24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեր փոխարեն ուրիշներ կգան

«Վաղուց այս դահլիճում այսքան մանրակրկիտ ու շահագրգիռ քննարկում չէր եղել: Դա բնական ու ճիշտ է, երբ խնդրո առարկան պետության հիմնաքարն է՝ Հիմնական օրենքը, որից բխում են բոլոր մյուս օրենքները: Իսկզբանե ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին՝ ոչ միայն իր հանրագիտարանային գիտելիքների համար, այլև հանդարտ ու հանգամանալից պատասխանների, մասնագիտական, առանց հուզումներին տուրք տալու, որոնք խորքից ու հիմքից բացահայտում են գործող Սահմանադրության ու առաջարկվող փոփոխությունների բուն էությունը, նպատակներն ու իմաստը:

Օգտվելով առիթից, նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ողջ կազմին, հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանին, մեր անվանի իրավաբաններին՝ Դանիելյան, Թովմասյան, Ղազինյան, Դավիթ Հարությունյան, ում կատարած իրապես բարձրորակ աշխատանքը բարձր գնահատականների արժանացավ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում, նկատի ունեմ առաջին հերթին՝ բծախնդիր Վենետիկյան սահմանադրագետներին:

Որակյալ իրավական հենքը Սահմանադրական գործընթացի կարևորագույն բաղադրիչն է, սահմանադրական իրավունքը սահմանադրականության տեխնոլոգիան է, բայց Սահմանադրության բարեփոխումը լոկ իրավական գործընթաց չէ, այլ՝ իրավաքաղաքական, քանի որ ձևավորվում են պետության և հասարակության կենսագործունեության արժեհամակարգային կողմնորոշիչները և քաղաքական ռազմավարական նպատակները: Ուստի, Սահմանադրական հանձնաժողովի մասնագիտական աշխատանքի տրամաբանական շարունակությունը կատարվում է լայն հասարակական , քաղաքական քննարկումների միջոցով, և այսօր՝ արդեն խորհրդարանում, քաղաքական գործիչների և կուսակցությունների կողմից: Արդեն արտահերթ նիստում, մեր աշխատանքների չորրորդ օրը կարող ենք արձանագրել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը կայացավ ու ստացվեց, տասնյակ բովանդակային ելույթներ ու առաջարկներ հնչեցին, որոնք, անկասկած, կարող են ավելի հարստացնել ու որոշակիացնել, ավելի գործուն դարձնել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Դա հենց այն արդյունքն է, որ մենք ակնկալում էինք այս քննարկումներից:

Հնչեցին, իհարկե, նաև քաղաքական և քաղաքականացված ու նախագծի էության հետ համարյա կապ չունեցող ելույթներ: Դա ևս բնական ընդունենք, դա վկայում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը, քաղաքական ազատություններն ու բազմակարծությունը իսկապես բարձր հիմքերի վրա են: Կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան համարելու, որ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան կայացել է և արդեն իր առաջին արդյունքները տվեց այս մի քանի օրվա քննարկումներում: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը մնաց իր տեսակետին, դա ևս բնական է: Խորհրդարանում գործող քաղաքական ուժերը ճանապարհ անցած, պատմություն, ավանդույթներ ու տաբուներ ունեցող կուսակցություններ են: Սա պետք է հասկանալ ու գնահատել: Ինչպես պետք է հասկանալ այն, ինչն ակնհայտ է՝ փաստացի՝ նրանք, ովքեր իրենց համարում են ՛՛Ոչ՛՛-ի ճակատից, այդ որոշումը կայացրել են զուտ քաղաքական նկատառումներով, և եթե դուրս գային իրենց կուսակցական կաղապարներից, ՛՛ոչ՛՛ ասելու հիմքեր չէին գտնելու:

Բոլոր դեպքերում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, որ չորս օր շարունակ իրենց կողմ ու դեմ տեսակետները բարձրաձայնելով՝ ավելի պարզ, որոշակի ու հասկանալի դարձրին Սահմանադրության պես իրավական ու քաղաքական բարդ փաստաթուղթը:

Իրականում այսօր մենք , ինչպես աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ, պատասխանում ենք մարդկության պատմության ամենահին ու ամենաժամանակակից հարցին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս ու ու՞ր ենք գնում: Փառք Աստծո, որ բազում դարերի պետականազուրկ գոյատևումից հետո այսօր կարող ենք ասել, որ գալիս ենք մեր պատմության՝ մեր ձեռքով ստեղծած հիմքից և ուզում ենք կատարելագործել այդ հիմքերը, որպեսզի ավելի հստակ ու հեռանկարային դառնա այն հասցեն, դեպի ուր գնում ենք:

Ցավով եմ ասում, որ թե Սահմանադրության քննարկման, թե մեր մյուս բոլոր հարցերում մենք չափազանց քաղաքականացված վերաբերմունք ունենք: Բայց քաղաքականացվածությունն էլ պիտի նպատակ ունենա ու խնդիր լուծի: Մենք հենց այնպես ամեն ինչ քաղաքականացնում ենք ու հարթ ճանապարհին փակուղիներ հնարում, որ հետո աշխարհով մեկ բողոքենք, թե այս լաբիրինթոսից ելք չկա: Կա: Ելքեր միշտ կան: Տեսնել է պետք: Իսկ տեսնելու համար պետք է առաջ նայել:

Այս օրերի քննարկումներն ինձ համոզեցին, որ ընդդիմությունը Հայաստանում եղել ու մնում է միտինգային հարթության մեջ: Հակառակ, որ խորհրդարանական կուսակցություններ են: Նորից ցավով եմ ասում, որ մեր ընդդիմադիր գործընկերները՝ որ լավ հանրահավաքային հռետորներ են,  խորհրդարանական հարթակն ու միտինգային հարթակը հավասարեցնում են ու իրենց ելույթներում մնում են հանրահավաքային հռետորների դերում:  Իսկ դա ռազմավարական ու մարտավարական սխալ է: Ժամանակն առաջ է գնում, հարգելի գործընկերներ, ի՞նչ եք դուք ասում: Որ իշխանությունը վա՞տն է, որ իշխանությունը ամեն ինչ անում է վերարտադրվելու՞ համար: Իսկ ի՞նչ եք անում դուք:

Ամեն անգամ դեմ քվեարկելով պետական բյուջեի նախագծին ու հիմնարար այլ օրենքների, սպառվու՞մ է ձեր ընդդիմադիր առաքելությունը, իշխանությանը իր արած ու չարած սխալները հակադարձելուց բացի որևէ այլ գործ, նպատակ, խնդիր դուք ունե՞ք: Եթե ունեք, սա՞ չէր լավագույն պահը հնչեցնելու համար:

Ես աղոտ հույսեր ունեի, որ Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որ մեր ընդդիմադիր գործընկերներին բովանդակային քննարկման ու առաջարկներ անելու կմղի: Թեկուզ՝ սեփական շահերից ելնելով: Թեկուզ ապահովելու իրենց համար գործունեության առավել մեծ հնարավորություններ: Այս Սահմանադրությունը ընդդիմության դերակատարության բարձրացման, քաղաքական բազմակարծության ընդլայնման, կոմպրոմիսներով կառավարելու, կառավարողների հաշվետվողականության Սահմանադրություն է: Տարիներով խոսում եք ընդդիմության իրավունքների, կառավարման համակարգում ներկայացվածության անհրաժեշտության մասին: Ընդդիմության դերի մեծացման մասին:  Ստանում եք այդ հնարավորությունները, ինչու՞ եք դեմ:  Լավ, «Ոչ» եք ասում սկզբունքորեն, առանց պատճառաբանելու, հետո ի՞նչ եք անելու: Իշխանությունն առաջարկում է համակարգային փոփոխություն, պետական կառավարման մեխանիզմների կատարելագործում, իշխանությունը քայլ է անում դեպի հանրային կյանքի բարելավում: Դուք հերքում եք որևէ շանսի հավանականությունը ու ուզում եք ամեն ինչ անփոփոխ մնա: Ձեր ցանկացած փոփոխությունը երկրի կյանքում ընդամենը մեկն է՝ դուք լինեք իշխանություն: Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից Հայաստանի քաղաքացիների կյանքում: Դա ասեք, ոչ թե կրկնեք, թե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուզում են վերարտադրվել, իսկ մենք չենք թողնի: ՀՀԿ-ն ոչ թե վերարտադրվում է, ՀՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը՝ իր հնարավորությունների ու ստանձնած պատասխանատվության շրջանակներով, իր վստահության չափով: Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը ու Սահմանադրության փոփոխության հարցը իրար կապելը ու դրանից կառչած մնալը ոչ թե քաղաքական մարգարեություն է, այլ ձեր թուլության ու իրական ասելիք չունենալու հետևանք, իմ հարգելի ընդդիմադիր գործընկերներ: Կրկնում եմ՝ մենք գնալու ենք մեր ճանապարհը, մենք համոզված ենք, որ հնարավոր ճիշտ ու անհրաժեշտ քայլերն ենք անում Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի համար, մենք հիմնավորում ենք մեր քայլերը: Իսկ դուք ընդամենն ասում եք՝ ոչ և ոչինչ:

Փաստորեն՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումը Ազգային ժողովում ունեցավ նաև կողմնակի արդյունք՝ խորհրդարանական ընդդիմությունը ի լուր ընտրողների հայտարարեց, որ պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնելու, պատրաստ չէ նոր պայմաններում գործելու ու չի ցանկանում որևէ փոփոխություն երկրում, թեպետ տարիներ շարունակ փոփոխությունների անհրաժեշտությունից է խոսել ու խոսում: Գետնատարած հայացքով հայրենիք չեն կառուցում, երազանք ունեցեք, պրագմատիզմը միշտ չէ, որ փարոս է իշխանություն ձեռքբերելու  ճանապարհին: Իսկ եթե պատրաստ չեք պատասխանատվության, սուրբ տեղը թափուր չի մնում, ձեր փոխարեն ուրիշներ կգան: Դա է ընտրության օրենքը, որ հավատացեք, ոչ ՀՀԿ-ն է հնարել, ոչ Սերժ Սարգսյանը:

Սահմանադրության փոփոխությանը խորհրդարանում «Այո» կամ «Ոչ» ասելուց առաջ լավ մտածեք պատճառահետևանքային կապերի մասին: Մենք ընդունում ենք մեր որոշումը իբրև պատգամավոր, իսկ վերջնական խոսքը հանրաքվեում ասելու է Հայաստանի ժողովուրդը: Ուպետք չէ անվերջ բացասական լիցքեր տարածել այս ամբիոնից ու այս դահլիճից՝ փոխարենը դրական ոչինչ չառաջարկելով: Ամենահեշտը «Ոչ» ասելով հեռանալն է, դժվարը «Այո» ասել ու ասածն անելն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ