19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ, ՌԴ եւ ԱՀ նախագահների համատեղ հայտարարությունը

Ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը, որը տրամադրեց ՀՀ նախագահի մամլո գրասենյակը 
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2012թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին  շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ