25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի միջեւ որեւէ հակասություն չկա եւ չի կարող լինել, որովհետեւ նրանք նույն գործն են անում: Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակասությունների մասին ժամանակ առ ժամանակ շրջանառվող խոսակցություններին, ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի մտերիմ մարդկանցից է:

Հիշեցնենք, որ այդ հակասությունների մասին մամուլը կրկին հիշեց, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի `ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկման շրջանակներում Սյունիք կատարած այցելությանը հաջորդեց Հովիկ Աբրահամյանի այցելությունը Սյունիք: Իսկ ավելի վաղ լրատվամիջոցները քննարկում էին, թե ինչու նույն նպատակով վարչապետի`Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Հովիկ Աբրահամյանը նրան չի ուղեկցել:

“Ես շատ ողջունում եմ, որ ՀՀԿ-ն լինելով դոմինանտ, ազգաբնակչությունը շատ կարեւորում է, թե վարչապետն ուր է գնում, Հովիկ Աբրահամյանն` ուր: Նրանց միջեւ հակասություն չկա եւ չի էլ կարող լինել, որովհետեւ միասնական, մեկ գործին ուղղված աշխատանք են կատարում”,-Henaran.am-ին ասել է Վարդան Այվազյանը:

Մեզ հետ զրույցում Վարդան Այվազյանն ասել է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը,  կուսակից ընկերը լինելուց բացի նաեւ իր շատ լավ ընկերն է, որի հետ Վարդան Այվազյանը աշխատել է երկար տարիներ եւ ծանոթ է 1991 թվականից:

“Երբ ինքը առաջին անգամ քաղաքապետ է դարձել, երկու-երեք ամիս հետո էլ ես եմ դարձել, երբ ինքը պատգամավոր է դարձել, միասին պատգամավոր ենք եղել, հետո գնացել է մարզպետ, միասին նախարար ենք աշխատել, այսինքն, այնպես չէ, որ ընկերներին կարելի է կտրել եւ ընկերներին կարելի է կորցնել”,-հիշել է Վարդան Այվազյանը ու հավելել.” Հովիկ Աբրահամյանը իմ լավ ընկերն է, անկախ որեւէ բանից, իսկ պարոն վարչապետը մեր քաղաքական կուսակցության գործադիր մարմնի անդամ է, որին ես շատ հարգում եւ ընդունում եմ”:

Ինչ վերաբերվում է վարչապետի ու ՀՀԿ շտաբի պետի հիշյալ մարզային այցելություններին, Վարդան Այվազյանը նշել է.”Շատ հազվադեպ կարող է լինել, որ շտաբի պետն ու վարչապետը, որն աշխատանքային ժամից հետո կուսակցության նախընտական ծրագրի ներկայացման աշխատանքներն է կատարում, միասին գնան: Ես գնացել եմ Կոտայքի մարզ վարչապետի հետ, Հովիկ Աբրահամյանի հետ էլ կգնամ, եթե ինքը ասի: Սա կուսակցական աշխատանք է, հակասության խնդիր բացարձակապես չի կարող լինել”:

Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը եղել է Չարենցավանի քաղաքապետ, իսկ Հովիկ Աբրահամյանը`Արտաշատի քաղաքապետ, այնուհետ Արարատի մարզպետ: Գործադիրում ԱԺ նախկին նախագահն զբաղեցրել է տարածքային կառավարման, իսկ Վարդան Այվազյանը` բնապահպանության նախարարի պաշտոնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ