29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ սահմանափակում Ազգային ժողով մուտք գործելու գոյություն չունի. Հ. Նաղդալյան

24

Երեկ Արամ Մանուկյանը հայտարարություն արեց, թե ԱԺ նախագահի «հրահանգով» պատգամավորներն իրավունք չունեն Ազգային ժողով լրագրող հրավիրել, եթե ինքը չի տվել իր համաձայնությունը և անվանեց այն տոտալ վերահսկողության փորձ:

Այս կապակցությամբ տեղում իր անհամաձայնությունը հայտնեց ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ումից փորձեցինք ճշտել՝ ինչումն է խնդիրը:

Տիկին Նաղդալյան, իսկապես կա՞ նման հրահանգ ԱԺ նախագահի կողմից և արդյոք նոր կա՞րգ է սահմանվել լրագրողների՝ ԱԺ-ում գործունեություն ծավալելու համար:

–  Որևէ սահմանափակում Ազգային ժողով մուտք գործելու գոյություն չունի, Դուք տեսնում եք՝ այս կառույցն ինչքան բաց է, և բազմաթիվ այցելուներ տարբեր խնդիրներով գալիս են Ազգային ժողով ՝ դա և՛ հասարակական հատվածն է, և՛ բազմաթիվ դպրոցներից , բուհերից խմբեր, ուսանողներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Նաև, հաշվի առնելով, որ Ազգային ժողովի աշխատակազմը մեծաթիվ է՝ պատգամավորներ, նրանց օգնականներ, աշխատակազմ և այլն, բնականաբար, անվտանգության խնդիրները լուրջ ուշադրություն են պահանջում: Դեռևս 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո կայացվեց այս որոշումը, որ նիստերի օրերին անվտանգությունը ապահովելու և կազմակերպելու լրացուցիչ ձևաչափ ընդունվի ՝ Ազգային ժողովի տարածք մուտք գործելու համար:

Համաձայն չեմ պարոն Մանուկյանի այն պնդման հետ, թե լրագրողների մուտքը Ազգային ժողով սահմանափակվում է, որովհետև, գիտեք, Ազգային ժողովում այսօր հավատարմագրված են շուրջ 300 լրագրող, և մեր աշխատակազմը երբեմն նույնիսկ համեմատություն է անում, որ յուրաքանչյուր պատգամավորին մեկ լրագրող և մեկ օպերատոր է հասնում: Բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցների , հեռուստաընկերությունների լրագրողներ հավատարմագրված են Ազգային ժողովում, և խիստ բնական է ու պարտադիր, որ անվտանգության խնդիրները՝ ելնելով այդ դառը փորձից, պետք է շատ ավելի բարձր մակարդակի վրա դրված լինեն: Սա ոչ թե սահմանափակում է, այլ Ազգային ժողովի բարձր մակարդակով իրազեկում, որը կարծում եմ անհրաժեշտ միջոցառում է:

-Տիկին Նաղդալյան, Արամ Մանուկյանը երեկ նաև իր դժգոհությունը հայտնեց  Ազգային ժողովի դարպասների մոտ նախօրեին ոստիկանության ձեռնարկած միջոցառումների առիթով, որի արդյունքում բերման ենթարկելու փորձ էր կատարվել նաև նրա նկատմամբ, արդյո՞ք ոստիկանության կողմից սա ադեկվատ գործողություն էր:

–  Այդ օրվա գործողությունների կադրերը համացանցում առկա են, նույն օրը երեկոյան հնչել է նաև ՀՀ Ոստիկանության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից` բերման ենթարկվողների մեջ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանին տեղում նկատելուց հետո, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, պատգամավորի նկատմամբ  որևէ միջոց չի կիրառվել: Այսինքն՝ Ոստիկանության գործողությունները եղել են օրենքի սահմաններում:  Մենք ողջունում ենք միտինգների, խաղաղ հավաքների մանսակցելու մեր քաղաքացիների իրավունքը, բայց մեկ պահանջ կա, որը նախապայման է առ այն, որ այդ ամենը պետք է լինի օրենքի շրջանակներում և առանց գործող օրենքները խախտելու, այդ դեպքում Ոստիկանությունը որևէ ասելիք կամ անելիք չէր ունենա:

Անկեղծ ասած, այդ հավաքը, որն ի սկզբանե քաղաքապետարանին իրազեկված էր որպես երթ անցկացնելու  միջոցառում, իր թվաքանակով բոլորովին չէր խոսում այն մասին, որ պետք է իշխանությունները անհանգստանան առճակատումից կամ նման մասսայական մասնակցությունից: Իրականում փոքրաթիվ հավաք է եղել և որևէ խնդիր դրա հետ կապված իշխանությունները չեն ունեցել, իսկ ձեռնարկված միջոցառումներն էլ կիրառվել են՝ պայմանավորված բացառապես այն հանգամանքով, որ երթի մասնակիցները, շրջանցելով Երևանի քաղաքապետարան ներկայացված իրազեկման պայմանները, երթն ընդհատել են ՀՀ Ազգային ժողովի ցանկապատին հարող տարածքում և իրականացրել հավաք, որը նախատեսված չի եղել:

Կարծում եմ, բոլորի համար նկատելի են փոփոխությունները, որոնք կատարվել են մեր ոստիկանության համակարգի աշխատանքներում,  և այսօր, կարելի է ասել, եվրոպական ժողովրդավար երկրներին է դա հարիր: Անհրաժեշտ է նաև , որ հավաքների կազմակերպման և անցկացման գործընթացը նույնպես չշեղվի օրենքների պահանջից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ