպության դեկտեմբերի 11-ի դիմումի քննության վերաբերյալ հարցը: Քննության արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումը կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշում:

“Ռազմավարական մշակումներ կենտրոն” ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ ԶԼՄ-ներում հրապարակված դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը:

Ըստ տեսանյութի, ինչպես նշված է դիմումում, “ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգևորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ և ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը “ճանաչված այր” է ու իր հետ համագործակցելը “շահավետ” կլինի”։

Դիմումատուն ընդգծում է, որ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և uտեղծագործական աշխատանքից։

Ըստ ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կայքէջի, դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում է նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի դիմումի քննության առնչությամբ հարցում ուղարկելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովը Ա. Ռուստամյանի դիմումը` նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված և չմասնակցած 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը քննելու և համապատասխան որոշում կայացնելու խնդրանքով, քննության է ընդունել դեկտեմբերի 7-ի նիստի որոշմամբ: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին հրավիրված խորհրդարանի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերում, “Բնակչության պետական ռեգիստրի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին “Հայ ազգային կոնգրես” խմբակցության անդամների հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը:

Սակայն նիստը չկայացավ, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված երեք ժամում քվորումն այդպես էլ չապահովվեց. գրանցվել էր ընդամենը 46 պատգամավոր, մինչդեռ նիստի աշխատանքը սկսվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեր առնվազն 66 պատգամավոր:

 

 

Նյութը` “Փաստինֆո”-ի

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ