25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

PR-շիկ տատիկները, ոստիկանները … ախտեցիներին հետեւեց լրագրողի աչքը/վիդեո/

Կիրակի կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններից` հրազդանցիները զարմացել էին: Նախ, նրանց խոսքով` երբեք տեղամասերի մուտքերի մոտ հերթեր չեն գոյացել, չնայած մարդիկ ազատ մտնում, քվեարկում եւ դուրս էին գալիս:

Ընտրողներն էլ կարծես քաղաքականապես հասունացել էին` հանգիստ ժամերով կանգնած սպասում էին իրենց հերթին: Հիշեցնենք, որ Հրազդանում փետրվարի 12-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը վերընտրվել է:

Ըստ նախնական տվյալների` Արամ Դանիելյանը հավաքել է 13 100 ձայն, իսկ նրա մրցակից, ՀԱԿ անդամ, նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանը՝ 11 500 ձայն: Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում գրանցվել է ընտրողների 57.9 տոկոս մասնակցություն. 43.874 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 25 386 մարդ։

Ի դեպ, զարմանալի է, բայց ոստիկանությունն էլ Հրազդանում աշխատեց Ընտրական օրենսգրքի կետին ու տառին համապատասխան: Նախկինում նրանք քվեարկության սենյակում էին մեծ մասամբ, իսկ հիմա դրսում` հերթն էին պաշտպանում:

Քվեարկության ավարտից հետո, երբ հանձնաժողովները ձեռնամուխ եղան քվեաթերիկների հաշվարկմանը, ոստիկանական մեքենաները 27 տեղամասային կենտրոնի դիմաց հերթապահում էին` թույլ չտալով “Կենդանի շունչ” մտնելու տարածք:

Հետաքրքիր էր, որ մինչեւ հաշվարկը, ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի թիմակիցները մեքենաների շչակներով նշում էին հաղթանակը, մի քանի լրատվական կայքեր էլ անմիջապես գրեցին` հաղթում է Սասունը: Բնականաբար, հետո նրանք փոխեցին վերնագրերը` հաղթում է Արամը, իսկ շչակներին էլ փոխարինեց Արամ Դանիելյանի շտաբի հրավառությունը:

“Հաջորդ անգամ Արամին էլ չենք ընտրելու, ուղղակի թասիբի հարց էր այս անգամ: Պետք ա Սասունը իմանար իրա տեղն ու դիրքը: Մենք իրան էլ ենք գնահատում, բայց նա քաղաքապետացու չէ”,-նշեցին մեր զրուցակիցները:

Նրանք չեն հավատում, որ չորրորդ անգամ վերընտրված քաղաքապետը խոստումները կկատարի: “ Բայց գուցե անի, առաջը 2 խոշոր ընտրություն կա, մարդը կարողա էս անգամ իսկականից աշխատի”,-արդեն ուշ գիշերը գցում-բռնում էին Հրազդանի մարզպետարանի մերձակա հրապարակում հավաքվածները:

Իսկ գործող քաղաքապետի քարոզարշավի փակմանը` զոհված ազատամարտիկների ծնողներից մեկը պատրաստ էր մեռնել հանուն Արամի, մի տատիկ էլ` Սասուն Միքայելյանի քարոզարշավը սեւ PR համարեց:

Իսկ այսօր Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետը լրատվամիջոցներին ասել էր, որ չեն բողոքարկելու ընտրության արդյունքները: Շտաբը գտնում է, որ “արված կեղծիքները չեն կարող ապացուցել”:

“Մասնակիցների թիվը չի գերազանցել 21 հազարը 900-ը, իսկ առավելագույն ընտրական ակտիվություն նկատվել է միայն 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մասնակցել է 25 հազար ընտրող, ինչը վկայում է, որ այդ ընտրություններում կեղծիքն այդ ձեւով շրջանառության մեջ է դրվել”,-ասել է շտաբի պետ Հակոբ Ավագումյանը:

Թերեւս մի բան մոռացել է շտաբի պետը, քանի որ Սասուն Միքայելյանի հայրենի Վանատուր գյուղից արտերկրում գտնվող մոտ 200-230 մարդ հատուկ հասել էր Հրազդան` քվեարկելու իրենց համագյուղացու օգտին:

Բնականաբար թվաբանական մի փոքր հաշվարկ եւ պարզ կլինի, թե ինչու է ընտրողների թիվը այս անգամ շատացել:

Նկատենք նաեւ, որ երկու թեկնածուներն էլ “Ջիպեր”-ով իրենց ընտրողներին համապատասխան տեղամասեր էին ուղեկցում` հազիվ քայլող ծերունիների, տատիկների:

Հա, ասում էին նաեւ, որ երկու թեկնածուներն էլ ընտրակաշառք են բաժանել, մեկը` քիչ, մյուսը` գուցե շատ:
Այսպես տեսա Կոտայքի մարզկենտրոնը` փետրվարի 12-ին: Չնայած ցրտին` չմրսեցի հրազդանյան “թեժ” ընտրապայքարի մթնոլորտում:

Արմեն Դավթյան
http://www.youtube.com/watch?v=ZrE0JveAVXw&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ