25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն, հայտնիներն ու ցուցակի անցողիկ տեղերը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը օրերս ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Այսօր այս մասին  Henaran.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը: “Դիմումը ստացել ենք, բնականաբար, կընդունվի”,-նշեց նա: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այլ հայտնիներ եւս ԲՀԿ-ի շարքերն անցնեն: Բաղդասար Մհերյանը ոչինչ չբացառեց:

Նկատենք, որ 2007-ին էլ ԲՀԿ-ի ցուցակում հայտնիներ կային` արվեստագետ Արամ Իսաբեկյանը, լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը:

ԲՀԿ խոսնակից, ով նաեւ լրագրող է, փորձեցինք պարզել, թե հաշվի առնելով այն փաստը, որ ապագա խորհրդարան մտնելու համար այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակներում մի շարք լրագրողների անուններ են շոշափվում, հնարավո՞ր է, որ իր անունը եւս լինի ԲՀԿ ցուցակում: “Ես ԲՀԿ ցուցակում արդեն ընդգրկված եղել եմ, ոչ մի բան չի բացառվում: Ցուցակը դեռ քննարկվում է”,- ի պատասխան ասաց Բաղդասար Մհերյանը:

Մեր ճշտող դիտարկմանը, թե խոսքը վերաբերվում է անցողիկ տեղերին, Բաղդասար Մհերյանը պատասխանեց, թե անցողիկ տեղեր ասվածը հարաբերական է .”Կյանքը ցույց է տալիս, որ անցողիկ տեղ կոչվածը բավականին հարաբերական է, մեր ցուցակի 50-րդ անդամը գործադիր է մտել”: Ինչ վերաբերվում է ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականին, Բաղդասար Մհերյանը միանշանակ ասաց, որ այն կգլխավորի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ թե ովքեր կհաջորդեն նրան, կուսակցությունում առայժմ չգիտեն:

Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրոդ հորիզոնականում արվեստագետ Արամ Իսաբեկյանն էր, որին  հաջորդում էր գործող պատգամավոր Գոհար Ենոքյանը:

Բաղդասար Մհերյանը չբացառեց, որ օրերս ԲՀԿ-ին անդամագրված ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կհաջորդի ԲՀԿ նախագահին կամ ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներից մեկում կլինի: Հիշեցնենք, որ ԲՀԿ համագումարը կկայանա մարտի 17-ին, բայց հնարավոր է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը հրապարակվի համագումարից առաջ կամ հետո: Մեր հարցին, թե համագումարի ժամանակ կհրապարակվի՞ ցուցակը, Բաղդասար Մհերյանը պատասխանեց.”Պարտադիր չէ”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ