25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական կոնյուկտուրայից բխող վտանգավոր քայլ է. Դավիթ Հարությունյանը առաջարկեց մերժել “Լյուստրացիայի մասին” նախագիծը

“Նման նախագիծ ընդունել ուղղակի չի կարելի”,-այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում “Ժառանգության” ներկայացրած “Լյուստրացիայի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Նմանատիպ նախագծերը , Դավիթ Հարությունյանի խոսքով, ծառայում են որպես գործիք ցանկացած ընդդիմախոսի դեմ:

“Սա իսկապես շատ վտանգավոր երեւույթ է հատկապես փոքրիկ հասարակությունում, որտեղ սոցիալական կապերը շատ մեծ են”,-ասաց նա: Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ, լյուստրացիան  կարող է դառնալ ոչ միայն քաղաքական հաշվեհարդարների, այլեւ շատ այլ բացասական երեւույթների հիմք:

Նրա խոսքով, նույն կատեգորիայի տակ են ընկնելու եւ այն մարդիկ, որոնք իրենց սրբազան պարտքն  են համարել հայրենիքին ծառայելը եւ նրանք, որոնց կարող ենք ասյօր դատապարտել:

“Նրանց մեջ եղել են եւ հերոսներ, եւ ակնհայտ ստահակներ : Մեկ հերոսի անունը վարկաբեկելը ես համարում եմ անթույլատրելի, եթե անգամ դուք բացահայտելու եք հազար ստահակի”,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ “Ժառանգության” այս նախագիծը զուտ քաղաքական կոնյուկտուրայից բխող քայլ է, որի նպատակն է “ամրագրել հանուն ժողովրդավարության պայքարի մի նոր կռվան”:

“Ավելին, քան նախընտրական պայքարի դրվագ, չեմ կարող գնահատել”,-նկատեց Դավիթ Հարությունյանն ու առաջարկեց հանձնաժողովի անդամներին  դեմ քվեարկել նախագիծը մեծ եւ փոքր օրակարգ ընդունելուն:

Նա հավելեց, որ հասարակությունը պառակտելը չարժե այն արդյունքներին, որոնք ակնկալում են նախագծի հեղինակները:  “Լյուստրացիա”-ն լատիներենից նշանակում է ինքնամաքրում, ինչպես ճիշտ նշեց պարոն Սաֆարյանը, բայց պարոն Սաֆարյանը չնշեց շարունակությունը` ինքնամաքրում զոհողության գնով: Ես դեմ եմ լյուստրացիային, դեմ եմ ինքնամաքրմանը, այդպիսի զոհողության գնով”,-հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը:

Նա եւս շեշտեց, որ նախագիծը քաղաքական կոնյուկտուրայից բխող քայլ է ու հավելեց, որ նախագծի ընդունումը խնդիրներ կարող է առաջացնել սահմանադրական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից:

Դավիթ Հարությունյանն ուզում էր հարցը քվեարկության դնել, բայց “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը առաջարկեց նախագծի քննարկումը տասնհինգ օրով հետաձգել:

“Հարգելով պարոն Սաֆարյանին, ընդունում եմ առաջարկը, բայց պետք է խոստանաք, որ տասնհինգ օր հետո այսքան երկար չեք խոսելու”,-պատգամավորին դիմելով` ասաց Դավիթ Հարությունյանը: Նախագծի քվեարկությունը հետաձգվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ