25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բազմաթիվ երկրների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ. Նալբանդյան

ՀՀ ԱԳՆ նախարարությունը Henaran.am-ին է տրամադրել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ավստրիական “Der Standard” օրաթերթին:

Ստանդարտ:  Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի ժխտումը: Արդյոք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետևեն նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրիան:

Նալբանդյան: Մոդել է, թե ոչ, համենայնդեպս ես վստահ եմ` նման որոշումներ ընդունելու են նաև այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է,  որը բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին:  Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում:  Ֆրանսիայում ընդունված օրենքն արտացոլում է ֆրանսիացի ժողովրդի զգացմունքները, ողջ ժողովրդի կարծիքը: Ես դա գիտեմ դեռ իմ Ֆրանսիայում դեսպան եղած ժամանակներից:

Ստանդարտ: Վկայակոչելով Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը` քննադատները օրենքի ընդունումը կապում են նաև Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ:

Նալբանդյան: Ոչ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից` լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային Ժողովում եւ  Սենատում: Այդպիսով օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը: Նույնը տեղի է ունեցել նաև 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ:

Ստանդարտ: Սենատորների և պատգամավորների մի խումբ օրենքի ընդունումից հետո դիմել է սահմանադրական խորհուրդ, որը և պետք է որոշում կայացնի օրենքի և սահմանադրության համատեղելիության վերաբերյալ: Պատճառը Թուրքիայի կողմից հնչեցված հարաբերությունները վատացնելու վերաբերյալ սպառնալիքներն էին: Նույնիսկ Հայաստանի համար այդ օրենքի ընդունումը հակաարդյունավետ չէ, այն ժամանակ, երբ նա ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ ստեղծել նորմալ հարաբերություններ:

Նալբանդյան: Առաջինը` այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է  (2010թ. ապրիլին Հայաստանի նախագահը առկախեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, հիմնավորելով, որ Թուրքիան անընդհատ հրաժարվում է արձանագրությունների վավերացումից եւ իրականացումից, եւ դնում է նախապայմաններ): Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց` հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում:

Ստանդարտ: Սակայն Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդին դիմելը ցույց է տալիս, որ չնայած լայն շրջանակների հավանությանը ցեղասպանության մասին օրենքը վիճարկելի է:

Նալբանդյան: Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը:  Նրանք գլուխ են գովում Սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի  սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը` որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել:  Չեմ կարծում որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել:

Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի:

Ստանդարտ: Հայ-թուրքական հարաբերությունները եղել են համեմատաբար լավ, եթե հետադարձ հայացք նետենք 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած երկու նախագահների` Սարգսյանի և Գյուլի հանդիպումները Երեւանում եւ Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղին: Ինչու չի իրականացվում պատմաբանների համատեղ  հանձնաժողովի ստեղծումը, ինչում Թուրքիան, ինչպես ինքն է ասում, շատ հետաքրքրված է:

Նալբանդյան: Այդպես չէ: Հայաստանի նախագահի նախաձեռնությունից առաջ հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին: Մենք փորձեցինք այդ փակուղուց դրանք դուրս բերել: Սակայն թուրքական կողմն ամեն ինչ անում է դրանք վերադարձնելու փակուղի: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պայմանավորվածությունը հետեւյալն է` սահմանների բացումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում կգործեն մի շարք ենթահանձնաժողովներ: Դրանցից մեկը ոչ թե պատմաբանների ենթահանձնաժողով է` քննարկելու Հայոց ցեղասպանության լինելու կամ չլինելու փաստը, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը: Դրա միակ նպատակը երկխոսության միջոցով՝ ներառյալ պատմական հարթությունը, վերականգնել երկու ժողովուրդների միջեւ վստահությունը: Բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ: Կարող ե՞ք պատկերացնել, հրեաներին հրավիրել բանավեճի՝ քննարկելու Հոլոքոստի եղելության փաստը:

Ստանդարտ:  Լեռնային Ղարաբաղի վիճահարույց  խնդիրը պատկանում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների թվին: Ոչ մի շարժում չկա: Հարցի լուծման հիմնական  խոչընդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը:

Նալբանդյան:  Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը` ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից  /ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան/ ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է:  Սակայն եթե Ադրբեջանն շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա և շրջանցում է  առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն և դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ