29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Սինգապուր

image_10399

Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունեց Սինգապուրի Հանրապետության  Նախագահ Թոնի Թան Կեն Յամը, հաղորդում է ՀՀ ԱԳն լրատվական ծառայությունը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Սինգապուրի ղեկավարը նշեց. “Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ եւ մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը”:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանը Սինգապուրի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները:  Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, եւ վստահություն հայտնեց, որ Նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ Նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջեւ բարեկամական փոխգործակցության զարգացմանը:

Սինգապուրի Նախագահը խնդրեց Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ եւ ամենայն ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը:

Սինգապուրի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ  հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային ոլորտում փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջեւ բանակցությունները, որոնց օրակարգում էին ՀՀ Նախագահի Սինգապուր  այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանի եւ Սինգապուրի արտաքին գործերի նախարարները հանգամանալից անդրադարձան իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանն առնչվող հարցերի,  պայմանավորվեցին առաջիկայում ստորագրման պատրաստել մի շարք փաստաթղթեր:

Սինգապուրում Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ 1835թ. հիմնադրված Հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սինգապուրահայերը նախարար Նալբանդյանին տեղեկացրեցին իրենց գործունեության ոլորտների, հայապահպանության եւ Սինգապուրում հայկական մշակութային ժառանգության պահպանման մասին:

Ավարտելով այցելություն Սինգապուր՝ Էդվարդ Նալբանդյանը նույն օրը ուղեւորվեց Երեւան:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ