25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրյուսելում մեկնարկել է ‘Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան’ նիստը

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախագահը կարեւորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: ‘Շնորհակալ եմ, որ դուք ապացուցում եք, որ կարելի է լինել բելգիացի եւ պահպանել, զարգացնել հայկական ինքնությունը’,-Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր երկրում հայկական համայնքը յուրօրինակ կամուրջ է տվյալ երկրի եւ հայրենիքի միջեւ, եւ իր ցանկությունն է, որ այդ կամուրջը լինի ամուր ու անսասան: ‘Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը՝ իրենց նպաստը բերելով հայ-բելգիական բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը: Ասածս ճշմարիտ է յուրաքանչյուրիդ համար առանձին-առանձին եւ բոլորիս համար միասին: Մենք ուժեղ ենք մեր վառ անհատականություններով, բայց առավել ուժեղ ենք մեր միասնությամբ’,-հանդիպման մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր ներածական խոսքում, այնուհետ նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն անդրադարձել է Բելգիայի, Եվրոպական միության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ մեր երկրի հարաբերություններին ու զարգացման հեռանկարին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ մի շարք այլ հարցերի:

Նախագահը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ հարաբերություններում, եւ այսօր բանակցում է մի կողմից Ասոցացման համաձայնագրի, իսկ մյուս կողմից՝ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի ու մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու շուրջ, ինչը զգալի խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու հարաբերությունների զարգացման գործում:

Բրյուսելում այսօր քիչ առաջ ավարտվել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Արդեն մեկնարկել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստը: Օրվա ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ: Հանրապետության ղեկավարն այսօր ելույթ կունենա նաեւ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Henaran.am -ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ