29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սումգայիթ. անպատիժ ցեղասպանություն. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել /վիդեո/

Փետրվարի 27-ը հայ ժողովրդի ցավալի էջերից մեկն է համարվում` Սումգայիթի զոհերի հիշատակի օրը:

1988-ի փետրվարի 26-29-ը Ադրբեջանի ՍՍՀ-ի Սումգայիթ քաղաքում  ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ եւ ՍՍՀՄ-ի ղեկավարության բարձիթողի վերաբերմունքի արդյունքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որն իր վայրագությամբ եւ դաժանությամբ ցնցեց ողջ միջազգային հանրությանը:

“Բազմազգ” Սումգայիթում կազմակերպելով հայերի կոտորածը` ադրբեջանցիները հույս ունեին վախեցնել Ղարաբաղի ժողովրդին եւ ստիպել հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից:

Տասնյակ հայեր սպանվեցին սադիստական դաժանությամբ, որոնց մեծ մասին այրեցին տանջանքներից եւ ծեծերից հետո: Հարյուրավոր մարդիկ հաշմանդամ մնացին, հազարավորները` փախստական դարձան: Սումգայիթյան ջարդերը մարնամասնորեն կազմակերպված են եղել թե հոգեբանական, թե գաղափարական տեսանկյունից:

Փետրվարի 26-ին քաղաքի կենտրոնական հրապարակում սկսած հակահայկական հավաքների ժամանակ քաղաքային իշխանությւոնները բացահայտորեն կոչ են արել բռնություններ սկսել հայերի նկատմամբ: Փետրավարի 27-ին “ցույցերը” վերածվել են բռնի գործողությունների:

Այդ, այսպես կոչված, “ցույցերին” ձեւավորվել է զանգվածային փսիխոզի եւ հիստերիայի մթնոլորտ: Հարթակներից կոչեր են հնչեցրել հաշվեհարդար տեսնելու “անհավատների” հետ: Բեռնատարներից անվճար բաժանվող ալկոհոլային խմիչքներից “տաքացած” եւ թմրանյութերի ազդեցությունից անզգայացած ադրբեջանցիները, համոզված լինելով իրենց` անպատիժ մնալու մեջ, նոր թափով ձեռնամուխ են եղել հայերի տների ներխուժմանը, ծեծի ենթարկելուն եւ սպանելուն:

Անվերահսկելի եւ անհեթեթ վիճակը շարունակվել է մինչ ուշ գիշեր: Ամբոխի առաջատարը Սումգայիթի քաղխորհրդի կոմկուսի քարտուղար  Ջահանգիր Մուսլիմզադեն է եղել` Ադրբեջանի պետական դրոշը ձեռքին: Վայրագ ամբոխի շարքերում են եղել նաեւ Սումգայիթում  հայտնի այլ դեմքեր` դպրոցի տնօրենից մինչեւ թատրոնի դերասան: 10-15 հոգուց բաղկացած խմբերը շրջել են քաղաքով մեկ` ջարդելով պատուհաններ, այրելով մեքենաներ. կարեւորը` հայեր գտնելն էր:

Փետրվարի 28-ին գրոհայինների թիվն էլ ավելի է աճել, իսկ քաոսը` ավելի մեծ թափով շարունակվել: Միայն փետրվարի 29-ին  են Սումգայիթ մուտք գործել բանակային զորքերը, չնայած նրանք էլ միանգամից չեն վերահսկել իրավիճակը: Հայերի ջարդը դեռեւս շարունակվելիս է եղել: Միայն երեկոյան են զորքերն անցել կտրուկ գործողությունների: Կենտրոնական իշխանություններին նույնիսկ չի էլ հետաքրքրել զոհերի ճշգրիտ թիվը:

Պաշտոնապես հայտարարվել է, որ զոհվել է 36 հայ եւ 6 ադրբեջանացի: Իսկ ահա  բրիտանացի հետազոտող Թոմ դե Վաալն իր “Սեւ այգի. պատերազմի եւ խաղաղության միջեւ” գրքում գրել է. “…եթե ուշադրություն դարձնեք մահվան վկայականների գրանցման թվերի վրա, պարզ կդառնա, որ այդ օրերին դիահերձարաններում գրանցվել է ոչ պակաս, քան 115 մահ: Իսկ բնական մահերի նման քանակը բացառվում է, գոնե միայն այն պատճառով, որ նախորդ ամսվա ընթացքում ցուցանիշը չի գերազանցել 72 մահը”:

Ցավոք, մինչ օրս սումգայիթյան ջարդերը չեն ստացել  իրավաբանական եւ քաղաքական համապաստխան գնահատական: Ադրբաջանական իշխանությունների անպատժության եւ չդատապարտվելու հետեւանքով հնարավոր եղավ  ամբողջ հանրապետության տարածքում էթնիկական “զտում” կատարել, որոնք իրենց կուլմինացիային հասան 1990-ին Բաքվում, իսկ  հետագայում  պատճառ դարձան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ լայնամասշտաբ ագրեսիայի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ