25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրենիքը յուրաքանչյուրիս մեջ է անկախ մեր բնակության աշխարհագրական տարածքից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ:

Շուրջ քառորդ  դար մենք տերն ենք մի արժեքի, որի համար այսօր էլ աշխարհում  դեռ պայքար է մղվում, կյանքեր են զոհաբերվում, սահմանային գծեր սրբագրվում:Դա այն արժեքն է, որ մեր մեջ արհեստականորեն չի  մտցվել ինչ-որ մեկի կողմից, այլ ամուր նստած է մեր գիտակցության ու հոգու մեջ, արժեք, որից մենք երբեւէ չենք հրաժարվել, եթե նույնիսկ ոմանք փորձել են այն ուժով հանել մեր միջից:

Մենք վստահորեն ու միասնական ենք կատարել մեր ընտրությունը,  եւ պարտավոր ենք նույն վստահությամբ ու համախմբվածությամբ լիարժեք իրականություն դարձնել այն ամենը, ինչ ամփոփված է անկախության գաղափարի մեջ: Հակառակ դեպքում այն կնմանվի չամբողջացած երազանքի ու կիսատ մնացած ցանկության: Մեր հաղթանակները վկան են, որ մենք չենք կարող կիսատ երազանք ունենալ, որովհետեւ դա վտանգավոր է ապագայի համար: Ուստիեւ աշխարհի տարբեր վայրերում դրսեւորվող մեր ներուժի, բազմիցս ապացուցված մեր կենսունակության, ապագայի հանդեպ ամուր հավատի շնորհիվ մեր հաղթանակների շարունակականությունն ապահովելու, անընդհատ երազելու եւ այն իրականություն դարձնելու հնարավորություն  ու պարտավորություն ունենք, ինչին այլընտրանք չունենք: Հակառակը անհետանալն է աշխարհի քարտեզից, որի առաջին ու հիմնավոր  ստեղծողներից ու այն գծողներից ենք, ինչի հետ հաշվի են նստում նույնիսկ նրանք, ովքեր արհեստականորեն ու ակամա են հայտնվել այդ քարտեզին:

Սիրելի հայրենակիցներ,

Հայրենիքը յուրաքանչյուրիս մեջ է անկախ մեր բնակության աշխարհագրական տարածքից՝ միավորելով մեզ եւ միավորվելով մեր մեջ:  Անկախության համար պայքարել ենք առանց այդ տարածքն ու տարածությունը հաշվի առնելու, ազատ ու անկախ ապրելու գաղափարը սերնդեսերունդ գիտակցաբար  միմյանց փոխանցած, սփյուռքից դեպի Հայաստան ու Արցախ եւ հակառակ ուղղությամբ գցված, մշտապես ամրապնդվող, երազանքների ու գործնական քայլերի, ազգային մտածողության ու գործելակերպի վրա հիմնված համահայկական կամրջով ու համաժողովրդական ջանքերով: Մենք համատեղել ենք մեր երազանքը եւ գաղափարը, մեր միջոցներն ու հնարավորությունները, մեր զարկն ու զենքը եւ հաղթել: Մենք համատեղում ենք այդ ամենը նաեւ հիմա եւ շարունակելու ենք հաղթել, որովհետեւ պատմական արդարության վերջնական վերականգնումը նշանակում է երազանքի ամբողջացում համահայկական գիտակցական ու աշխարհագրական տարածքում:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն ու լավատեսություն, ավելի բարեկեցիկ ու ավելի հզոր հայրենիք, որ պիտի շարունակենք կառուցել միասին՝ հավատով, վստահությամբ ու սիրով»:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ