24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում արշալույսները կրկին խաղաղ չեն

Լուսանկարը` Մեդիամաքսի

Համամասնական ցուցակների թնջուկի լուծումը, ինչպես ցույց են տալիս վերջին օրերի զարգացումները, 18 կուսակցություններից բաղկացած Կոնգրեսի առաջնորդին հեշտ չի տրվելու: ՀԱԿ-ի նախընտրական դաշինքից հրաժարված քաղաքական ուժերից միայն “Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն է ներկայացրել այդ որոշման պատճառներն ու հայտարարել, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի քաղխորհրդից:

Սամվել Հարությունյանն այսօր հայտարարել է, թե հեռանում է` ելնելով լուրջ մարտավարական եւ ռազմավարական տարաձայնություններից, թե ՀԱԿ-ում իր առաջարկներն անտարբերության են մատնվել, թե Կոնգրեսի 18 ուժերից 13-ը եկան փոխհամաձայնեցման, սակայն 5 ուժեր` ՀՀՇ գլխավորությամբ` Այլընտրանքային նախաձեռնությունը, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի լիբերալ կուսակցությունը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, վիժեցրեցին կոնսենսուսի հնարավորությունը:

Մյուս քաղաքական ուժերը դաշինքից հրաժարվելու պատճառների մասին լռում են` առայժմ: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, թեեւ չորս քաղաքական ուժերի հրաժարումը նախընտրական դաշինքից ՀԱԿ-ում կցկտուր մեկնաբանությունների մակարդակով ընտրությունների նախաշեմին Կոնգրեսի քաղաքական միասնությանն սպառնացող լուրջ խնդիր չեն համարում, իրականում այն բավականին ծանրակշիռ փաստ է, որը վկայում է, որ Կոնգրեսում “արշալույսները” խաղաղ չեն:

Կոնգրեսը խուսափում է որեւէ գնահատական տալ այս ամենին: Ի պաշտոնե Կոնգրեսի անունից հայտարարություններ անելու իրավասուները` Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Զուրաբյանը “ընդհատակ” են անցել եւ նախընտրում են պարզապես չպատասխանել հեռախոսազանգերին, ամենայն հավանականությամբ, կանխավ իմանալով, թե լրագրողներն իրենց ինչ հարց պետք է ուղղեն:

ՀԱԿ-ի մաս կազմող առանձին կուսակցությունների ղեկավարները նույնպես փորձում են մեկնաբանություններից զերծ մնալ, այդ ծանր գործը թողնելով իրավասուներին: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրինակ, անգամ չլսելով մեր հարցը, ասաց, որ գիտի, թե ինչ է մեզ հետաքրքրում, բայց մեկնաբանել չի ուզում: Մեր դիտարկմանը, գուցե խուսափում է խոսել` սպասելով ՀԱԿ-ի պաշտոնական տեսակետին, տիկին Սարգսյանը պատասխանեց.”Ոչ, ուղղակի ես այդ մասին կարծիք չեմ ուզում հայտնել: Դա իրականությանը չի համապատասխանում”:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւս խուսափեց ՀՀՇ-ի հասցեին ուղղված մեղադրանքներին պատասխանել եւ առաջարկեց լսել Արման Մուսինյանին: Պարոն Մանուկյանն ասաց, որ այս պահին իրենց մոտ խորհրդակցություն է. “Հիմա խորհրդակցության ենք, ավելի ուշ զանգեք, ինքը կասի”: Հայաստանի լիբերալ կուսակցություն նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեր զանգերին չպատասխանեցին, փոխարենը զրուցեցինք ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ:

“Կոնսենսուսը նշանակում է, որ բոլորը գալիս են մեկ կարծիքի, քաղխորհրդում մեր ներկայացուցչի տված ինֆորմացիայով, կոնսենսուսի չեն եկել, դրա համար Տեր-Պետրոսյանն ասաց, որ ինքը կկազմի ցուցակը”,-Henaran.am-ին ասաց Գրիգոր Հարությունյանը:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խժդժություններ են ՀԱԿ-ում, քաղաքական ուժերը հրաժարվում են մտնել նախընտրական դաշինքի մեջ, Գրիգոր Հարությունյանը պատասխաեց.”Այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը ձեւավորվում էր, այսպիսի կետ կար, որ ցանկացած քաղաքական ուժ կարող է ընտրություններին առանձին հանդես գալ, էնպես, որ դա նորմալ է”: ՀԺԿ քարտուղարին խնդրեցինք մեկնաբանել նաեւ Սամվել Հարությունյանի այն հայտարարությունը, թե իր ստեղծումից ի վեր ՀԱԿ-ին հաջողվել է միայն մեկ խնդիր լուծել` քաղբանտարկյալների հարցը:

“Այո, ես տեսնում եմ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն իրականություն չի դարձել, արտահերթ ընտրությունները իրականություն չեն դարձել”,- նշեց մեր զրուցակիցն ու պատճառների մասին մեր հարցին այսպես պատասխանեց.”Մենք բազմիցս ասել ենք մասսաների մասնակցության, կրիտիկական զանգվածի մասին: Հիմնական պատճառը դա է”:

Henaran.am-ի ճշտող հարցին, այսինքն, ՀԱԿ-ը պատրաստ է եղել գործնական քայլերի, անհրաժեշտ մասսան չի՞ բավարարել, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց.”Այո, նաեւ”:

Մարիաննա Ղահրամանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ