16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կեղծված խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ…ՊԵԿ-ի բացահայտումները

Կեղծված ալկոհոլային խմիչքներ, ապօրինի ատամնաբուժարաններ եւ ստվերում գործող արտադրամասեր. պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները փետրվարին անօրինական ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Երեւանում եւ մարզերում:

Այսպես, ստացված տեղեկությունների հիման վրա, խոշոր հարկ վճարողների նկատմամբ հսկողություն իրականացնող օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի աշխատակիցները Երեւանի ‘Վերնիսաժ’ տոնավաճառում բացահայտել են առանց ակցիզային դրոշմանիշների ալկոհոլային խմիչքների իրացման հերթական փորձը: Պարզվել է, որ անօրինական ձեռներեցության հեղինակը Երեւանի բնակչուհի Ժաննա Քեսոյանն է, ով իրացրել է 230 հազար դրամի ապրանք, իսկ հայտնաբերված առանց ակցիզային դրոշմանիշների խմիչքների ընդհանուր գումարը կազմել է 430 հազար դրամ:

Օպերատիվ-հետախուզական մյուս միջոցառումների արդյունքում օրերս հայտնաբերվել է նաեւ Երեւանի բնակիչ Հակոբ Սնդոյանին պատկանող մետաղապլաստե դռների եւ պատուհանների ապօրինի արտադրամաս: Պարզվել է նաեւ, որ Երեւանի մեկ այլ բնակիչ էլ` Սամվել Նալբանդյանը, սեփական տան բակում գտնվող առանձին շինությունում փետրվարի 1-ից առանց պետական գրանցման զբաղվում էր ռետինե կաղապարների պատրաստմամբ: Իսկ Սարգիս Հովհաննիսյանն էլ, չունենալով ձեռնարկատիրական գործունեության իրավունք, սեփական ավտոտնակում տնտեսական ապրանքներ եւ շինանյութ էր պահեստավորում` այն պարբերաբար իրացնելով Երեւանի Վարդանանց փողոցում:

Մյուս դեպքերով էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին հաջողվել է ատամանբույժներ հայտնաբերել, ովքեր, ի դեպ, գործել են ոչ միայն առանց պետական գրանցման, այլեւ` առանց համապատասխան լիցենզիայի: Այսպես, Նոր Արեշում սեփական առանձնատանը Արմեն Կարապետյանն ատամանբուժական ծառայություն էր մատուցում 2011 թվականի մարտից, իսկ Արտակ Ղամբարյանը 2009-ից Էրեբունիում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղն էր սեփական ատամնաբուժարան դարձրել: Անօրինական բժշկական գործունեությունից զերծ չեն մնացել նաեւ մարզերում: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Արարատի մարզի Ավշար եւ Տափերական գյուղերում հայտնաբերել  են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող դեղատուն եւ ատամնաբուժարան, որոնք շուրջ 2 ամիս նույնպես գործել են առանց պետական գրացման եւ համապատասխան լիցենզիայի: Իսկ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում Արթուր Մովսիսյանն ապօրինի գործող փայտամշակման արհեստանոցում փորձել է մրգերի համար նախատեսված փայտե արկղեր պատրաստել: Սեւան քաղաքում էլ օրերս կանխվել է տարբեր ապրանքանիշի շուրջ 40 շիշ կեղծված օղու իրացման դեպք: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սեւանի բնակիչ Վարդան Միրաքյանին հաջողվել է  6 ամսվա ընթացքում կեղծված օղիներ իրացնել:
Ներկայացված բոլոր դեպքերով էլ պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:

Heneran.am-ին հաղորդում են ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ