18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետարանի պատասխանը Մաշտոց-Կողբացի հատվածում կրպակներ տեղադրելու դեմ բողոքող քաղաքացիներին

Այսօր ‘’Մենք ենք այս քաղաքի տերը’’ և ‘’Մեր քաղաք’’  հանրային քաղաքացիական նախաձեռնությունները  հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Վերջին օրերին Երևանի բնակիչներն ականատես եղան, թե ինչպես Աբովյան փողոցի մայթերին կառուցված խանութներն ու կրպակները Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին: Սակայն, երկու օր առաջ մեզ հայտնի դարձավ, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կառույցները տեղափոխվել են Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում գտնվող այգու տարածք՝ Մաշտոց-Կողբացի հատված: Անմիջապես այցելեցինք տարածք և տեղում հավաստիացանք տեղեկության իսկության մեջ: Փաստորեն, հակառակ թվացյալ առաջընթացի, շարունակվում է Երևանի կանաչ գոտիների և զբոսայգիների ոչնչացումը: Աբովյանի կառույցների ապամոնտաժումը մամուլի շնորհիվ կատարվեց հասարակության աչքի առջև, օրը ցերեկով, մեծ աղմուկով, սակայն դրանք նույն այդ հասարակության աչքից հեռու՝ օր ու գիշեր աշխատելով, կայծակնային արագությամբ, ահա, վերակառուցվում են Երևանի վերջին հանրային զբոսայգիներց մեկում:

Հիշեցնում ենք, որ Արամի և Բյուզանի փողոցների միջնամասում գտնվող նշված այգին հանրային զբոսայգի է՝ հանգստյան գոտի: Այգում որևէ նման շինության տեղակայումը հակաօրինական է և ոտնահարում է Երևանի բնակիչների առողջ միջավայրում ապրելու և հանգստի սահմանադրական իրավունքները:

Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել հիշյալ շինարարությունը և ապամոնտաժել արդեն իսկ կառուցված խանութները’:

Հայտարարությանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. ‘Վերջին 2 ամիսների  ընթացքում Երևանի քաղաքապետարանը Երևանի Կենտրոնի գոտիավորման  նախագծին համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում՝ իրականացնելով Արամի և Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երևան» ծրագրով նախատեսված հատվածը : Նոր փողոցների կառուցման արդյունքում  անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները և դրանց սպասարկող տաղավարները՝  ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի:  Տեղեկացնենք նաև, որ բանակցությունների արդյունքում  Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների ևս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու և ընդհանուր օգտագործման տարածքների  հաշվին: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում  քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի   բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ծրագիր:

Henaran.am-ին հաղորդում են վերոնշյալ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքապետարանի լրատվական ծառայություններից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ