23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

“Դրախտային Հայաստանը շողուլից ընկավ, քանի որ Աստված մեզ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՀՀՇ” …

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միանշանակ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա նշեց, որ մարտի սկզբին Հայաստանի Կոմկուսը մասնակցել է ՌԴ-ում Ռուսաստանի Կոմկուսի նախընտրական միջոցառումներին, հանդիպել ՌԴ կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ, եւ ոգեւորվելով նախագահական ընտրություններում վերջինիս  հաջողություններով /երկրորդ տեղ` Վլադիմիր Պուտինից հետո/, հայ կոմունիստները որոշել են անպայման մասնակցել առաջիկա  խորհրդարանական ընտրություններին:

Նրա խոսքով` մարտի 10-ին  կհստակեցվի ընտրություններին մասնակցության կարգը, քանի որ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը ցանկություն է հայտնել աջակցելու Հայաստանի Կոմկուսին, եւ նրանցից մի քանիսը կգնան ընտրությունների Հայաստանի Կոմկուսի ցուցակով:

Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով առաջադրմանը, Ռուբեն Թովմասյանն ասաց, որ դա ծանր հարց է, քանի որ Հայաստանի Կոմկուսն ունի ընտրագրավ հավաքելու խնդիր:

‘Ռուսաստանի Կոմկուսը երբեւէ մեզ չի օգնել ֆինանսապես, 8 միլիոն դրամի խնդիրը դեռ լուծված չէ, սակայն միեւնույն է` գտնելու ենք այդ գումարը, եւ մասնակցելու ենք ընտրություններին’,- ասաց Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ իր կարծիքով, Կոմկուսը հավաքելու է 13 տոկոս ձայն` գրավելով 6-րդ տեղը:

Նա նշեց, որ եթե իրապես անկախ սոցիոլոգիական ընկերությունները փորձեն պարզել ժողովրդի կարծիքը, ապա կտեսնեն, թե կոմկուսի գաղափարախոսությունը որքան համակիրներ ունի:

Ռուբեն Թովմասյանը ներկայացրեց Կոմկուսի նախընտրական լոզունգը` ‘Կառուցեցին կոմունիստները հայ ժողովրդի հետ միասին, քանդեցին ժողովրդավարները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին’, եւ ‘եթե ուզում եք հրաշքներ տեսնեք, գնացեք Սովետական Հայաստան’:

’90թ-ից հետո դրախտային Հայաստանը շողուլից ընկավ, քանի որ Աստված մեզ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՀՀՇ, որոնք խժռեցին ու թալանեցին երկիրը, իսկ հիմա փորձում են անմեղսունակ երեւալ, բայց ասում եմ, որ 90 թ-ից հետո տեղի է ունեցել տնտեսական խոշոր հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի’,- նշեց Հայաստանի Կոմկուսի առաջնորդը:

Նրա խոսքով` 70 տարի շարունակ կոմունիստները կառուցել են, բանվորին անվճար բնակարան տվել, ուսանողին` անվճար կրթություն եւ աշխատանք, իսկ հիմա ‘Թամանյանին են պեղում, Թամանյանին են շեղում, եւ Երեւանի կենտրոնը դարձրել են ճոխ բնակարանների տայգա, ուր ոչ ոք չի բնակվում’:

Վերջում Ռուբեն Թովմասյանը նշեց, որ Հայաստանի Կոմկուսն ունի 20 հազար անդամ եւ “ոչ քիչ թվով”  երիտասարդներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ