19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չիլիում բացվել է հրապարակ, որը կրում է ‘Հայաստան’ անունը

Հունվարի 29-ին, Չիլիի տարածքում գտնվող, ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է կազմում, մեծ հանդիսավորությամբ բացվել է ‘Հայաստան’  անվանումը կրող հրապարակ և տեղադրվել է  Հայաստանից բերված խաչքար: Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար,’Կորպորասիոն Ամերիկա’ ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

Միջոցառմանը մասնակցեցին այդ նպատակով Պուերտո Վիլյամս ժամանած Էդուարդո Էռնեկյանը, Արգենտինայում եւ համատեղության կարգով Չիլիում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու Չիլիում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին: Չիլիական կողմից հանդիսությանը մասնակցեցին Չիլիական Անտարկտիկա նահանգի նահանգապետի պաշտոնակատար Ֆաբիոլա Տորրես Պերալտան, Պուերտո Վիլյամսում տեղակայված Չիլիի ռազմածովային բազայի հրամանատարի տեղակալ փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոն, նահանգային խորհրդարանի անդամներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ:

Այնուհետև Էդուարդո Էռնեկյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ու պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչին` փոխծովակալ Ումբերտո Ռամիրես Նավառոյի ուղեկցությամբ, այցելեցին Պուերտո Վիլյամսից 75 մղոն հեռավորությամբ գտնվող, Հրո երկիր արշիպելագի ամենահարավային կղզի` Հորն հրվանդանը, ուր միանում են Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների ջրերը:

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարին` շուրջերկրյա նավարկության ընթացքում, Հորն հրվանդան էր այցելել ‘Արմենիա’ առագաստանավը: Առագաստանավի անձնակազմը հրվանդանի վրա գտնվող մատուռին հայկական խաչ էր նվիրել: Էդուարդո Էռնեկյանը, ՀՀ դեսպանն ու պատվավոր հյուպատոսը խաչի կողքին զետեղեցին մի հուշատախտակ, որի վրա 5 լեզուներով` հայերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն ու եբրայերեն գրված է.  ‘Մեր մոլորակի անմեղ զոհերի պայծառ հիշատակին է նվիրված այս հայկական խաչը: Այն Հորն հրվանդան հասցրեց‘Արմենիա’ առագաստանավի անձնակազմը 2011թ. հունվարի 8-ին’:

Նշենք, որ տարեկան Հորն հրվանդան են այցելում մոտ 5 հազար զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրության հիմնական վայրերն են հրվանդանի վրա գտնվող փարոսը, մատուռը և ալբատրոսի արձանը:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ