24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները: Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական ներկայացուցչական 4-րդ ժողովի առիթով

Վեհափա՛ռ Տեր,
Սրբազա՛ն հայրեր,
Սիրելի՛ ժողովականներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ: Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, և ընդհանրապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. ավելին` մեզ համար այն ունի նաև մշակութային, ազգապահպան և քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձևավորված իրողություն է:

Ուստի, դուք այսուհետ ևս և ավելի մեծ չափով կարող եք ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը: Դուք ասելով` ես նկատի ունեմ և՛ Հայ Առաքելական Եկեղեցին` իր բոլոր թեմերով, և՛ նրա սպասավորներին, և՛ այն աշխարհականներին, ովքեր այսօր մեր Եկեղեցու կողքին են` հոգով, սրտով, կազմակերպչական ջանքով, դրամական աջակցությամբ կամ բարի խոսքով:

Սիրելի՛ ժողովականներ,

Ես տեղյակ եմ, իհարկե, ժողովի օրակարգին: Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության, որի մարմնավորողները հիմա դուք եք:

Այսօր մեր ժողովրդի մի հատվածը` սիրիահայությունը, տագնապալի օրեր է ապրում: Սա պատմական փորձություն է, որին պետք է դիմակայել միասնաբար: Այստեղ անելիք ունեն բոլորը` և՛ Եկեղեցին, և՛ պետությունը, և՛ իհարկե Սփյուռքի մեր համայնքները: Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում` պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում:

Սիրելի՛ ժողովականներ,

Այսօր կարևոր փոփոխությունների փուլ է մտել նաև մեր երկիրը: Ձերբազատվելով կործանարար տնտեսական ճգնաժամի հետևանքներից` մենք ձեռնամուխ ենք եղել մեր երկրի զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին: Այսօր մենք արդեն համեմատաբար ազատ ենք լայն թափով առաջ շարժվելու փոփոխությունների ճանապարհով: Մենք գիտենք բոլոր խնդիրների ակունքները և կարող ենք լուրջ արդյունքներ ունենալ դրանք հաղթահարելու գործում: Մենք վճռական ենք կարգ ու կանոն հաստատելու պետական ողջ համակարգի գործունեության բոլոր ոլորտներում: Ու անպայման հաստատելու ենք: Կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, տմարդի արարքներն առանց բացառությունների պատժվելու են, պատժվելու են հրապարակավ, որպեսզի դաս լինեն և մեկընդմիշտ մերժվեն մեզանում: Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում և զարգացած երկրներից: Մի բան, որով կարելի է հպարտանալ, և որը պետք է ամեն գնով պահպանել: Այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում: Մենք շարժվում ենք հստակ ծրագրով, որը որևէ հետադարձ չի ենթադրում այլևս: Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները և վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատակամորեն առաջ շարժվել և կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու:

Մենք պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորենք ապահով երկիր, ապահով հայրենիք և ապահով ընտանիք:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ