25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է Հովհաննես Թամամյանի դատավորը

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել է ֆոտոլրագրող   Գագիկ Շամշյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործը Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես  Թամամյանի հետ մեղադրվում է  Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Արմեն Պողոսյանն ու  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը:

Հայաստանի դատախազությունը տարածել է հաղորդագրություն.

“Մինչդատական վարույթում  ձեռք բերված ապացույցների համաձայն` 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների կողմից հիշյալ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու դիտավորությամբ Հ. Թամամյանը, տեղեկացված լինելով, թե ովքեր են կատարել հանցագործությունը, ինչպես նաեւ իմանալով, թե որտեղ են թաքցված հանցագործության գործիք հանդիսացող զենքերը, ձեռնպահ է մնացել տեղեկությունները ստուգելու եւ հանցագործության գործիք հանդիսացող զենքերը հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կազմակերպելուց:

ՀՀ ոստիկանությունում գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ հրահանգի 172-րդ կետի պահանջի խախտմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հ. Թամամյանը ոչնչացրել է չբացահայտված  հանցագործության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վերահսկման դրված եւ 2009թ. նոյեմբերի 5-ին Գավառում   Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների, ինչպես նաեւ Ս. Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձն իրականացրած Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների առնչությունը հաստատող տեղեկություններ պարունակող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագիրը:

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է նաեւ, որ Հ. Թամամյանը կազմակերպել ու փաստացի ղեկավարել է 2010թ. մայիսի 12-ին Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում Ա. Ահարոնյանին եւ Պ. Գրիգորյանին հրազենային ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու եւ Խ. Մկրտչյանին սպանելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության բացահայտման ուղղությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունները:

Մասնավորապես` Վ. Բաղդասարյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու եւ վերջինիս մեղավորությունը հիմնավորող ապացույցները նախաքննական մարմնին խեղաթյուրված ներկայացնելու նպատակով Հ. Թամամյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. այն է`  թաքցրել է իրեն հայտնի դարձած վերոհիշյալ հանցագործության կատարմանը Վ. Բաղդասարյանի մասնակցությունը եւ միջոցներ չի ձեռնարկել Խ. Մկրտչյանի սպանության դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությաբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, Վ. Խանզադյանին եւ Ա. Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք, որ Խաչիկ Մկրտչյանի սպանության մասով քրեական գործը՝ 2 մեղադրյալի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2011 թվականի մարտին: Ըստ այդմ՝ Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, իսկ Դավիթ Սանդալջյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  2011թ. նոյեմբերի 11-ի դատավճռով հիմնավորված է համարվել առաջադրված մեղադրանքներն ու դատապարտվել ազատազրկման:

Ինչ վերաբերում է Հակոբ, Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու  դրվագին, ապա այս մասով նույնպես քրեական գործը դատարան է ուղարկվել 2011 թվականին:  Արթուր Մարտիրոսյանին եւ Հրաչյա Պետրոսյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Արամ Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով,  235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-235-րդ հոդվածի 1-ին մասով: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն ավարտվել է եւ  սկսվել  դատական վիճաբանությունների փուլը”:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ