19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ախթալայի կոմբինատի աշխատակիցների բաց նամակը

Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել Ախթալայի ԼՀԿ-ի աշխատողների պաշտպանության կոմիտեից: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

Փետրվարի  23-ին  Ախթալայի  ԼՀԿ-ի ղեկավարության կողմից  հրավիրված ասուլիսը զավեշտական կլիներ, եթե  հետագա իրադարձությունները այդքան ողբերգական  ընթացք չունենային, և չհանգեցնեին  մարդկային  կյանքի  կորստի, ինչը  Ախթալայի  ԼՀԿ-ի  սեփականատերերի և  ղեկավարության  կողմից  ցուցաբերված  անմարդկային  վերաբերմունքի  արդյունք  է:

Մեզ թվում  է,  որ  Ախթալայի ԼՀԿ-ի  ղեկավարությունը  փորձ կանի  մեր կողմից    նամակում  բարձրացված  հարցերին տալ լուծումներ , այլ  ոչ  թե զավեշտալի պատասխաններ տալ , որոնք  իրականությունից  բավականին հեռու են:  Ի դեպ,  գրեթե նույն  խումբը  անցած տարի  փետրվարին  քափուքրտինք կտրած ողջ  տարածաշրջանից  ստորագրություններ էին հավաքում `առ այն, որ   Ս.Դեր-Բողոսյանին անվանարկում են, որ   նա  հայրենասեր  է, բարերար, աշխատատեղեր  է  ստեղծում  և այլն , թե ինչով  դա   վերջացավ ,  բոլորին  է  հայտնի: Իսկ հիմա  փորձենք  ներկայացնել  մեր  հիմնավորումները  և  պահանջները :

1.Մենք  նշել  էինք , որ  պղնձի  գները   իջնելուն պես   ԼՀԿ-ի ղեկավարությունը  կրճատեց  մեր  աշխատավարձերը , իսկ  պղնձի   գների  աննախընթաց  բարձրացմանը  զուգահեռ  չեն  բարձրացվել :

ԼՀԿ-ի  ղեկավարությունը  նշել  էր , որ  ոչ միայն  բարձրացրել  են , այլ ՀՀ կառավարության  առջև  ստանձնած  պարտավորություններից  էլ  12.000 դրամ  ավելի  միջին  աշխատավարձ  են տալիս :

Նախ  ասենք, որ  աշխատավարձի  իջեցումը  կատարվել  է օրենքի  կոպիտ  խախտումով , որովհետև  աշխատավարձի նվազեցում  կարելի  է միայն  օրենքով ,  կամ  կոլեկտիվ պայմանագրի  հիման վրա :

Հայտնի  է  ,  որ Ախթալայի ԼՀԿ-ի  հետ կապված  օրենք  չի ընդունվել , իսկ  կոլեկտիվ  պայմանագիր  չէր կարող լինել, որովհետև Ախթալայի  ԼՀԿ-ում  արհմիություն  չկա :

2.Ախթալայի ԼՀԿ-ի  ղեկավարությունը  կամ  չգիտի, կամ  փորձում  է  մոլորեցնել  հասարակությանը, նշելով որ  ԼՀԿ-ի աշխատակիցների  միջին  աշխատավարձը 122.5 հազար դրամ է : Ընդ  որում  ասուլիսի  ժամանակ  գլխավոր հաշվապահ Արամ  Սոխակյանը հաշվարկի մեջ  մտցնում է այն  օրենսդրությամբ  սահմանված  ծանր վնասվածք, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար  աշխատանքներ կատարելու , ինչպես նաև գիշերային  և արտաժամյա աշխատանքների համար  տրվող հավելումները , որոնք աշխատավարձ  չեն, որովհետև  համաձայն ՀՀ  Աշխատանքային  օրենսգրքի  178-րդ  հոդվածի  3-րդ  կետի “Աշխատավարձը  ներառում  է  հիմնական   աշխատավարձը  և գործատուի  կողմից աշխատողին  իր կատարած աշխատանքի  դիմաց տրված  լրացուցիչ վարձատրությունը”:

Այս ամենի  արդյունքում  մենք ունենք  մի իրավիճակ, որ օրինակ ջարդման  արտադրամասի  բանվորի,   կամ  հանք մտնող նմուշարկող բանվորի  աշխատավարձը` ընդամենը 37.500 դրամ է , այն  դեպքում, երբ այդ  մարդիկ ոչ միայն  աշխատում  են 100% վնասակարություն  ունեցող  միջավայրում, այլ ամեն պահ վտանգում են  իրենց կյանքը  : Ի դեպ ԼՀԿ-ում  վերջին 3 տարիների  ընթացքում  զոհված աշխատակիցներից  մեկը  զոհվել  է  ջարդման արտադրամասում, մյուսն  էլ  հանքում:: Լրացուցիչ նշենք, որ  ի տարբերություն  2008թվ-ի , երբ  արդյունահանվում  էր  ընդամենը  ամսեկան  350-400 տոննա խտանյութ, այժմ արդյունահանվում է  ամսեկան  1000-ից  մինչև 1300 տոննա խտանյութ:

3.Ասուլիսին  ԼՀԿ-ի  ղեկավարությունը   նշեց, որ  արտահագուստ տվել են  2010 թվ-ին,  և  օրենքով  պետք է տան  2012թվ-ին; Հիշեցնենք, որ  ձմեռային  արտահագուստ, եթե  տրվում  է  տարին մեկ, ապա  ամառային  արտահագուստը  պետք է տրվի  առնվազն  6 ամիսը մեկ անգամ: Ինչ  վերաբերվում է  հատուկ սննդին , ապա իրենք նշել էին , որ  դրա փոխարեն  տալիս են հավելում  սննդի  համար, ինչը  չեք  կարող գտնել մեզ վճարվող աշխատավարձերի բացվածքում :

4.Ասուլիսի մասնակիցները , ըստ էության  չհերքեցին , որ իրենք  կապիտալ ներդրումներ  չեն կատարում  տեխնիկական  անվտանգության կանոնները պահպանելու  նպատակով, պարզապես նշեցին, որ իրենք  ծրագրել և նախագծել  բարելավելու հետ  կապված, և որքան էլ  զարմանալի  է, նշեցին որ 12 տարվա մեջ ոչ մի դժբախտ  դեպք տեղի  չի ունեցել կոմբինատում: Նախ նշենք, որ  ԳարիկԱղջյանի դեպքը, եթե հաջորդել  է ասուլիսին, ապա  Ս.Հախվերդյանի և  Ա.Բեգջանյանի  մահերը տեղի  են ունեցել  համապատասխանաբար 2006թ. բաց հանքում և 2008թ. ֆաբրիկայի ջարդման արտադրամասում:

Հիմա  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում Ս.Շախկյանի դիմումը կախված Ախթալայի ԼՀԿ-ում    անվտանգության կանոնները խախտելու հետևանքով առողջությանը պատճառած վնասին, մնացած դեպքերն էլ չենք նշում: Ի միջայլոց  ճակատագրի հեգնանքով Ախթալայի ԼՀԿ-ի տեխնիկական անվտանգության ինժեները այն տեղամասի պետն է, որտեղ փետրվարի 25-ին զոհվեց 22-ամյա  Գարիկ Աղջյանը, և կոմբինատի ղեկավարությունը չէր կարողանում պահել մեկ տեխնիկայի անվտանգության գծով ինժեների և ստիպել էր, որպեսզի  տեղամասի պետը իր աշխատանքը համատեղի տեխնիկական անվտանգության գծով ինժեների աշխատանքին, ինչը ևս օրենքի կոպիտ խախտում է:

Ինչ վերաբերվում է Շամլուղի բաց հանքի վտանգավորությանը մենք նշել էինք, որ մեծ հավանականություն կա սահքի, ինչի հետևանքով կարող են զոհվել մարդիկ և ծանր տեխնիկան էլ կարող է մնալ հողի տակ: Նախ նշենք, որ փոքր սահքի պատճառով բեռնատարի վարորդ Ս.Հախվերյանը զոհվել է 2006թ.ին, իսկ 2011թվականի գարնանը   հողակույտի սահք է տեղի  ունեցել բաց  հանքի տարածքում: Այժմ այնտեղ կուտակված է միլիոնավոր տոննաներով հողաշերտ, որը սահելու դեպքում կփակվի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհը:

5.Մենք նշել  էինք, որ  չնայած ունեցած գերշահույթներին, Ախթալայի ԼՀԿ-ի  ղեկավարությունը  տալիս է   զավեշտալի ցածր աշխատավարձեր,  փորձելով ներկայացնել,  որ  կատարում  է կառավարության առջև ստանձնած  պարտավորությունները:

Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատերը օֆշորային  հատկապես դրանց,  Նեվիս  կղզում գրանցված  ,,ՄԵԹԼ   ՓՐԻՆՑ,, ընկերությունն  է, որին մինչև  2007թվ-ը  պատկանում  էին  Լոռու մարզում  Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը,  Կաճաճկուտի  ոսկու բազմամետաղային հանքավայրը, Արմանիսի  բազմամետաղային հանքավայրը և Սյունիքի մարզում, Դաստակերտի  պղնձամոլիբդենային հանքավայրը: 2007 թվ-ին  ռուսական  ,,Նեվ-Ռուս,, ընկերությանը  վճարելով  40 մլն. ամերիկյան դոլլար դարձավ  ,,ՄԵԹԼ   ՓՐԻՆՑ  ԷԼ ԹԻ ԴԻ,, -ի  բաժնետերը, իսկ  19%-ի հիմնական  բաժնետերը    մնացին  ամուսիններ`  Սերոբ Տեր-Պողոսյանը   և  Մադլեն Թաշճյանը, 2010 թվ-ին  հիմնական բաժնետերը  հրաժարվել  է գործընկերությունից և Ախթալայի ԼՀԿ-ն  դժբախտաբար  մնաց Սերոբ Տեր-Պողոսյանին   և  Մադլեն Թաշճյանին:

Ինչու եմ ասում դժբախտաբար, որովհետև այսօր  համեմատելով ,,Սագամար ,, ՓԲԸ-ին  պատկանող Արմանիսի հանքերում  և  ֆաբրիկայում  ստեղծված պայմաններին, տրվող աշխատավարձերին, գալիս ենք այն համոզման, որ ճիշտ էր գրված  հայկական օրաթերթերից մեկում, որ  ,,Ախթալայի ԼՀԿ,, ՓԲԸ-ի աշխատողներին   ստրուկի տեղ են դրել: Նշենք, նաև ,որ  պղնձի միջազգային գները արտահայտված  ՀՀ  դրամով գտնվում  է  պատմական մաքսիմումի վրա`  տոննայի առժեքը  6 միլիոն դրամ, այն դեպքում,  երբ  նախաճգնաժամային   գինը 3 մլն դրան էր: Այլ գումարներից անցած  2011 թ  կոմբինատի  ղեկավարությունը,  ըստ  իրենց  ծիծաղելի   ընդամենը  40 մլն. դրամ  է  ներդրել արտադրության մեջ:

6.Անդրադառնալով Ախթալայի և Շամլուղի  սոցիալ-մշակութային օբյեկտներին և  Արամյանցի  հայտնի  տանը: Մենք կրկնուն ենք , որ այդ օբյեկտները այսօր  չեն  ծառայում  համայնքներին  և իրենց  բուն  նշանակությանը , օրինակ` Արամյանցի տանը ընդամենը  Սերոբ Տեր-Պողոսյանը    իր համար առանձնատուն  է  կառուցել և  իր  հորն ու մոր  հուշաքարը տեղադրել   (պայմանագրի կոպիտ  խախտմամբ), իսկ Ախթալայի մշակույթի տան մի մասը  վերածել է  հանրակացարանի  (օրենսդրության կոպիտ խախտումով), իսկ մնացած օբյեկտներում ոչ մի դրամ, ոչ մի լումա  չի  ներդրել, և որոնք մատնված են  անտերության : Փետրվարի  25-ին հայկական օրաթերթերց   մեկը մի  դժբախտ   մարգարեություն  էր արել , իր  ենթավերնագրերից  մեկում նշելով, որ  կախված  ,,Բանվորի կյանքը  մազից է կախված, բայց  վախենում է խոսել ու զրկվել աշխատանքից,,:

Տրված ասուլիսից  և  դրան հետևած ողբերգական դեպքը մեզ ստիպում է, որ մենք հանդես գանք հետևյալ պահանջներով.

  1. սույն թվականի մարտի 3-ին ժամը 17:00-ին հրավիրել Ախթալայի ԼՀԿ-ի կոլեկտիվի ընդհանուր ժողով ( որում պահանջում ենք ներկա գտնվի կոմբինատի գլխավոր բաժնետեր և գլխավոր տնօրեն Մ.Թաշճյանը և կոմբինատի ղեկավարությոնը):
  2. Փոխհատուցել մեզանից ապօրինի նվազեցված աշխատավարձերը:
  3. Էապես և արդարացի կերպով բարձրացնել կոմբինատի աշխատակիցների աշխատավարձերը (մասնավորապես  հանքերի և ֆաբրիկայի բանվորների և վարպետների):
  4. Լուծել  տեխնիկական անվտանգության, արտահագուստի տրամադրման, հատուկ սննդի տրամադրման հարցերը, տրամադրել կյանքի և առողջության ապահողագրություն:
  5. Ապահովել Ախթալա-Շամլուղ ճանապարհի անվտանգությունը և մաքրությունը:
  6. Ախթալա և Շամլուղ համայնքներին հետ վերադարձնել (թեկուզ ՀՀ  կառավարության կողմից գերակա շահ ճանաչելով Ախթալա և Շամլուղ քաղաքների ակումբները, մանկապարտեղը, ճոպանուղին, հիվանդանոցը):
  7. Քննության առնել Ախթալա և Շամլուղ քաղաքների բաշխիչ էլեկտրացանցերը  Հայաստանի էլեկտրական ցանցին հանձնելու և Արամյանցի ան պայմանագիրը լուծելուն ուղղված հարցերը:

Ուզում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահին, Լոռու մարզպետին, մեր նախորդ նամակում արծարծված հարցերին օպերատիվ ընթացք տալու համար, բոլոր այն լրատվամիջոցներին և անձանց ովքեր արագ կերպով անձագանքեցին մեր կողմից բարձրացված  հարցերին և խնդրել, որ այդ հանդիպմանը իրենց մասնակցությունը բերեն ՀՀ էներգետիկայի և ընդերքի նախարարության, ՀՀ Աշխատանքի պետական տեսչության, ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ արհմիությունների  Հանրապետական խորհիդի ներկայացուցիչները, Ախթաալայի և Շամլուղի քաղաքապետերը և ԶԼՄ ներկայացուցիչները:

Վստահ ենք, որ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենան մեր պահանջներին և քայլեր կձեռնարկի մեր նամակում բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:

 Ախթալայի ԼՀԿ Աշխատողների պաշտպանության կոմիտե

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ