25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նկարահանվել է Գրիգոր Նարեկացու մասին առաջին գեղարվեստական ֆիլմը

“1000 տարի հետո Սուրբ Գրիգոր Նարեկացին` հայ ժողովրդի պաշտելին, ներկայանում է հովվի կերպարով էկրանին’’,- Հենարան մամուլի ակումբում այսօր ներկայացնելով առաջին անգամ Նարեկացու մասին նկարահանված մեկուկես ժամանոց ֆիլմը, նկատեց Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: Նա, ի դեպ,  հովանավորել է “Հովիվը’’/Նարեկացին այստեղ հովվի կերպարում է/:

Մինասյանի խոսքով` Գրիգոր Նարեկացու մասին ֆիլմի գաղափարն առաջացավ անհրաժեշտությունից, որ Գրիգոր Նարեկացին պիտի ճանաչվի որպես  հայկական ընդհանրական եկեղեցու վարդապետ:

‘’Մեծ համարձակություն էր`  էկրանավորել  Նարեկացուն : Ուզում ենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի այս հայ մարդուն` Նարեկացուն, որպես հոգեւորական, փիլիսոփա, բանաստեղծ և օրինակելի սուրբ մարդ: Կարծում եմ, որ Նարեկացու կերպարը կտպավորվի մարդկանց մեջ, և ոչ միայն հայը, այլ նաև օտարը պետք է տեսնի ու ընկալի այդ ապրումները’’,- ասաց Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը` հավելելով, որ արդեն պատրաստ են ֆիլմի իտալերեն եւ անգլերեն թարգմանությունները:

Նարեկացին, ըստ բանախոսի` դարեր շարունակ ապրում է հայ ժողովրդի մեջ` օգնելով հիվանդին, մեղավորին, տկարին, հուսահատվածին: Ֆիլմը գիտական, վերլուծական չէ, պարզապես 21-րդ դարի հայ ժողովրդի մտքում ապրող Գրիգոր Նարեկացին վերակենդանացել է մարդկային դեմքով:

Ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավդալյանն ասաց, որ փորձել են կերտել կատարյալի ձգտող Գրիգոր Նարեկացուն` ժողովրդական ավանդազրույցների հիման վրա: Նկարահանումները տեւել են 2 տարի, որոնց  մի մասն իրականացվել է Արեւմտյան Հայաստանում, մի մասը` ՀՀ-ում:

‘’Ճիշտ է, նկարահանումների ընթացքում շատ դժվարություններ են եղել, սակայն նախախնամությամբ այդ բոլոր խոչընդոտները հաղթահարվել են: Կարողացանք գտնել այն քարանձավը, ուր ճգնել է Նարեկացին’’,- ասաց ռեժիսորը` նշելով, որ դժվար էր որևէ բացասական գիծ հաղորդել Նարեկացու կերպարին, քանի որ նա իսկապես ձգտել է Աստծուն եւ կատարյալին:

Նարեկացու դերում հանդես է եկել դերասան Արթուր Կարապետյանը: Նրա խոսքով` սովորական մահկանացուն չէր կարող ճշգրիտ կերտել Նարեկացու կերպարը, քանի որ Նարեկացին ավելի մեծ է, քան կարող են մարդիկ  պատկերացնել:

‘’Կար մի պահ, երբ ես ուզում էի հրաժարվել այդ դերը կերտելուց, քանի որ պատասխանատվությունը շատ մեծ էր, սակայն ի վերջո,  առաջնորդվելով սրտի թելադրանքով, փորձեցի ստանալ Նարեկացու կերպարը,- ասաց Արթուր Կարապետյանը:

Ֆիլմում հնչում են հատվածներ Նարեկացու ‘’Մատյան ողբերգության’’ գրքից,  աղոթքներից, մենախոսություններից, մտորումներից: Ֆիլմում հնչում են Նարեկացու գրած երգերը, խոսքի մեծ մասը արեւելահայերեն է, մի փոքր մասը` արեւմտահայերեն:

Ֆիլմը ցուցադրվելու է Մոսկվա կինոթատրոնում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ