20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Օսկանյանական դիլետանտիզմն ըստ Շարմազանովի

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս հերթական քննադատությունն է արտահայտել ՀՀ իշխանությունների հասցեին` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Արդյո՞ք այդ քննադատություններն առարկայական են, թե ներքաղաքական տիրույթում են ու էժանագին պոպուլիզմ:

 Օսկանյանը, “զարմանքով արձանագրում էեւ չի հասկանում ներկայիս ԱԳ նախարարի` ասիական, աֆրիկյան եւ լատինամերիկյան այցերի կարեւորությունը: Իհարկե անհասկանալի” կլինի, քանզի իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նախկին արտգործնախարարը մոռացության մատնեց վերոնշյալ տարածաշրջանները, ինչի արդյունքում տասնյակ երկրներ ուղղակի հանձնվեցինադրբեջանական հակահայկական քաղաքականությանն ի պահ: Միգուցե այդ անտարբերությո՞ւնն էր, որ ծնեց Օսկանյանի 10-ամյա կոմպլեմենտարիզմի “դափնեպսակը”` 2008թ. ՄԱԿ-ի ԳԱ հակահայկական բանաձեւը, որին ի դեպ կողմ քվեարկեցին հետագայում մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնված երկրները:

Միգուցե այն, ինչ արվում է այսօր, նախորդ բացթողումների եւ դրանց հետեւանքների վերացո՞ւմն է, որի լավագույն վկայությունը վերջերս ԱԳ նախարար Նալբանդյանի՝ Մեխիկոյում արտահայտած անհանգստությունն ու բացատրությունների պահանջն էր:

Օսկանյանը նաեւ թվարկում է տարածաշրջանային վերջին զարգացումները (Սաֆարովի արտահանձնում, ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում, ռուս-թուրքական եւ այլն), որոնք, ըստ նրա` “լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարեւորագույն՝ Լեռնային Ղարաբաղի եւ հայթուրքական հարաբերությունների հարցերում”:

Նախկին արտգործնախարարի տրամաբանությամբ Հայաստանի դիվանագիտությունը, օգտվելով Սաֆարովի արտահանձնման փաստից, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը: Իսկ արդյոք այդ գործընթացը նո՞ր պետք է սկսվի: Չէ՞ որ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միայն 2008թից սկսվեց ամրապնդվել ու ամրագրվել միջազգային հանրության հրապարակային հայտարարություններում:

Օսկանյանը, “ինքնորոշված լինելու փաստի ամրագրում” ասելով, առաջարկում է, որ “Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր”: Հարց է առաջանում. ի՞նչն էր խանգարում նրան նման առաջարկ անել իր պաշտոնավարման երկարուձիգ տարիների ընթացքում: Մի՞թե նախկին արտգործնախարարը չի գիտակցում, որ այսօր հայկական կողմը ադրբեջանական նավթա-ֆինանսական գերակշռությանը  հակակշռում է բանակցություններում իր դիվանագիտական գերակայությամբ: Մի՞թե չի տեսնում, որ այդ գերակշռությունն է, որ այսօր ջղաձգումների մեջ է գցել Բաքվին, որը վերջին փորձերն է անում դուրս պրծնել ներկա բանակցային ձեւաչափից:

Իսկ ի՞նչ է առաջարկում Օսկանյանը: Ըստ էության նախկին արտգործնախարարն առաջարկում է ջուր լցնել Ադրբեջանի ջրաղացին, Բաքվի բանակցային հետքայլին պատասխանել համարժեք հետքայլով:

Բոլորին է հայտնի, եւ դա ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ երաշխիքի գործնական ապահովումը, կարծում եմ, որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը, եթե Ադրբեջանը տապալի բանակցային գործընթացը:

Սաֆարովի ազատ արձակումից հետո Հայաստանը բանակցություններում շահեց ուղիղ այնքան, որքան կորցրեց Ադրբեջանը, եւ դա շարունակվում է արտահայտվել թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում, թե՛ դրանից դուրս միջազգային գլխավոր դերակատարների վերաբերմունքում Բաքվի նկատմամբ:

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա զարմանալի է, որ նրա համար պարզ չէ, որ Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ այնպիսի բարձր մակարդակի վրա են գտնվում, որ մենք կարիք չունենք օգտվել մեր դաշնակցի այլ երկրների հետ լավացող կամ վատացող հարաբերություններից:

Իսկ առաջարկությունը, թե թուրք-սիրիական լարվածությունն օգտագործելով պետք է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրությունները, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:  Ամբողջ աշխարհն այսօր մատնանշում է Թուրքիային՝ ասելով, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Օսկանյանի առաջարկներին հետեւելով կարելի է գնդակը վերադարձնել ոչ միայն հայկական կիսադաշտ, այլեւ հայկական դարպաս:

Ըստ էության, Օսկանյանի առաջարկներն Արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական արձանագրությունների մասով կարելի է որակել որպես դիլետանտիզմ: Մեկ-մեկ կարելի է լսել արտաքին քաղաքական որեւէ փորձ չունեցող վերլուծաբանի քննադատությունը` ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությանը: Դա ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ, քանի որ իրական քաղաքականությունից կտրված անհատը այլ պատկերացումներ ունի դրա մասին, հաճախ իր պարզունակ մոտեցումները պատկերացնում է իրականի ու հնարավորի սահմաններում: Բայց երբ այս կարգի դատողություններ է անում ԱԳՆ-ում 15 տարի ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած մարդը, այստեղ արդեն լուրջ հարցեր են առաջանում:

Դիլտենատիզմը մնում է դիլետանտիզմ…

Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ

ՀՀԿ խոսնակ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ