19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջին կին դեսպանը հայուհի էր. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Աշխարհում առաջին կին դեսպանը հայուհի էր: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը  Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին, այսինքն` 3 տարի ավելի շուտ,  ուղղակի  նրա  կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները  քիչ են հայտնի:  

Դիանա Աբգարը` Անահիտ Հովհաննեսի Աբգարյան (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան), ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 12-ին:

Դիանա Աբգարի ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։

Դիանան Կալկաթայում կրթություն է ստացել կանանց մենաստանում։ 1890 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարյանի հետ, որից հետո որոշել են մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը։ 1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու մահից հետո ընտանիքը տեղափոխվել է Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին եւ նրա տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է Յոկոհամայի «The Japan Gazette» անգլալեզու ճապոնական թերթին: Այդ թերթի հրատարակչությունում նրա անգլերեն հրատարակած գրքերից են «The Truth About the Armenian Massacres»-«Ճշմարտությունը հայության ջարդերի մասին» (1910), «The Case of the Armenians»-«Հայկական հարցը», Betrayed Armenia-«Դավաճանված Հայաստան» (1912), «In His Name»-«Իր անունով» (1911), «The Peace of Europe»-«Եվրոպայի խաղաղությունը», «The Peace Problem»-«Խաղաղության հարցը» (1912), «Peace and No peace»-«Խաղաղություն եւ ոչ խաղաղություն» (1912): Նա նաեւ կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» եւ այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արեւելքի երկրների տնտեսության վերաբերյալ: Բացի հայերենից ու անգլերենից Դիանան տիրապետել է նաեւ հնդկերենին, ճապոներենին ու չինարենին:

Դիանան նաեւ բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն եւ ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում: Աբգարը դրանք լսել եւ գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից:

Նա Ճապոնիայում ապրել է 46 տարի։

1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում։

Դիվանագետը լավատեղյակ էր ինչպես հայ ժողովրդի ծանր վիճակի, այնպես էլ եվրոպական երկրներից տրվող օգնության պակասի մասին: Ճապոնացի ուսումնասիրող Հիդեհարու Նակաջիմայի խոսքերով` «Դիանա Աբգարը, 46 տարի ապրելով հեռավոր Ճապոնիայում, միակ հայ կինն էր, ով լիովին տիրապետում էր միջազգային իրավիճակին»: Նա ամեն ինչ արել է Եվրոպայի օգնությունը կազմակերպելու ուղղությամբ, բայց ապարդյուն: Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ: Արդյունքում կատարվեց ամենաահավորը. Դիանայի հայրենակիցները, հայ ժողովրդի ստվար զանգվածը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Հենց այդ ժամանակ իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսեւորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի եւ Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը եւ փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաեւ Սինգապուրի եւ Ինդոնեզիայի հայերը:

Ժամանակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացված, գթառատ եւ հստակ գործող անձնավորություն: Նա ունեցել է նաեւ շատ տպավորիչ արտաքին ու հմայք: Երբ նա մտել է տարբեր դահլիճներ, բոլոր ազգերի դիվանագետները միշտ ոտքի են կանգնել:

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում։ Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանը՝ ամուսնու շիրմի կողքին։ 1984 թվականին ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով գտնվել են Աբգարի 3 գրքերը (հրատարակված 1911-1918 թվականներին Յոկոհամայում) և վերջինիս տունը Յոկոհամայում։ Դիանայի սերունդներն այսօր ապրում են ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում։

Diana-Abgar-ambassador-to-JapanAnahit_Diana_Abgarian_(Aghabekian),_1854-1937._The_first_female_ambassador_of_the_World

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ