20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է արել մանկապիղծն Արամյանցի դղյակում

Արամյանցի դղյակը Ախթալայում

Ասում են` Հայաստանում նախորդ դարերից մինչև մեր օրերը հասած կանգուն, ամբողջական վիճակում դղյակները երկուսն են, երկուսն էլ` Լոռու մարզում: Մեկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի ներկայիս առաջնորդարանն է, որը նախկինում Թայիրովների տունն է եղել, պատկանել է հայտնի կոնյակագործ Թայիրովի առևտրական եղբորը:

Մյուսը … 1921 թվականին այդ մյուսի` հայտնի մեծահարուստ, բարերար, Բաքվի առաջին նավթարդյունահանողներից Արամյանցի` Ախթալայում գտնվող տան համար Հովհաննես Թումանյանը նամակով դիմել է Մյասնիկյանին, խնդրել է այն հատկացնել գրողներին, մտավորականներին որպես հանգստյան տուն: Մյասնիկյանը խնդրանքը չի մերժել: Հետո այդ դղյակը դարձել է հոսպիտալ, ապա` հակատուբերկուլյոզային դիսպանսեր: 90-ական թթ. զբոսաշրջության հանրապետական խորհրդին է պատկանել…

2005 թ. նշված հոյակերտ դղյակն ընդամենը 1200000 դրամով հիշյալ խորհրդից ձեռք է բերել “Մեթըլ փրինս” ընկերությունը կամ որ նույնն է` նշված ընկերության ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանը, որը հանրությանը հետագայում հայտնի դարձավ իր զազրելի վարքով: Բավական է միայն նշել, որ դղյակի հետ ընկերությանը կամ նրան է անցել նաև շուրջ 28 հա մակերեսով հողատարածք: Կարծում ենք, բոլորին էլ արդեն պարզ է, որ այդ ամենի նկատմամբ իրավունք է ձեռք բերվել, ինչպես ասում են, ջրի գնով, և, ինչպես դժվար չէ ենթադրել, ՀՀ կառավարության և պետական այլ ազդեցիկ մարմինների շնորհիվ:

Այնուամենայնիվ դղյակը և հողատարածքը ընկերությանը կամ նրան հենց այնպես չի տրվել: Պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն ընկերությունը 15 տարվա ընթացքում ներդրումային պարտավորություններ է ստանձնել: Գույքը տալու դիմաց կամ նման արժեքավոր գույքը տալը պաշտոնապես արդարացնող պայմանը ներդրումներ կատարելն էր:

Սակայն պարզվում է, որ այդ պայմանի առաջադրումը եղել է ձևական, քանի որ պատկան մարմիններից ոչ ոք նշված ընկերությունից կամ Սերոբ Տեր-Պողոսյանից հաշիվ չի պահանջել չկատարված ներդրումների համար: Մեզ ընդամենը երկու “ներդրում” է հայտնի:

Նախ` Ս. Տեր-Պողոսյանն իր հոր և մոր հուշարձաններն է այնտեղ դրել` մոտ 30000 դոլար արժողության: Եվ երկրորդ` Արամյանցի տան տնտեսական մասն է հիմնանորոգվել (ընդ որում` առանց համապատասխան փաստաթղթերի) և դարձվել սեփական տուն, թեև նշված դղյակը 15 տարի պետք է գործեր որպես զբոսաշրջային հանգրվան:

Դատելով այն ամենից` պայմանագրային կողմը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները` էական վնաս պատճառելով պետությանը, համայնքին և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ինչի վրա հրավիրում ենք ոչ միայն նշված խորհրդի, համայնքի ղեկավարության, կառավարության, այլև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուշադրությունը:

Ի դեպ, դեռ չճշտված տեղեկությունների համաձայն` Ս. Տեր-Պողոսյանը նշված շինության տնտեսական մասի հիմնանորոգման աշխատանքներում օգտագործել է նաև այն անչափահասների աշխատուժը, որոնք իր մանկապղծության զոհերն են եղել: Կարծում ենք` իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է, թե Ախթալայում շրջանառվող այս լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ դա իրոք այդպես է եղել, ապա բացառված չէ, որ մանկապղծին առաջադրված մեղադրանքին ավելանա ևս մեկը` աշխատանքային թրաֆիքինգի համար:

Արթուր Հովհաննիսյան

Հ. Գ. Մեղմ ասած, զարմանալի է, թե ՀՀ մշակույթի նախարարությունը վերոնշյալ շինությունն ինչու չի ընդգրկել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ