25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաց նամակ ՀՀ նախագահին. խոստանում են լքել Հայաստանը

Ամիրյան փողոցի պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով 7 տարվա ընթացքում անպատասխան մնացած խնդիրներին լուծում տալ, այլապես իրենք կհեռանան Հայաստանից: Նամակում, մասնավորապես, ասվում է.

“Մեծարգո Պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն04.03.2004 թ. և 909–ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ-ի գարնանը ստիպված էինք (այլ առաջարկ՝ առևտրային տարածք, բնակարան, մեր առևտրային տարածքների շուկայական արժեքը, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր առևտրային տարածքները և բնակարանները։

Շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2008թ. հունվարը, սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել (ներկայում պետության այս և մյուս սխալները ու օրենքների խախտումները՝ ՀՀ-ի լիազորված անձի և կառուցապատողի նույն անձը լինելը, ՀՀ–ի կողմից առևտրային տարածքների և բնակարանների հատակագծերի չտրամադրելը և այլն, որպես օրենքի ու պարզապես առողջ դատողության ծանակում և զավեշտ փորձում են ներկայացնել որպես ֆորս մաժոր և պայմանագրի թերիություն)։

2009 թ. ՀՀ կառավարությունը 3 մլն. դոլար տրամադրեց շինարարությունը ավարտելու համար։ ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայս0ր չի ավարտվել։ Իմիջիայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2 տարում չի էլ ավարտվի։

Անցել է 7 տարի, բայց մենք չենք ստացել ոչ պայմանագրերով նախատեսված առևտրային տարածքները, ոչ բնակարանները, ոչ բնակության վարձակալության գումարնները, ոչ շինարարության ձգձգման տուգանքները, ոչ կրած վնասների փոխհատուցումը։

Մեզ մինչ այժմ չի հատկացվել Սեփականության վկայակաները, և մենք չենք կարող ոչ մի իրավական գործողություն կատարել կիսակառույց տարածքների նկատմամբ՝ վաճառք, նվիրատվություն, կտակ։

Զրկվելով ապրուստի միջոցներից մենք հայտնվել ենք աղետալի վիճակում, քանի որ վարձակալած բնակարաններից մեզ հանել են։ իրենց նոր բնակարանները չտեսնելով, վարձակալած բնակարաններում արդեն մարդիկ են մահացել, արդեն մարդիկ են լքել հայրենիքը, երիտասարդները, բնակարանի բացակայության հետևանքով, չեն կարողանում ընտանիք կազմել։

Բազմաթիվ անգամ գրավոր դիմել ենք ձեր աշխատակազմին, վարչապետին, կառավարությանը, քաղաքապետարանին, հանրային խորհրդին։ Բոլոր դիմումները վերահասցեագրվում են քաղաքապետարանին, չնայած այն բանին, որ այդ հարցով զբաղվում է ֆինանսների նախարարությունը։ Արդեն տարուց ավել է, ինչ մենք դիմել ենք դատարան։ ՀՀ-ի լիազորված անձի ներկայացուցչի գրավոր պատասխանից հետևում է, որ ՀՀ-ի անունից 2005թ. կնքված պայմանագրերը կնքման իսկ պահից կանխամտածված խաբեություն են եղել Ամիրյան փողոցի 26 ընտանիքների հանդեպ։

Արդեն շատերիս առևտրային տարածքները և բնակարանները վաճառվել են։ Ոչ ձեր վերահսկողական մարմիններին և ոչ էլ դատախազությանը դա չի հետաքրքրում: պետական պաշտոնյանների արված առաջարկները խաբեության նոր ձև է՝ պայմանագրերով նախատեսված առևտրային տարածքների փոխարեն առաջարկում են ուրիշ հարկերում միայն բնակարաններ, ինչը մեր համար անընդունելի է։ Պետական պաշտոնյանները հայտարարում են, որ պետությունը հրաժարվում է կատարել պայմանագրով նախատեսված իր գումարային պարտավորությունները, թեկուզ հասնենք եվորպական դատարան։ Միթե սրանից չի հետևում, որ դատարանի երեք ատյաներն էլ հրահանգված են և իսկությունը, որը ակնհայտ է բոլորի համար ով գեթ մեկ անգամ կարդացել է ՀՀ անունից կնքված պայմանագրերը, անհնար է, որ երբևէ հաղթի ՀՀ դատարաններում:

Եթե ՀՀ դատարաններում ակնհայտ արդարությունը չհաստատվի, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան հետևել պետական պաշտոնյանների “խորհրդին”, հասնել եվրոպական դատարան և մի անձի գերշահույթ ստանալու համար ՀՀ անունից կնքված պայմանգրերի դիմաց, ավաղ արդեն որ երրորդ անգամ, վճարելու է պետությունը, այսինքն ՀՀ ոչ մի մեղք չունեցող հարկատուները։

Եթե ՀՀ ցանկություն ունենար, ապա վաղուց և շատ հեշտ կլուծեր այս հարցը։ Դրա համար ընդամենը պետք էր կատարել սեփական պարտավորությունները, իսկ հետո դատական կարգով իր լիազորված անձից բռնագանձել պետական պարտավորությունների հանրագումարը։

Քաղաքակիրթ երկիրը իր բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով ներողություն կխնդրեր գրեթե 7 տարի իր քաղաքացիներին տնից զրկելու համար, այլ ոչ թե կփորձեր պատասխանությունը գցել իր լիազորված անձի ժառանգների վրա։ Քաղաքակիրթ երկիրը հոգ է տանում սեփական քաղաքացիների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման մասին, այլ ոչ թե մի երկու հոգու գերշահույթի մասին։ Ի դեպ, ըստ ՀՀ–ի և իր լիազորված անձի միջև 2004թ. հուլիսին կնքված պայմանագրի, եթե կառուցապատողը 2007թ. հուլիսին շենքը շահագորման չհանձներ ՀՀ պարտավոր էր այն վերցնել նրանից: Ինչու ՀՀ դա չի արել, հանելուկ է։

Մարդու իրավունքների պաշտպանի 2010 թ. տարեկան զեկույցում (էջ 175–176) և Սահմանադրական դատարանի 18.04.2006թ. ընդունված 630 որոշումում շեշտվել է, որ մեր Մարդու և Սահմանադրական իրավունքները ՀՀ-ի կողմից ոտնահարվել են:

Մեծարգո Պարոն նախագահ, խնդրում ենք դադարեցնել ՀՀ անունից կատարվող ապօրինությունները, խաբեությունները, առևտրային տարածքների գողությունները, բնակարանագողությունները և վերջապես վերականգնել արդարությունը ու Սահմանադրության 8 ու 31 հոդվածներով նախատեսված մեր իրավունքները:

Մեծարգո Պարոն նախագահ, եթե չվերականգնվեն մեր ոտնահարված իրավունքները, ապա մեզ այլ միջոց չի մնա, քան ընտանիքներով մեկընդմիշտ լքել հայրենիքը և ապաստան հայցել արտերկրում: Ինչքան կարելի է հանդուրժել այս պետական մակարդակով իրականացվող ծաղրուծանակը և ապրել մի պետությունում, որը տեր չի կանգնում նույնիսկ իր գրավոր պարտավորություններին ու մի անձի գերշահույթի համար ծաղրուծանակի է ենթարկում իր հարյուրավոր քաղաքացիներին”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ